Իմպրովիզներ և էնտուզիազմ՝ Գարի Քյոսայանի համերգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր, ջազ-դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական հաերգը, որը կայացավ հոկտեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, անցավ բավականաջերմ եւ մտերմիկ մթնոլորտում։ Նշենք, որ այս տարի երաժիշտը նշում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը եւ իրականացնում էր «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» հետ հայաստանյան տասներորդ համերգը: Ներկաներին ոգեւորեց հատկապես այն հանգամանքը, որ համերգին հնչեցին նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ մի գործ, որը գրվել էր ջազի օրվա կապակցությամբ։ Համերգին ելույթ ունեցան երգչուհիներ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, ֆլեյտահար Մերի Մանուկյանը:

Ներկաներին գրավեց նաեւ այն հանգամանքը, որ Քյոսայանն ու մյուս ելույթ ունեցողները հաճախ դիմում էին իմպրովիզների. թե ինչպես կմատուցեին արդեն ծանոթ երաժշտությունը, հաճախ հնարավոր չէր կանխատեսել։ Այն էնտուզիազմն ու բարձր տրամադրությունը, որ ակնկալում էր Քյոսայանը, միանշանակ տեսանելի էր։
Դերասան Արման Նավասարդյանը, որը ծանոթ է Քյոսայանի գրեթե բոլոր ստեղծագործություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տպավորված էր կոմպոզիտորի՝ հատկապես նախավերջին կատարմամբ, որը կոչվում էր «Մայրություն»: «Դա ինձ համար իսկապես նորություն էր, կատարում՝ զուտ դաշնամուրով, առանց կողմնակի նվագակցության։ Առհասարակ, համերգից մեծ բավականություն եւ հաճույք ստացա։ Ինձ դուր եկավ դահլիճում տիրող մթնոլորտը, գույները, ամեն բան»,-ասաց նա։

Դերասանը հավելեց, որ Քյոսայանի երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել այն ժամանակվանից, երբ տարիներ առաջ «Մետրո» թատրոնում բեմադրվեց «Տոհմածառ» ներկայացումը, որտեղ օգտագործվել էր հենց Քյոսայանի երաժշտությունը. «Հետո արդեն անձամբ ճանաչեցի նրան, երբ կոմպոզիտորը դարձավ Համազգայինի փեսան (Նա դերասանուհի Ալլա Սահակյանի ամուսինն է-հեղ.)»։
Նշենք, որ Գարի Քյոսայանի՝ հարյուրից ավելի գործեր հնչել են աշխարհի տարբեր բեմերում եւ՛ հայ, եւ՛ օտարազգի կատարողների կողմից: «Ինձ համար հատկապես թանկ են «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման համար գրված ստեղծագործությունը եւ ֆիլմերի համար գրված գործերս»,- ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր կոմպոզիտորը։

Անի Անտոնյան




Լրահոս