ՆՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում աղմկալի չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը ֆինանսական չարաշահումների համար աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին:

Խաչիկյանը հետեւանք չթողեց
Դեռեւս 2012 թվականին բացահայտվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այդ ժամանակվա պետ Վազգեն Խաչիկյանի կողմից մոտ 290 մլն դրամ յուրացնելու դեպքը, ինչի արդյունքում վերջինս ազատազրկման դատապարտվեց 12 տարի ժամկետով, սակայն ընդամենը 5 տարի մնաց անազատության մեջ՝ այդպես էլ չփոխհատուցելով պետությանը հասցրած վնասը:

Բանը հասավ ԱԱԾ-ին
2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում 13 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին: 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը: Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Ու մինչ իրավապահները քննում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում բուն դրած կոռուպցիոն դրսեւորումները, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս օրերին նախարարությունում տիրող քաոսային իրավիճակի մասին:

Նոր ղեկավարն ու
բացահայտումները
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը նշանակվելուց հետո ստուգումներ է իրականացրել ծառայությունում, ինչի արդյունքում դարձյալ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել:
Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից՝ հասկանալու համար, թե ինչ իրավական ընթացք են տվել հայտնաբերված չարաշահումներին: Ի պատասխան՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնեց. «Այո, Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը ազատվել է աշխատանքից ֆինանսական չարաշահումների համար: Այս պահին դեռեւս ընթանում են ստուգումներ, որոնց վերջնական արդյունքները պարզ կլինեն մեկ ամիս անց»:
Չնայած ծառայությունում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ չներկայացրեցին, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը: Մասնավորապես, ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Ամենայն հավանականությամբ՝ վարչության պետը գնումների գործընթացին իր ցանկալի ընկերություններին է առաջնայնություն տվել, որոնց հետ համատեղ «գործարքների են գնացել», իսկ թե կոնկրետ ինչ գործարքների մասին է խոսքը, կատարվող ստուգումները ցույց կտան:
Նշենք, որ ներկայումս բաժին առ բաժին ստուգումները շարունակվում են, եւ ծառայության աշխատակիցները շունչները պահած՝ սպասում են, թե իրենց ինչ է սպասվում կամ իրենց բաժնում ինչ կհայտնաբերեն:
Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձինք, տեսնելով, որ Վազգեն Խաչիկյանը եւ այլ պաշտոնյաներ կարող են գումար յուրացնել եւ մնալ անպատիժ, շարունակում են չարաշահումների գործընթացը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ
Հանուն պաշտոնական առաջխաղացման՝ խարդախության գնալու դրսեւորումները ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրական եզրակացությունից հայտնի դարձավ, որ Արսեն Թադեւոսյանը, որը եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, ցանկացել է առաջխաղացում ունենալ եւ նշանակվել նույն զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում: Բայց այդ, պաշտոնի համար նրան անհրաժեշտ է եղել բարձրագույն կրթության դիպլոմ ներկայացնել իր վերադասներին: Սակայն Արսեն Թադեւոսյանը չի ունեցել նշված պաշտոնը զբաղեցնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարձրագույն կրթությունը:
Եվ ահա, «գործը գլուխ բերելու համար» նա 2016թ. նոյեմբեր ամսին ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2012թ. ավարտելու վերաբերյալ թ-706 համարի AB-262569 սերիայի, համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված, ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձեւաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճենը:
Այս կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսեն Թադեւոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 21-ի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում, եւ նրան շնորհվել է առաջին սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արսեն Թադեւոսյանին այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Արսեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կեղծ դիպլոմներ ձեռք բերելով՝ բանակում կոչում են ստանում:
2017 թվականի հունիսին գրել էինք, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլեկտրիկ, իսկ կոչումով` եֆրեյտոր, 800 դոլարով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի կեղծ դիպլոմ էր գնել, որպեսզի կոչում ստանա: Ներկայացնելով դիպլոմը՝ անցել է որակավորում, հանձնել քննությունները եւ ստացել զինվորականի լեյտենանտի կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար: Իսկ այս գործով դատական քննությունը դեռեւս շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՈՆՖԼԻԿՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի բնակչի՝ հայ տղամարդու սպանության կակածանքով, որն իրականացվել է հոկտեմբերի 16-ին՝ Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում: Ձերբակալվածը 1977թ. ծնված Մոսկվայի բնակիչ է: Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է մեղքը եւ պարզաբանել, որ հանցագործությունն իրականացրել է ճանապարհային կոնֆլիկտի պատճառով: Նախնական տվյալներով՝ սպանությունից որոշ ժամանակ առաջ կասկածյալը վարել է «Ժիգուլի» մակնիշի մեքենա, իսկ զոհը՝ Հայաստանի 44-ամյա բնակիչը, Infiniti մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, սպանվածը Գեորգի Աղապջանովն էր:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Թաթուլ Թամրազյանի, Խաչատուր Գիշյանի, Կարո Եղնուկյանի, Արմեն Լամբարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Երեկ պետք է տեղի ունենար դատական նիստը, որը, սակայն, հետաձգվել է ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով: Նիստի մեկնարկին ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով դատական նիստն ընդմիջվել է 15 րոպեով, եւ դատարան է հրավիրվել շտապօգնության ծառայություն: Ամբաստանյալն ունեցել է բարձր ճնշում եւ ցավեր սրտի շրջանում: Նիստը վերսկսելուց հետո դատարանը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ Գիշյանը տեղափոխվել է հիվանդանոց: Առանց նրա գործի քննությունը շարունակել հնարավոր չի եղել, ուստի դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվել է:

 

 

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կներառվի երկու նոր մասնագիտություն: ՀՀ կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության է արժանացել 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ներառել «Դատական փորձաքննություն» եւ «Մեխատրոնիկա» մասնագիտությունները: Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջիններս ունեն բավական բարձր վարկանիշ, եւ դրանց բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում դատական փորձաքննության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ նորարարությանն ու ստեղծարարությանը:

 

 

80 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն 80 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ գումարը կօգտագործվի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով շերտի առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման եւ 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

 




Լրահոս