ՊՆ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու է «Կոնվերսբանկի» գործով ձերբակալված Աշոտ Մանուկյանը պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշ գողացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ոստիկանության հայտնած այս տեղեկությունը ուշագրավ նախապատմություն ունի:

Ինչպես հայտնի է՝ «Կոնվերսբանկից» 200 հազար դոլարի կողոպուտի գործով ՀՀ ոստիկանությունը խուզարկել էր Երեւանի բնակիչ, 1979թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները, եւ հայտնաբերվել էր կանեփանման զանգված, ԱԿ տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշներ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Կոնվերսբանկի» կողոպուտի գործով ձերբկալված Աշոտ Մանուկյանը դեռես 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Դավիթաշեն վարչական շրջանից պաշտպանության նախարարության զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշ էր գողացել:
ՊՆ սպան պետհամարանիշի անհետացման մասին տեղյակ է պահել վերադասներին, որից հետո անհետացած պետհամարանիշի մասով սկսվել է քննություն ինչպես ռազմական ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանության համապատասխան վարչական շրջանի ստորաբաժանմունքում:
Նշենք, որ սովորաբար ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը նմանօրինակ դեպքերում քննություն է իրականացնում՝ պարզելու պետհամարանիշի անհետացման հետեւում կրիմինալ կա՞, եւ, առհասարակ, ի՞նչ կապ կարող է ունենալ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձը նախարարությանը պատկանող պետհամարանիշի անհետացման հետ: Եթե կապ ունի սպայի հետ, ուրեմն նրան այլեւս համար չեն տրամադրում՝ մինչեւ գործի հանգամանքների լրիվ բացահայտումը, իսկ եթե ստուգում են ու պարզում, որ սպան իր պետհամարանիշների անհետացման հետ կապ չունի, նրան այլ համարարանիշ են տրամադրում՝ մինչեւ հափշտակվածը հայտնաբերելը:
Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, հարցը այսպես էլ լուծվել է: Քանի որ ՊՆ սպային այլ պետհամարանիշ են տվել, նշանակում է՝ անհետացած համարը չեն հայտնաբերել: Այն գտնվել է հոկտեբերի 9-ին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործի քննության ընթացքում մի խումբ անձանց ձերբակալելու ժամանակ. հենց Աշոտ Մանուկյանի բնակարանում էլ հայտնաբերվել է մեկ ամիս առաջ անհետացած ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը:
Իսկ հիմա անդրադառնանք ամենագլխավոր հարցին. ինչո՞ւ է Աշոտ Մանուկյանը պետհամարանիշը գողացել:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուները, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեցին՝ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները բացահայտում են ՊՆ պետհամարանիշների գողության դեպքեր: Բանն այն է, որ ենթադրյալ հանցագործները պաշտպանության նախարարությանը պատկանող պետհամարանիշները գողանալով՝ լուրջ հաշվարկներ են անում. ՀՀ ոստիկանությունը լիազորություն չունի կանգնեցնելու եւ ստուգելու ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները: Դա կարող է անել միայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը կամ վարչության ներկայացուցչի ներկայությամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցը: Այսինքն՝ ինչ-որ բան տեղափոխելը ՊՆ համարանիշներով շատ ավելի հեշտ է: Դրա համար գողերն ու ավազակները նախընտրում են նախ ՊՆ պետհամարանիշ գողանալ, ապա նոր գործի անցնել: Իրավապահներից ապահովագրվելու համար ահա թե ինչ հաշվարկներ են իրականացվում:
Թե ինչեր են արվել կոնկրետ ՊՆ 01 28 Մ պետհամարանիշով ավտոմեքենայով, դեռ վաղ է ասել, քննությունը կպարզի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են հափշտակել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում եւ 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը: Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տեւական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր: Մարդիկ էլ վստահելով նրան՝ գումարներ են տվել, որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր Գոհար Մելքոնյանը իրենց անվան դիմաց գրի հնարավորություն՝ թոշակ ստանալու: Բայց քաղաքացիների հույսերը չեն արդարացել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գոհար Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, նույն մարզի բնակիչներից հափշտակել է 1 միլիոն 169 հազար դրամ գումար: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խաբեություն, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Գոհար Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Դատավորների կողմից շարունակվում են դիմումներ ներկայացվել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին: Այս անգամ դիմում է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը, որպեսզի իրեն հանեն գործերի բաշխման ցանկից: Արդյունքում, դատարանների նախագահների խորհուրդը որոշել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի անուն, ազգանունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 11-ը ներառյալ հանել գործերի բաշխման ցանկից:

 

 

ԴՈՒՅԼՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Երեւանի պետական համալսարանի` Աբովյան փողոցում գտնվող տնտեսագիտության ֆակուլտետի շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել ուսանողների միջեւ: Միջադեպը փորձել է հանդարտեցնել դեպքին ականատես Երեւանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետ Սամվել Բադոյանը: Վեճը դադարեցնելու փորձի ընթացքում վարչության պետին կողմերից մեկը հարվածել է դույլով, ինչի հետեւանքով նա վնասվածք է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է
«ՌԻԱ Նովոստ»-ի փոխանցմամբ` ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման անցկացումը եւ կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով եւ լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ:

 

 

ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ` ՌԴ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը, խոսելով հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ տարեկան նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամների հակահայկական վարքագծի մասին, նշել է, որ Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման ՌԴ թիկունքում: Ըստ նրա` այս անգամ ադրբեջանական պատվիրակները փորձել են դա անել` ներքաշելով ՌԴ-ին եւ օգտագործելով ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ: ՌԴ-ի հետ կապված զեկույցի համատեքստում Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, թե ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկային միջոցների հաշվին զենք է տրամադրում: Է. Մարուքյանի խոսքով` Ադրբեջանը ինքն է տարբեր երկրներից հարձակողական զենքեր ձեռք բերում, եւ ծիծաղելի ու ոչ ազնիվ է վեհաժողովին ՌԴ պատվիրակության բացակայության պայմաններում նման մտքեր հայտնելը, իսկ հետո գնալ նրանց հետ «եղբայրական» համաձայնագրեր կնքելը: Ըստ պատգամավորի՝ եվրոպացիները հոգնել են նման «բախումներից»:

 

 

ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ
Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներից հետո, հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն: Նրա խոսքով՝ չնայած ԵՏՄ-ին անդամակցությանը, Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել. «Ի տարբերություն նախորդի՝ սա առեւտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն եւ բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով, կրկին մնում են մեր եւ Եվրամիության օրակարգում»,-ասել է փոխվարչապետը: Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ի անդամակցությունը Երեւանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն այն չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը. «Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում մենք կարող ենք հարաբերվել բոլոր մեր առեւտրային եւ քաղաքական գործընկերների հետ»,-ընդգծել է Գաբրիելյանը:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Երեկ դատական նիստին պետք է շարունակվեր տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը, սակայն վերջինս չէր ներկայացել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ տուժողի իրավահաջորդ Փ. Մեյթիխանյանը հայտնել է, որ իր ամուսնու մայրը՝ Էմմա Աբրահամյանը, վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Մեյթիխանյանը հայտնել է, որ դատարան գալու ճանապարհին Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ տուժողը չի կարող ներկայանալ դատական նիստին: Նիստին չի ներկայացել տուժողի իրավահաջորդ Փ. Մեյթիխանյանը: Ուստի դատական նիստը հետաձգվել է:

 




Լրահոս