Ինչ փոփոխություններ են եղել շինարարության ոլորտում. Կարեն Կարապետյանի նշանակումից մեկ տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության ոլորտը կարծես թե կենդանության նշաններ է տալիս: Բայց չնայած սրան` այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այդ անկումը կազմել է 6.4 տոկոս: Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է 220 մլրդ 316 մլն դրամի շինարարությունը: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 214 մլրդ 478 մլն դրամի շինարարություն:

Նկատենք, որ հիմնականում նվազել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները` 25.6 տոկոսով` սեպտեմբերի դրությամբ կազմելով 2 մլրդ 524 մլն դրամ: Իսկ համայնքների միջոցներով իրականացվել է 612 մլն 700 հազար դրամի շինարարություն: Ըստ ԱՎԾ-ի՝ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները զգալի նվազել են` 20.7 տոկոսով:

Ուշագրավն այն է, որ միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարությունը 12.8 տոկոսով ավելացել է: Եթե այս տարվա սեպտեմբերին միջազգային վարկերով իրականացվել է 11 մլրդ 318 մլն 400 հազար դրամի շինարարություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 4 մլրդ 205 մլն 300 հազար դրամի:

Իսկ ահա Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով այս սեպտեմբերին իրականացվել է 252 մլն 500 հազար դրամի շինարարություն: Մինչդեռ նախորդ տարի եկեղեցու միջոցներով կատարվել է 88.4 մլն դրամի շինարարություն: Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս սեպտեմբերին բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները ավելացել են 1.9 տոկոսով` կազմելով 11 մլրդ 342 մլն դրամ:

Ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ մասնագետների, բնակչության թվաքանակի նվազումն է, որը տարիների ընթացքում իր բացասական հետեւանքներն է թողել եւ թողնում շինարարության ոլորտի վրա: Բացի այս` շինարարության ոլորտում պաշտոնապես արձանագրված անկումը պայմանավորված է նաեւ օտարերկրյա ներդրումների պակասով: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը: Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց:

Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Քոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ Սարգսյանին էր վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս երկրում շինարարության տեմպերի բարձր աճ ապահովելն է: Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց ավելի քան 1 տարի է անցել, սակայն դեռ դրական տեղաշարժ չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս