Ադրբեջանը հիստերիայի մեջ է. ինչ սպառազինություն է ստացել Հայաստանը

Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան կմատակարարվի սպառազինության նոր խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակներում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այս մասին երեկ «ՌԻԱ»-ին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Մենք արդեն Երեւանում ստորագրել ենք նոր պայմանագիր: Սակայն այն պետք է անցնի բոլոր ռուսական եւ հայկական ատյանները, այնուհետեւ՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:

Այս համաձայնագրով Հայաստանը վարկն օգտագործելու է 2018-2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա փաստորեն ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող երկրորդ վարկային համաձայնագիրն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են երկու տարվա ընթացքում:

Հայաստանի ֆինանսների նախարար Վ. Արամյանը դեռ հուլիս ամսին էր տեղեկացրել, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ նոր վարկի ձեռքբերման հարցի շուրջ: Նախորդ՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թ. հունիսի 26-ին, իսկ արդեն 2016 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվեցին այն զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարարվեին Հայաստանի զինված ուժերին: Այս համաձայնագրի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն այդ ժամանակ հրապարակել էր սպառազինության այն քանակն ու տեսակները, որոնց այդ պայմանագրով պետք է մատակարարվեին: Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից պետք է ստանար «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, ТОС-1А ծանր կրականետ համակարգեր` ТЗМ-Т տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М հրթիռներ, РПГ-26 ականանետներ, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ: Իհարկե, այս ցանկում իր ուրույն տեղն ունի «Իսկաներ» համակարգը, որի ցուցադրումը եղավ ՀՀ անկախության 25-ամյակի շքերթի ժամանակ:

Հետաքրքիրն այն էր, որ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագիրը խուճապ է առաջացրել Ադրբեջանում: ՆԱՏՕ-ի վեհաժողովում էլ ադրբեջանական պատվիրակությունը բաց չի թողել այդ հանգամանքին անդրադառնալու առիթը: Անդրադառնալով սպառազինության տրամադրմանը՝ ադրբեջանական կողմը ընդգծել էր, որ այդպես նրանք զինում են օկուպանտներին:

Նաիրա Հովհաննիսյան