ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում էր` լուրեր են լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում. Արմեն Արմենակյանի այրին վերհիշում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագորությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ պատգամավոր Արմեն Արմենակյանի այրու՝ Արմենուհի Արմենակյանի հետ:

-Տիկի՛ն Արմենակյան, ամեն տարի հոկտեմբերի 27-ի օրերին ի՞նչ եք հիշում, ի՞նչ ապրումներ եք ունենում:

-Անցել է 18 տարի, եւ իզուր են ասում, որ տարիներ հետո վերքերը սպիանում են, ընդհակառակը, կարող եմ ասել, որ մինչ այսօր կատարվածը մեր ուղեղում է, թե ինչ կատարվեց այս ահաբեկչությունը, ու զոհ դարձան մեր ազգային գործիչները: Արմեն Արմենակյանի մահը մինչ օրս մեզ համար առեղծված է, եւ մենք չիմացաք, թե կոնկրետ ով եւ ինչի համար նրան կրակեց:

-Ինչպիսի՞ մարդ էր պարոն Արմենակյանը տանը որպես ամուսին, պապիկ, հայր:

-Մեր Արմենը, այսպես բոլորը նրան գիտեին ու կապ չուներ՝ կլիներ իր կինը, ընկերը, եղբայրը, միշտ օբյեկտիվ էր իրավիճակին մոտենում: Մորը սրբություն էր համարում: Ընտանիքում խիստ էր, երբ տուն էր մտնում, բոլորս զգաստանում էինք, առաջին բառը ու նախադասությունը, որ ասում էր, ուր են տղաներս: Ընկերասեր էր շատ ու միշտ տուն էր գալիս իր ընկերների հետ, պարտադիր պետք է իր մայրիկի պատրաստած ուտեստները հյուրասիրեր:

-Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են: Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին: Արմենակ Արմենակյանը նման կանխազգացում ունեցե՞լ է իր հետ կապված:

-Մայրը նրան ասում էր, թե Արմեն, դու զենք ունես, ինչու որպես պատգամավոր չես կրում, ասում էր՝ ես երբեք թշնամիներ չունեմ, զենքն ինչիս է պետք:
Հոկտեմբեր վերջին նա մշտապես ասում էր, որ խառը օրեր են, անցնեն, անպայման կպատրաստվի իր եղբոր որդու տղայի հարսանիքով: Երբ ասում էինք, թե ինչ խառը օրեր ասում են, թե լուրեր են լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ: Ինքը ասում էր՝ ինձ մահ չի սպառնում, եթե թուրքի գնդակը կպավ, բան չեղավ, ես մինչեւ կյանքիս վերջը կծառայեմ հայրենիքիս: Ինքը այդ օրը չպետք է գնար Ազգային ժողով, քանի որ այլ գործեր ուներ, բայց զանգահարում, կանչում են, եւ ստիպված գնում է: Այդ օրը կարեւոր հարց ու պատասխանի օր էր, ու վարչապետը պետք է գնար: Երբ իր ծանոթները, ընկերները երկրի վիճակից հարց էին տալիս, ասում էր՝ լավ է լինելու ամեն բան: Բոլորն էլ ասում են, որ նա պահի զոհ դարձավ, ինձ թվում, որ նրան ասել են՝ չոքի, նա չի չոքել, քանի որ մշտապես ասում էր՝ ես թուրքի դեմ չեմ չոքել, ուստի միգուցե դա էլ եղավ նրան կրակելու պատճառը:

-Տիկի՛ն Արմենակյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչեւ վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը:

-Իրականում լիովին հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, եթե բացահայտվեց, ինչո՞ւ մարդասպանները չստացան իրեն արժանի պատիժը: Չբացահայտվեց միգուցե, որ շատերին՝ կառավարությունից կամ իշխանությունից, ձեռ չէր տալիս:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս