ԱՍՔ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, թե իր գործունեության մեկ տարին եղել է խիստ արդյունավետ եւ որ իրենց աշխատանքի արդյունքում տնտեսությունն աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել: Միայն թե, այդ բոլոր ցուցանիշներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը պարզապես փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել, արդյունքում՝ հայտնվելով զավեշտալի վիճակում:

Այդպիսին էր օրինակ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի երեկվա ասուլիսը: Ամփոփելով կառավարության գործունեության մեկամյակը՝ Կարայանը հայտարարել է. «Կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ամբողջովին արդարացված է, եւ այն տեսլականը, որ ունեինք ու ինչի մասին ձեզ հայտնեցինք մեկ տարի առաջ, այդ տեսլականն իրականացվել է եւ արդարացված է»: Այնուհետեւ նախարարը մեջբերել է զանազան ցուցանիշներ` հիմնավորելու համար իրենց գրանցած առաջընթացը. առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 5.9 տոկոս, այս տարվա առաջին 8 ամիսներին արձանագրված արդյունքներով ապրանքների արտահանումն աճել է 21 տոկոսով, 2017թ. ընթացքում 250 մլն դոլարի ներդրում է արվել, 3200 նոր աշխատատեղեր են ստեղծվել: Եւ վերջապես ամենաուշագրավը. Սուրեն Կարայանը հայտարարել է, թե կառավարության գրանցած տնտեսական զարգացման տեմպերը հուշում են, որ Հայաստանում շուտով ներգաղթ է սկսվելու. «Տնտեսության ակտիվացումը՝ հատկապես մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, առեւտրի ոլորտի ակտիվացումը նպաստելու է, որ բնակչության կենսամակարդակը միանշանակ աճի: Համախառն ներքին արդյունքը, աճելով, իսկ աճի տեմպերը տեսնում եք, որ տպավորիչ են, նպաստելու է, որ մեր ազգաբնակչությունն աճի եւ ավելի շատ մեր ազգաբնակչությունից կվերադառնան դեպի Հայաստան, քան թե արտագաղթ կլինի: Տնտեսական զարգացման տենդենցները խոսում են այդ, եւ ոչ թե հակառակի մասին»:
Համաձայնվեք, նախարարը հումորի լավ զգացողություն ունի, եւ այս տեմպերով շարունակելու դեպքում կարող է արդեն ձեռնոց նետել հայտնի հումորիստներին: Չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ էլ նա պնդում էր, թե քաղաքացիներն արդեն սկսել են իրենց մաշկի վրա զգալ տնտեսական աճի հետեւանքները, իսկ հիմա էլ համզում է, թե տնտեսական աճի տեմպերը հանգեցնելու են ներգաղթի: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Կարայանի հայտարարությունները՝ տնտեսական զարգացման ու դրա հետեւանքով ներգաղթի մասին:
Ու ոչինչ, որ այս ամենին զուգահեռ Հայաստանից նույն տեմպերով շարունակվում է արտագաղթը: Ընդ որում, արտագաղթի հիմնական պատճառը վաղուց արդեն ոչ այնքան սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, որքան վաղվա օրվա հանդեպ հույսի բացակայությունը, ղարաբաղյան հակամարտությունը, երբ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը, երկրի ներսում արդարադատության բացակայությունը, կոռուպցիան եւ այսպես շարունակ:
Բայց վերադառնանք Սուրեն Կարայանի հրապարակած ցուցանիշներին. նա կարողացել է շատ գեղեցիկ խաղարկել թվերը՝ ցուցանիշները ներկայացնելով ոչ թե բացարձակ թվերով, այլ՝ տոկոսային հարաբերակցությամբ: Ու քանի որ նախորդ տարի տնտեսությունը խայտառակ վիճակում էր (հիշում եք՝ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջին խոստովանությունը. «Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր»), 2016թ. ցուցանիշների հետ համեմատած, այս տարվա արդյունքներն ահռելի հաջողություն են թվում. 2016թ. 0.2 տոկոս աճի համեմատ այս տարվա տնտեսական աճը պարզ է, որ 5.9 տոկոս կարող է լինել: Կամ վերցրեք, օրինակ, արտահանման ցուցանիշները. 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին արտահանվել է 1 մլրդ 136.9 մլն դոլարի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլրդ 383.1 մլն դոլարի ապրանք: Թվում է՝ մեծ աճ ունենք: Բայց արտահանման այս ցուցանիշները ներկրման ծավալների հետ համեմատած բավական ցածր են, առավել եւս, երբ իշխանություններն իրենք են հայտարարել ապրանքների արտահանման կշիռը ՀՆԱ-ում ավելացնելու մասին: Նշենք, որ 2017թ. առաջին ութ ամիսներին արտահանվել է 1 մլրդ 383.1 մլն դոլարի, ներկրվել՝ 2 մլրդ 497.4 մլն դոլարի ապրանք: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 114.2 մլն դոլար: Մինչդեռ նախորդ տարի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն ավելի փոքր էր՝ 845 մլն դոլար: Ասել է, թե իշխանությունները չնայած «մեծ-մեծ խոսելուն», այդպես էլ չեն կարող կրճատել արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը՝ արտահանման ծավալները մեծացնելով այնչափ, որ գերազանցի ներկրումներին: Էլ չենք խոսում այն մասին, որ արտահանման առյուծի բաժինը ծանր մետաղներն են, հանքարդյունաբերական արտադրանքը. եւ հենց դրա շնորհիվ է, որ դեպի ԵՄ երկրներ արտահանումը 32.6 տոկոս է աճել. հանքարդյունաբերական արտադրանքը հիմնականում արտահանվել է դեպի Բելգիա, նույնը նաեւ Չինաստանի պարագայում:
Իսկ ներդրումների մասին խոսելն ավելորդ է. երբ սեպտեմբերին կառավարությունը հրապարակեց ներդրումների վիճակագրությունը, պարզ դարձավ, որ իրենք այդ ամենը հաշվել են նոր մեթոդոլոգիայով, որպեսզի կարողանան մեծ աճ ցույց տալ: Մինչդեռ իրականում Հայաստանում այդքան օտարերկրյա ներդրում չէր արվել, դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներն իրենց կապիտալը հանել էին երկրից: Այս մասին ժամանակին շատ խոսվեց, եւ պատահական չէ, որ իշխանություններն այդպես էլ մանրամասն չեն ներկայացրել, թե ո՞ր երկրից, ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է արվել. նման հրապարակման դեպքում կպարզվեր իշխանական քարոզչության ողջ սնանկությունը:
Կարճ ասած, կառավարությունը զբաղված է ինքնախաբեությամբ՝ իրեն հույս տալով, թե լուրջ արդյունքներ է գրանցում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՈՐՏԵՐԸ
Հայաստանում եզդիները զբաղվում են ոչ միայն ոչխարների, այլեւ գորտերի առքուվաճառքով: Եւ գորտերի հիմնական սպառողները ոչ թե հայաստանյան ռեստորաններն են, այլ՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համալսարանը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Ֆ/Ա Տհար Բաշոյի Ավդալյանի հետ եւ գնել 350 հատ 100-200 գրամ քաշ ունեցող, արական եւ իգական սեռի գորտեր: Գորտերը համալսարանը ձեռք է բերել կենսաբանական փորձերի համար՝ մեկ գորտի համար վճարելով 1000 դրամ:
Այնպես որ ոչխարների գլխաքանակի պակասը եզդիները փորձում են լրացնել երկկենցաղ կենդանիներով:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի: Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձեւական լինել եւ մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այժմ Առուշանյանն ունի եւս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը: Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի եւ Սամվել Հարությունյանի միջեւ: Հիշեցնենք, որ Ս.Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր, եւ հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:

 

 

 

ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանին օրերս կրկին հարցաքննել են: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ քննիչներն ընդամենը մի քանի ճշգրտող հարցեր են ուղղել կալանավորին: Ի դեպ տեղեկացանք, որ վերջինիս խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու մասին փոխելու հարցով ՀՀ վերաքննիչ դատարան դիմում էր ներկայացվել, սակայն դիմումը մերժվել է: Ասել է, թե նա կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է մեկ ամիս, եւ դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել կրակոցների գործով հետախուզվող Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին: Փաստորեն, գործը կանգ է առել, քանի որ չկան հիմնական դերակատարները:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչին:
Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջեւ մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ եւ հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն եւ աշխատանքի կատարելագործմանը:

 

 

 

ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքում փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով, եւ քաղաքական ապաստան տրամադրելու հետ կապված լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցվում են կառավարության կողմից լիազորված մարմնին: «Բովանդակային առումով հիմնական փոփոխությունը սա է, եւ նաեւ մեկամսյա ժամկետը փոխարինել ենք եռամսյա ժամկետի այն պարագայում, երբ հայցողը դիմում է քաղաքական ապաստան ստանալու համար»,-ասել է Տերտերյանը: Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել, եւ նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նստաշրջանի օրակարգում:

 




Լրահոս