ՄԵՐ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը վերջապես հանդիպեց լրագրողներին՝ ներկայացնելով անցած մեկ տարվա գործունեությունն ու պատասխանելով նրանց հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս էր անդրադարձել այն հանգամանքին, որ Մանուկյանը լրագրողների հետ շփումներում այնքան էլ ակտիվ չէ, եւ նշանակումից հետո թերեւս մեկ-երկու անգամ են լրագրողները նրան հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռել: Ավելի շատ ակտիվություն դրսեւորում են փոխնախարարները, հատկապես ՀՀ վարչապետի փեսան՝ Հայկ Հարությունյանը: Երեկվա ասուլիսը թերեւս բացառությունների շարքից էր, երբ նախարարն անձամբ մեկ ժամից ավելի պատասխանեց լրագրողների հարցերին:

Ասուլիսից հետո «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը մի քանի հարց է ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանին:
-Պարո՛ն Մանուկյան, կառավարությունը խոսում է էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման մասին, սակայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերը հանձնել է «Տաշիր գրուպ»-ին: Այդպե՞ս եք բազմազանություն ապահովում:
-«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերը, այո՛, «Տաշիր Գրուպ»-ն է: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի սեփականատիրության իրավունքը երբեք չի տեղափոխվելու պետությունից: ԲԷՑ-ի սեփականատերը կա, եղել է եւ մնալու է պետությունը: Ընդամենը ԲԷՑ-ի կառավարումը հանձնվում է «Տաշիր» ընկերությանը՝ ժամանակավորապես: Սա պիլոտային ծրագիր է՝ հինգ տարվա ժամկետով: Պայմանագիրը բաց է, կա կետ, որ եթե ԲԷՑ-ը չի կատարում իր վրա վերցված պարտականությունները, որոնք կլինեն հավատարմագրային կառավարման ծրագրում, կառավարությունը կամ պետությունն առանց պատճառը նշելու ցանկացած պահի դադարեցնում է պայմանագիրը՝ վեց ամիս առաջ տեղեկացնելով հակառակ կողմին: Ինչո՞ւ որոշեցինք ԲԷՑ-ը տալ կառավարման «Տաշիր» ընկերությանը, շատ պարզ պատճառով: 2018-19 թվականներին ատմոկայանի երկար կանգառի պատճառով, որը հսկայական ճնշում ունի սակագնի վրա, մենք պետք է կարողանանք մեր բոլոր ծախսերը, որոնք ազդեցություն կունենան վերջնական սակագնի վրա, հնարավորինս օպտիմալացնել: Եվ քանի որ ՀԷՑ-ի եւ ԲԷՑ-ի գործառույթները գրեթե կրկնվում են, մենք կրկնակի ծախսեր ենք անում: Եթե դրանց կառավարումը կենտրոնացվում է մեկ միասնական կետում, դա նշանակում է, որ նորոգումները, նորոգումների ծախսերը, շահագործման ծախսերը եւ նմանատիպ այլ ծախսերը, որոնք այսօր կատարվում են, կենտրոնացվում են, հետեւաբար օպտիմալացվում են: Այսինքն՝ մենք գումարային էֆեկտով ունենում ենք ծախսերի հսկայական կրճատում, որը էական ազդեցություն կարող է ունենալ, որպեսզի փոխհատուցի այն վնասը, որը սակագինը կրում է ատոմակայանի երկար կանգառի հետեւանքով:
-Այսինքն՝ հինգ տարի անց հնարավո՞ր է՝ «Տաշիր» ընկերությունը չշարունակի կառավարումը:
-Դա պիլոտային ծրագիր է՝ առաջիկա հինգ տարվա համար, որն ընդգրկում է 2018-19 թվականները եւ հաջորդ թվականները՝ 2020-22, որոնց վրա ծանր ճնշում է ընկնում վարկային բեռի, քանի որ այն վարկային ծրագրերը, որը մենք իրականացրել ենք, այդ վարկային բեռի առաջին ամենամեծ մուծումներն այդ թվականների վրա են ընկնում: Այս բեռը կոմպենսացնելու, փոխհատուցելու նպատակով մենք գնացինք այս հաշվարկային ճանապարհով, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ սիներգետիկ էֆեկտը կլինի բավականին համադրելի մեր կորուստների հետ: Իսկ ինչ կլինի հինգ տարվա ընթացքում. եթե արդյունավետ չլինի, մենք, բնականաբար, կխզենք պայմանագիրը, եթե արդյունավետ կլինի, մենք կգնահատենք ըստ արդյունքի: Կառավարումը կսկսվի վեց ամսվա ընթացքում՝ այն օրը, երբ որ կառավարման ծրագիրը կներկայացվի եւ կհաստատվի կառավարության կողմից: Եվ տեսականորեն եթե այդ ծրագիրը չբավարարի կառավարությանը, ապա այդ պայմանագիրը երբեք ուժի մեջ չի մտնի:
-Դեպի Վրաստան էլէներգիայի արտահանումը եղել է տարվա ցուրտ ամիսներին: Մյուս ամիսներին որքա՞ն եք արտահանել, կոնկրետ թվային տվյալներ կներկայացնե՞ք:
-Ձմռան ամիսներ մի քիչ դժվար է ասել, իրականում ձնհալը Վրաստանում եւ Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում են սկսում: Հետեւաբար ձնհալի առաջին պահից սկսած Վրաստանում սկսվում է էլեկտրաէներգիայի ավելցուկը: Այն յուրաքանչյուր տարի կարող է լինել տարբեր ամիսների: Վրաստանում ավելցուկի պայմաններում մենք ներկրում ենք, Հայաստանի ավելցուկի եւ Վրաստանի դեֆիցիտի պայմաններում մենք արտահանում ենք: Մենք խոսում ենք փոխհոսքերի մասին, որը բերում է ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում սակագնի վրա որոշակի ազդեցություն: Սեպտեմբերի վիճակով, այսինքն՝ հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 116 մլն կվտ/ժամ առաքված հոսանք: Դա եղել է հիմնականում տարվա սկզբի ամիսներին՝ հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ:
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր նշանակման գրեթե առաջին օրերից Դուք այնքան էլ բաց չեք շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ եք խուսափում:
-Որեւէ էական պատճառ չկա, ճիշտն ասած՝ ես չեմ նկատել: Ընդհանրապես իմ սկզբունքը հետեւյալն է, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ինքն է արժանի այն պատվին եւ պատասխանատվությանը՝ սեփական ոլորտի եւ նվաճումները ներկայացնելու եւ խնդիրները ներկայացնելու ու դրանց մասին բարձրաձայնելու: Մեր ոլորտի պատասխանատուները շատ ակտիվ են այդ հարցերում:
-Փոխնախարարներն ակտիվ են, չենք ժխտում, սակայն դժվարությամբ կարող ենք հիշել, թե Դուք կառավարության նիստից հետո վերջին անգամ երբ եք հանդիպել լրագրողներին: Ինչո՞ւ հենց Դուք ակտիվ չեք:
-Հիմա էլ եմ իջնում, ես միշտ իջնում եմ, եթե սպասեք, կտեսնեք:

 

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 30-ից խորհրդարանում մեկնարկելու են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Եվ չնայած այն հանգամանքին, որ նախագիծն արդեն վաղուց հրապարակված է խորհրդարանի կայքում, ոչ բոլոր պատգամավորներն են հասցրել ուսումնասիրել այն, իսկ հանձնաժողովներում էլ նախնական քննարկումները միայն մի քանի օր է՝ ինչ մեկնարկել են:

Թերեւս նորություն չէ, որ պատգամավորները Աժ-ին ներկայացված կարեւոր նախագծերին ծանոթանում են միայն վերջին պահին: Եւ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթւղթը՝ բյուջեի նախագիծը եւս բացառություն չէ: Ոլորտին տեղյակ պատգամավորներից բացի՝ մյուսներից հատուկենտերն են միայն, որ ուսումնասիրել են նախագիծը կամ գոնե տեղյակ են, որ այն առհասարակ արդեն հրապարակվել է:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նախագծի շուրջ քննարկումները երեկ սկսվել են: ՀՀԿ-ականներն հերթական նիստն են անցկացրել, որի գլխավոր թեման էլ հենց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է եղել: Բնական է, որ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ականները ձգտելու են ամեն կերպ արդարացնել այն հանգամանքը, որ, օրինակ, հաջորդ տարի աշխատավարձեր կամ թոշակներ չեն բարձրանալու, սակայն այդպիսի փակ հանդիպումներում դժգոհելու առիթը բաց չեն թողնում: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականներն այն իրողությունները հաշվի առնող բյուջե են համարում: Երեկ ՀՀԿ-ականների հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ամենից շատ ՀՀԿ-ականները դրական են համարել այն հանգամանքը, որ հաջորդ տարվա բյուջեով ավելանալու են պաշտպանության ոլորտին տրվելիք գումարները:
Չնայած «Ծառուկյան» խմբակցությունում բյուջեի նախագծի հետ կապված միասնական որոշում դեռ չունեն, սակայն անհատ պատգամավորներն իրենց հարցազրույցներում այնքան էլ դրական չեն արտահայտվել՝ ընդգծելով հենց այն հանգամանքը, որ արդեն մի քանի տարի է՝ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում: «2018-ի բյուջեն կարելի է որակել եղած հնարավորության մեջ տեղավորվածություն: Սա նույնիսկ յոլա գնալու բյուջե չէ, համարձակություն չկա այս բյուջեի մեջ», – լրագրողների հետ զրույցում նկատել է խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Իսկ «Ելք» եւ ՀՅԴ խմբակցություններում բյուջեի նախագծի շուրջ քննարկումները դեռեւս չեն սկսվել: Սպասվում է, որ առաջիկա օրերին՝ մինչ բյուջեի նախագծի գլխավոր քննարկումները, ֆինանսների նախարարը հանդիպումներ եւ քննարկումներ կանցկացնի նաեւ մյուս խմբակցությունների հետ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ՇԱՏ ՄԱՐԶ ՉՈՒՆԵՆՔ
Երեկ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետը վսահեցրեց, թե չկատարված հանձնարարականներ իրենց կողմից չեն եղել, եւ վարչապետը գոհ է մնացել իրենից: Քանի որ Վայոց ձորի մարզն ամենափոքրն է, ենթադրվում է` մարզերի խոշորացման ծրագրի դեպքում այն առաջինն է «հարվածի տակ ընկնելու»: «Եվրոպական երկրներում հիմնականում ռեգիոնները ձեւավորվել են 200-250 բնակիչներ ունեցողները: Խնդիրը սրանումն է, բայց չեմ կարծում, թե մենք այդքան շատ մարզ ունենք: Չեմ կարծում, թե առաջիկայում մարզերի խոշորացում հնարավոր է: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, եթե գործունեության հետ կապված կրճատումներ լինեն, լիազորությունների դադարեցումներ լինեն՝ ինչն է պակասելու, կամ ինչն է փոխանցվելու մարզպետարաններին, եւ ըստ դրա էլ կորոշվի հաստիքային աշխատակազմն ու մնացած հարցերը»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը: Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Եւ հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի: Արդյո՞ք Լ. Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռեւս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը:

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ
Դպրոցներում չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու եւ ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում եւ դասամատյաններում: Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել եւ հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել եւ օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանը, անդրադառնալով իրավապահների բացահայտումներին, ասաց. «Թույլ տվեք ոչ մի հարցի չպատասխանել, քանի որ այդ ամենը հրապարակողները ոչ մի անգամ նման հարցով չեն դիմել ինձ, հետեւաբար հրապարակելուց հետո էլ, ինչ ասեմ, դիմեք նրանց, ովքեր հրապարակել են, ասելիք չունեմ»:




Լրահոս