Ֆիմարտադրության զարգացման տեմպերը Հայաստանում խայտառակ վիճակում են. Տաթև Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Անավարտ թռիչք» ֆիլմից հայտնի դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքի, նոր դերերի, նախընտրությունների, սերիալներում նկարահանվելուց հրաժարվելու եւ այլ թեմաների շուրջ։

-Տաթե՛ւ, կա՞ նոր ֆիլմ, որտեղ նկարահանվել եք, առաջիկայում Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք։

-Ո՛չ, իմ մասնակցությամբ նոր լիամետրաժ ֆիլմ դեռ չեք տեսնի։ Առհասարակ, Հայաստանում շատ քիչ ֆիլմեր են նկարահանվում։ Հիմնականում արտադրվում են սերիալներ, որոնցում, սակայն, առաջվա պես մասնակցություն ունենալ չեմ ուզում։

-Այսինքն՝ շարունակում եք մերժե՞լ սերիալներում ներկայանալու հրավերները։ Պատճառն ի՞նչն է՝ սցենարնե՞րն են անհետաքրքիր։

-Երեւի թե։ Ես չեմ ուզում խորանալ պատճառների մեջ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ունի ընտրության իր իրավունքը։ Իմ ընտրությունն էլ դա է։

-Ձեր խոսքից հասկացա, որ Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտի զարգացման տեմպերը Ձեզ այնքան էլ չեն բավարարում, այո՞։

-Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման տեմպերը խայտառակ վիճակում են ներկա պահին, շատ վատ վիճակում են։ Բայց դրա մասին ես չէ, որ պետք է խոսեմ, կան առավել գիտակ մարդիկ, ոլորտի մասնագետներ, որոնց, սակայն, դեռեւս չեն ուզում լսել։

-Իսկ այս պարագայում, երբ պոտենցիալ ունեցող դերասանը ֆիլմերում հանդես գալու սուղ հնարավորություններ ունի, սերիալներում էլ նկարահանվել չի ուզում, ի՞նչ պետք է անի։

-Մնում է թատրոնը։ Բայց նկատենք, որ շատ տաղանդավոր դերասաններ նկարահանվում են սերիալներում, հաճախ նաեւ՝ ինձնից էլ տաղանդավոր։

-Ձեր մասնակցությամբ «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացումը, որը խաղացիք փորձասենյակում, մեծ տարածում գտավ հանրության շրջանում։ Նոր ներկայացման մասին մտածո՞ւմ եք։

-Այո՛, կան նոր ծրագրեր, արդեն ուրիշ ստեղծագործություն ներկայացնելու ժամանակն է։

-Կրկին Տիկնիկային թատրոնո՞ւմ։

-Ես Տիկնիկային թատրոնում աշխատում եմ, բայց հիմնական դերասան չեմ։ Ունեմ առաջարկ նաեւ այլ թատրոնից, բայց մանրամասներ դեռ չեմ հայտնի։ Հիմա պիեսը քննարկելու փուլում ենք։

-Թատրոնը, այնուամենայնիվ, Ձեր կյանքում առանձնակի տեղ է զբաղեցնում…

-Թատրոնը շատ է տարբերվում կինոյից, այն, այսպես ասած, փակ արվեստ է։ Ես երբեք չեմ մտածել, որ, օրինակ, «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացման համար կարժանանամ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին՝ «Արտավազդի» շրջանակում։ Ինձ համար դա անակնկալ էր։ Թատրոնում ես մտածում եմ միայն բարձր արվեստ ստեղծելու մասին։ Կինոյի պարագան ուրիշ է. շատերը կինո նկարելիս մտածում են բիզնես անելու, եւ շատ ավելի հազվադեպ՝ արվեստի մասին։

-Տաթե՛ւ, «Անավարտ թռիչք» ֆիլմում նկարահանվելուց հետո բավական մեծ ճանաչում ձեռք բերեցիք։ Դրանից հետո դժվար չէ՞ այդ նշաձողը պահելը։

-Ես այդ մասին չեմ մտածում։ Այդ ֆիլմից հետո թե՛ թատրոնում, թե՛ կինոյում արածս աշխատանքները արվեստի տեսանկյունից ինձ համար շատ ավելի կարեւոր են։ Ես նկարահանվել եմ, օրինակ, ռեժիսոր Դիանա Կարդումյանի կարճամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան դեռ չի կայացել, այն կներակայցվի փառատոնի։ Ֆիլմի անունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Թռիչք»։

-Սկզբում «Անավարտ թռիչք», հիմա էլ՝ «Թռիչք». թռիչքները Ձեր կյանքից անպակաս են…

-Չգիտեմ, երեւի (ծիծաղում է)։ Այդպես լինում է, ամեն դերասանի մի բան հետապնդում է։

-Իսկ ի՞նչ կերպար եք մարմնավորել այդ ֆիլմում։

-Մարմնավորել եմ իմ հերոսուհիներից չափազանց տարբերվող մի կերպարի՝ պոռնիկի։ Դա, իհարկե, անակնկալ առաջարկ էր։ Բայց Դիանան բավական տաղանդավոր ռեժիսոր է, ես լիովին վստահում եմ նրան։ Անդրադառնալով հայտնիության խնդրին՝ ասեմ, որ դա բավական հարաբերական է։ Իրական կյանքում ես նախընտրում եմ աննկատ մնալ, հաճախ դա ինձ մոտ ստացվում է։ Ես չեմ ձգտում, որ ինձ ճանաչեն։ Ինձ համար կարեւորն այն է, որ մարդիկ հետեւեն իմ արվեստի, մնացյալն անցողիկ է։

Աննա Բաբաջանյան




Լրահոս