Սերժ Սարգսյանը Հնդկաստանում առաջարկում է օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից, երբ Հայաստանը չի օգտվել դրանցից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի հետ: Մասնավորապես վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ խոսել է տնտեսական համագործակցության հեռանկարների մասին, ասել, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա:

Բացի այդ՝ Սերժ Սարգսյանն ասել է, «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին եւս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա»:

Լավ է, երբ Սերժ Սարգսյանն այդպիսի մեծ հավակնություններ ունի, փորձում է հնդիկներին համոզել, որ գան Հայաստան, ներդրումներ անեն, բիզնես սկսեն՝ միաժամանակ որպես առավելություն նշելով ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը: Բայց արի ու տես, որ Հնդկաստանի համար Հայաստանը դեպի ԵԱՏՄ շուկա, մեղմ ասած, ձեռնտու չէ: Ի վերջո, Հնդկաստանին շատ ավելի մոտ են ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանն ու Ղրղզստանը, քան Հայաստանը: Եւ հետո՝ Հայաստանի հետ չկան հաղորդակցության հարմար ուղիներ:

Մի փաստ էլ՝ նույն Հայաստանն ինքը չի կարող այսօր լիարժեք օգտվել ԵԱՏՄ-ին իր անդամակցության հնարավորություններից, ուր մնաց՝ Հնդկաստանի համար դառնա կապող օղակ: Ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունի ցամաքային սահման, իսկ ՌԴ-ի հետ կապը Վրաստանի միջոցով է՝ Վերին Լարսի անցակետով, որը տարվա մի մասը փակվում է կա՛մ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կա՛մ բնական աղետների հետեւանքով, կա՛մ էլ քաղաքական դրդապատճառներով: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ, եթե ավելի առարկայական առաջարկներ ներկայացներ:

Չնայած, այստեղ էլ է ինքը կաշկանդված. Հայաստանի շուկան օտարերկրացիների համար լուրջ գործունեություն ծավալելու առումով այնքան էլ հրապուրիչ չէ, ներդրումային դաշտը դեռեւս խախուտ է:

Եւ հետո՝ Հայաստանը Հնդկաստանի հետ արդեն 25 տարի է՝ քաղաքական հարաբերություններ է հաստատել, բայց տնտեսական առումով լուրջ համագործակցություն չի ստացվում: Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով դեպի Հնդկաստան արտահանվել է 1 մլն 67 հազար դոլարի, ներկրվել՝ 21,7 մլն դոլար ապրանք, իսկ 2016թ. ընթացքում արտահանվել է 1 մլն 679 հազար դոլարի, ներկրվել՝ 71,4 մլ դոլարի ապրանք: Թվեր, որոնք ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տոկոս են կազմում:




Լրահոս