Իրան-Ադրբեջան- ՌԴ համագործակցությունը կխորացնի Հայաստանի տնտեսական մեկուսացումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում փորձում են կրիայի արագությամբ կառուցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղին (ձեռքի հետ չմոռանալով ֆինանսական միջոցներից մեծ կտորներ գրպանել), հարեւան Ադրբեջանը որոշել է իր հերթին կապող օղակ հանդիսանալ հյուսիսի ու հարավի միջեւ ու հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում:

Երեկ Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի ու Հասան Ռոհանիի եռակողմ ձեւաչափով հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես Կասպից ծովում համատեղ ծրագրերի եւ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի թեման: Սա ենթադրում է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթծգերի միացում, եւ արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների եւ Հնդկաստանի միջեւ ուղիղ տրանսպորտային կապ ապահովել:

Նախատեսված է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչեւ 10 միլիոնի: Բացի այդ՝ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրոպայի արեւելյան եւ հյուսիսային երկրների հետ։

Փաստորեն, երկաթուղային այս ծրագիրը լուրջ այլընտրանք կարող է դառնալ Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու համար: Ի վերջո, ավտոճանապարհը նախատեսում է կապող օղակ հանդիսանալ Իրանի եւ Վրաստանի միջեւ: Բայց հիմա չի բացառվում, որ որոշ ժամանակ անց այն այլեւս կորցնի արդիականությունը՝ տեղը զիջելով ավելի հարմար ծրագրի: Հայտնի փաստ է, որ երկաթուղու միջոցով բեռնափոխադրումների իրականացումն անհամեմատ ավելի էժան ու ձեռնտու է, քան ցամաքային որեւէ այլ տրանսպորտի դեպքում: Մյուս կողմից՝ օրերս շահագործման հանձնվեց Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին, որն էլ իր հերթին կարող է ներգրավվել հաղորդակցությունների այս ցանցում: Ու արդյունքում՝ էլ ավելի կխորանա Հայաստանի տնտեսական մեկուսացումը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

Իսկ արժի՞ արդյոք հիշեցնել, որ մայրուղու կառուցումը վաղուց արդեն պետք է ավարտված լիներ, հետո վերջնաժամկետ նշվեց 2019թ., բայց անգամ այդ ժամկետների մեջ ՀՀ իշխանությունները չեն տեղավորվի:




Լրահոս