Մեղրիի մաքսակետով փորձել են 105 կգ հերոին ներկրել Հայաստան

Մեղրիի մաքսակետով փորձել են 105 կգ հերոին ներկրել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում, ուղեկցվել է Երևան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում:

Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով: