ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ. համագործակցություն սովորական զենքերի վերահսկման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը

1. Կողմերն ընդունում են, որ փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի արտադրությունը եւ առեւտուրը, ինչպես նաեւ դրանց հավելյալ կուտակումը, կառավարման ցածր մակարդակը, ոչ պատշաճ ապահովված պաշարները եւ դրանց չվերահսկվող տարածումը շարունակում են սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:

2. Կողմերը համաձայնում են պահպանել եւ լիարժեքորեն կատարել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի հետ կապված իրենց համապատասխան պարտավորությունները՝ համաձայն այն առկա միջազգային համաձայնագրերի, որոնց կողմն են նրանք հանդիսանում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ինչպես նաեւ համաձայն այդ ոլորտում կիրառելի այլ միջազգային փաստաթղթերի շրջանակներում դրանց հանձնառությունների, ինչպես օրինակ՝ Բոլոր ոլորտներում ՓՏԶԹԶ-ների ապօրինի առեւտրի կանխարգելմանը, դրա դեմ պայքարին եւ արմատախիլ անելուն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը:

3. Կողմերը պարտավորվում են համագործակցել եւ ապահովել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի եւ ավելորդ կուտակումների ոչնչացման հետ կապված իրենց ջանքերի շուրջ համակարգումը, փոխլրացումը եւ սերտ համագործակցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ, համապատասխան դեպքերում, ազգային մակարդակներով:

4. Ավելին՝ Կողմերը համաձայնում են համագործակցել սովորական զենքերի վերահսկման ոլորտում՝ ռազմական տեխնոլոգիայի եւ սարքավորումների արտահանման վերահսկողությունը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանող՝ Խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի ընդհանուր դիրքորոշմանը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական օրենսդրությանը համապատասխան:

5. Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:

Ահաբեկչության դեմ պայքարը

1. Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխարգելման կարեւորությունը եւ համաձայնում են միասին աշխատել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու համար:

2. Կողմերը համաձայնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականացվի՝ լիովին պահպանելով օրենքի գերակայությունը եւ միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը, փախստականների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը եւ միջազգային մարդասիրական օրենսդրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին եւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր համապատասխան միջազգային փաստաթղթերին լիովին համապատասխան:

3. Կողմերը կարեւորում են ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր կոնվենցիաների եւ արձանագրությունների համընդհանուր վավերացումը եւ լիարժեք իրագործումը: Կողմերը համաձայնում են շարունակել խթանել «Միջազգային ահաբեկչության մասին» համապարփակ կոնվենցիայի նախագծի վերաբերյալ երկխոսությունը եւ համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների կիրառման շուրջ: Կողմերը նաեւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի շուրջ միջազգային համաձայնությունը խթանելու համար:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը

1. Ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում իրենց համագործակցության մեջ Կողմերը պետք է հատկապես կարեւորեն օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի եւ քրեական գործերով դատավարական երաշխիքների եւ տուժողների իրավունքների ապահովումը:

2. Կողմերը պետք է լիովին համագործակցեն իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության շուրջ:

3. Մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հարգելը եւ խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության եւ արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը:

Անձնական տվյալների պաշտպանությունը

Կողմերը համաձայնում են անձնական տվյալների բարձր մակարդակով պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցել՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային իրավական փաստաթղթերին եւ ստանդարտներին համապատասխան:

Շարունակելի…




Լրահոս