ՊԱՅՔԱՐ ԱՂՔԱՏՆԵՐԻ, ՈՉ ԹԵ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր: Օրվա խորհրդին հետեւում են նաեւ Հայաստանի իշխանությունները՝ իբր հետեւողական ու կատաղի պայքար մղելով աղքատության դեմ: Բայց արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ., աղքատությունը 27.6 տոկոս էր, ապա հիմա 30 տոկոս է կազմում: Իշխանություններն, իհարկե, կփորձեն առարկել, թե 2012թ Հայաստանում աղքատության մակարդակը 32.4 տոկոս էր, երեք տարի անց նվազել է մի ամբողջ 2.6 տոկսով: Դեռ ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է 2017-2022 թվականներին աղքատության մակարդակը 12 տոկոսային կետով նվազեցնել եւ հասցնել 17.8 տոկոսի, իսկ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմելու է 7-8 տոկոս: Բայց իշխանությունների կողմից նման խոստումներ միշտ են հնչել, միաժամանակ ներկայացվել են կոնկրետ ցուցանիշներ, որոնք նրանք այդպես էլ չեն ապահովել:
Ու այսօր պետք է փաստենք՝ երկրում ամեն երրորդ բնակիչն աղքատ է: Վերջին երկու տարում չեն բարձրացել թոշակները, նպաստները, աշխատավարձերը, փոխարենը շարունակական գնաճ է արձանագրվել: Այդ գումարները չեն բարձրանա նաեւ հաջորդ տարի, դեռ ավելին՝ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը: Այնպես որ, իշխանություններն իրոք կատաղի պայքար են մղում աղքատության, ավելի ճիշտ՝ աղքատների դեմ:

 

 

 

Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առանց հստակ ժամկետների սահմանման նշված է, թե անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով: Սակայն երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ»: Դիտարկմանը, թե կառավարությունը չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքել է. «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը եւ կառավարության դիրքորոշումը»: Այս ամենը, սակայն, հետաքրքրական է մեկ այլ իրողության համատեքստում. դեռ 2008թ. Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, թե Հայաստանն առաջիկա ամիսներին սկսելու է նոր ատոմակայան կառուցել: Անցել է ինը եւ կես տարի, բայց ատոմակայանն այդպես էլ չկա, եւ կառավարության անդամները խոստովանում են, որ միգուցե այն ընդհանրապես չկառուցվի:

 

 

 

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է՝ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին իշխանություններն այս գործարանի հետ կապված մեծ-մեծ ծրագրեր էին խոստանում: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց Այրումի պահածոների գործարանի խյուսի հոսքագիծը, եւ այն ժամանակ «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը պնդում էր՝ գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի եւ կվերամշակի: Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն: Եվ 2012 թվականից սկսած այրումցիներն իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ գործարանն աշխատեցնելու եւ այդկերպ իրենց զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ: ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում եւ չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, եւ դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում:

 

 

 

 

ՀԵՐՔԵԼՈՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի բնակչությունը 2040 թվականին 4 միլիոնի հասցնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումն ընդունվեց քամահրանքով. շատ-շատերը չհավատացին, իսկ մասնագետներն էլ իրենց վերլուծություններում էին պնդում, որ Ս. Սարգսյանին չի հաջողվի իրագործել նաեւ այս խոստումը, գոնե Հայաստանի ներկայիս պայմաններում: Դեռ ավելին՝ այդ հայտարարություններին հաջորդած ամիսների ժողովրդագրական տվյալներն էլ իրենց հերթին են փաստում՝ բացասական ընթացքը ոչ միայն կանգ չի առել, այլեւ գնալով միայն խորանում է. արտագաղթը շարունակվում է, ծնելիության ցուցանիշները գնալով նվազում են եւ այսպես շարունակ:
Որ Հայաստանի բնակչությունն առաջիկա 23 տարում չի հասնի 4 մլն-ի, հիմնավորում են նաեւ միջազգային կառույցները: Մասնավորապես ՄԱԿ-ը հրապարակել է «Անջատ աշխարհ. վերարտադրողական առողջությունը եւ իրավունքները անհավասարության դարում» զեկույցը: Երեկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ներկայացնելով այդ զեկույցը, ասել է, թե ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2035 թվականին վատթարագույն դեպքում կլինի 2.5-2.6 միլիոն, լավագույն դեպքում՝ 3.2 միլիոն: «Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Բայց իսկապես սա շատ ամբիցիոզ հայտարարություն է… Դրա համար մենք հենց երեկվանից պետք է սկսեինք լուրջ ներդրումներ անել այդ ուղղությամբ: Փառք Աստծու, մենք արդեն ունենք ուսումնասիրված լավագույն փորձը աշխարհում. որտեղ է աշխատել, որ, օրինակ, ծնելիությունը բարձրացել է վերջին 20-25 տարիներում, դա ավելի շատ Սկանդինավյան երկրներն են»,- կարծիք է հայտնել ՄԱԿ ներկայացուցիչը:
Նկատենք, որ միջազգային կառույցներն ունեն կանխատեսումների իրենց մեթոդաբանությունը՝ վերլուծությունների հիմքում դնելով կոնկրետ փաստեր: Եւ այդ վերլուծությունները ցույց են տալիս, որ հեռավոր ապագայում Հայաստանի բնակչությունը չի հասնի 4 միլիոնի:
Լավ կլիներ, եթե իշխանություններն էլ իրենց հերթին մանրամասնեին, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա են պնդում բնակչության թվի ավելացման մասին. ի վերջո, միայն սփյուռքահայերին խնդրել, որ վերադառնան հայրենիք, բնակվեն այստեղ, դեռ երաշխիք չէ: Երաշխիք չեն նաեւ պոպուլիստական հայտարարությունները ծնելիության բարձրացման, արտագաղթի կրճատման եւ կյանքի տեւողության երկարաձգման մտադրությունների մասին: Հայաստանում պետք են ռեալ բարեփոխումներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում:

 




Լրահոս