ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետը լուծում չունի. ի՞նչ եղան կամուրջների ցանցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասված էր. «ՀՀ քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ: Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչեւ 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ինքնասպանության դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայյի, եւ, որպես կանոն, այդ դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռեւս բավարար չէ եւ չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ…»:

Ըստ կոմիտեի՝ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, իսկ ըդտ ԱՎԾ տվյալների՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 635 դեպք, որը 2015թ. համեմատ նվազել է 12%-ով, 2017թ. հունվար-հունիսին ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 282 դեպք:

Ուստի կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերը, ինչպես նաեւ դժբախտ պատահարները կանխելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Երեւանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաեւ միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, ինչ է անում աշխատանքային խումբը:

-Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում:

-Աշխարհի փորձերին ծանոթանալով՝ ի՞նչ է հնարավոր Հայաստանի կամուրջներում կիրառել, որ կարողանանք հնարավորինս նվազեցնել ինքնասպանության դեպքերը:

-Օրինակ՝ շատ երկրներում այս լուծումը հենց տալիս են նախագծային փուլում, մեր երկրում որեւէ կամուրջ չունի նախագծային փուլով անցած այդպիսի լուծում՝ արգելապատնեշ ցանցեր, պաշտպանիչ այլ միջոցներ: Տարբեր երկրներում տարբեր է, որեւէ մեկը երաշխավորված չէ դրանից, մենք ուսումնասիրում ենք լավագույն տարբերակը, որը կնպաստի իր արդյունավետությամբ, ֆունկցիոնալ առումով ավելի արդյունավետ կլինի, կիրառելի կդառնա Երեւան քաղաքում:

-Այսինքն՝ հնարավո՞ր է այս դեպքերը կանխելու համար միջոց չգտնեք:

-Ցավոք սրտի, ասում եմ, որ մեր նախագծային լուծումներով որեւէ կամուրջ այդպիսի հավելյալ անվտանգության միջոցով ապահովագրված չի եղել:

-Հիմա ընդհանրապես էլ տարբերակ չունե՞ք, որը հնարավոր է՝ կիրառվի:

-Հիմա չեմ կարող շտապել ասել, որովհետեւ չունենք կոնկրետ տարբերակ, ուսումնասիրությունների փուլում ենք, գտնենք առավելագույնը, ինչ միջոցներ կարելի է կիրառել:

-Եվ վե՞րջ:

-Դա կարող էր լինել ճարտարապետի պահանջ, որը սկզբունքորեն դեմ լինի: Մեր կամուրջների հիմնական մասը, որը քաղաքում տեղակայված է, նաեւ ունեն ճարտարապետական նշանակություն, մնացածը ուղետարներն են՝ ավելի ցածր բարձրության, բայց հիմնական կամուրջները՝ Հաղթանակը, Հրազդանի վրայի մեծ կամուրջը, ինչպես ժողովուրդն ասում է՝ Կիեւյան կամուրջը, Դավիթաշենը, ճարտարապետները չեն նախատեսել նման բան:

-Լավ, իրենք չեն նախատեսել, Դուք ի՞նչ պետք է անեք:

-Ես չեմ կարող հիմա ասել, խնդիրը կա, անվտանգության խնդիրը կա, գուցե հավելյալ այլ միջոցներ կիրառվեն, ինչպես շքամուտքների անվտանգությունը, եւ այլն, եւ այլն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս