«ԱՐՏԱՀԱՆԵԼԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ» ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատու նախարարները մի հարցում խելամիտ գտնվեցին. հաշվետվություն ներկայացնելու համար իրենց ասուլիսները կազմակերպեցին մինչեւ սոցիալ-տնտեսական ցուցանիշների երրորդ եռամսյակի տվյալների հրապարակումը: Ու դրա համար էլ ներկայացնելով հունվար-օգոստոս ամիսների վիճակագրությունը՝ նրանց հաջողվեց գլուխ գովել, թե տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ամբողջությամբ արդարացրել է իրեն: Բայց երեկ ԱՎԾ-ն հրապարակեց 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները. պատկերը, մեղմ ասած, հիասթափեցնող էր:

Եւ այսպես՝ հիշում եք օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հայտարարությունները, թե. «ՀՀ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ»: Նա նաեւ խոսել էր արտահանման ծավալների աճի մասին` պաշտոնական վիճակագրությունից մեջբերելով ցուցանիշներ: Ըստ այդմ, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել էր 21,7 տոկոս, եւ Կարայանը հույս էր հայտնել, որ մինչեւ տարվա վերջ ՀՆԱ-ի մեջ արտահանումը կկազմի 37-38 տոկոս:
Սակայն հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները վկայում են, որ արտաքին առեւտրաշրջանառության աճի տեմպերը սկսել են նվազել, ընդ որում, հատկապես արտահանման աճի տեմպերը սկսել են նվազել կտրուկ: Երրորդ եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 367.5 մլն դոլար. սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 21.7 տոկոսով: Այդ ընթացքում արտահանվել է 1 մլրդ 546.7 մլն դոլարի ապրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 19.1 տոկոս (մինչդեռ կառավարության անդամները հպարտանում էին հունվար-օգոստոս ամիսներին արտահանման 21.7 տոկոս աճով): Ընդ որում, արդեն սեպտեմբերին արտահանումը, օգոստոս ամսվա համեմատ, պակասել է 9.6 տոկոսով: Ինչ վերաբերում է ներկրման ծավալներին, ապա այստեղ աճը կազմել է 23.2 տոկոս. 2017թ. ինը ամիսներին Հայաստան է ներկրվել 2 մլրդ 820.8 մլն դոլարի ապրանք:
Փաստորեն, պետք է արձանագրենք, որ չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է Հայաստանի տնտեսությունը դարձնել «արտահանելի», սակայն այդ ուղղությամբ որեւէ դրական տեղաշարժ չկա, դեռ ավելին` արտահանման ծավալները նվազում են, ու գնալով ավելի է խորանում արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:
ԱՎԾ հրապարակած տխուր ցուցանիշները միայն այդքանով չեն սահմանափակվում: Տնտեսական աճը, որ իշխանությունների վերջին ժամանակաշրջանի հպարտության առարկա էր դարձել, սկսել է նվազել. եթե հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.5 տոկոս էր, ապա հունվար-սեպտեմբերին այն դարձել է 5.1 տոկոս: Նվազել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. եթե մեկ ամիս առաջ իշխանությունները պարծենում էին, թե արդյունաբերության ոլորտում 12.4 տոկոս աճ ենք արձանագրել, ապա հիմա այդ ցուցանիշն իջել է 11.9 տոկոսի: Գյուղատնտեսության ոլորտում խորանում է անկումը. գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պակասել են 9.9 տոկոսով, շինարարության ծավալները` 6.4 տոկոսով, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսությունը կամաց-կամաց սկսել է կաղալ:
Ու հիմա հետաքրքիր է` ընդամենը մի քանի օր առաջ տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված որակող պաշտոնյաներն ինչպե՞ս են մեկնաբանում «աննախադեպ» աճի տեմպերի սպասված նվազումը, ինչպե՞ս են մեկնաբանում, որ Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմներն» այդպես էլ արդյունք չեն տալիս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
Ինչպես հայտնի է՝ աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը, պատճառը հայտնաբերված չարաշահումներն են: Երեկ այս պաշտոնանկությանն անդրադարձել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը` հայտարարելով, թե Ջհանգիրյանը ծառայության նորանշանակ պետի` Հովհաննես Սահակյանի սրտով չի եղել, նաեւ նշել է, թե Ջհանգիրյանը երկար տարիների լավագույն աշխատող է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթն աղմկահարույց այս պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին, որն էլ անհեթեթություն որակեց այդ հայտարարությունները: Մանրամասները Սահակյանը խոստացավ ներկայացնել առաջիկայում, երբ իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիս հրավիրի: «Անհեթեթություն է: Իմ աշխատանքում չեմ առաջնորդվում «իմ սրտով չէ» հասկացությամբ, այլ առաջնորդվում եմ հստակ սկզբունքներով, որոնց մասին հայտարարել եմ առաջին իսկ օրից՝ ազնվություն, օրենքը պահպանել, համակարգը չարաշահումներից զերծ պահել, տատիկ-պապիկներին պատշաճ ծառայությունների մատուցում: Այս մասին հայտարարել եմ մարզային այցելությունների ընթացքում` նույնը հորդորելով տարածքային բաժինների պետերին: Եվ եթե որեւէ մեկն այս սկզբունքների կրողը չէ, ինձ հետ ճանապարհ չունի անցնելու»: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Ե. Ջհանգիրյանը լավագույն աշխատողներից է եղել, Սահակյանը նշեց. «Տարբեր մարդկանց համար չափանիշները տարբեր են: Չեմ ուզում մեկնաբանել, կմեկնաբանեմ 100 օրվա առթիվ կայանալիք ասուլիսում»:

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Մինչ իրավապահները քննում են Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի չարաշահահումների գործը, նախկին դասախոսներն էլ իրենց հերթին դատական հայց են ներկայացրել ընդդեմ բուհի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դասախոսներից Սոնա Խլղաթյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը: Խլղաթյանի հայցն ընդունվել է վարույթ, ավելին` առաջիկայում դատարանը կհրապարակի այս գործով վճիռը:
«Ժողովուրդ»-ին նաեւ մանրամասներ հայտնի դարձան համալսարանում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների գործով. պարզվում է` մեղադրանք է առաջադրվել համալսարանի պահեստապետ Համբերիկ Գալստյանին` յուրացման հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ այս գործով արվում է ամեն ինչ, որպեսզի պատասխանատվությունը բարդվի ստորին օղակների վրա, իսկ նախկին ռեկտորը, տնտեսական հարցերով նախկին ու ներկա պրոռեկտորը՝ Արթուր Ավագյանը՝ ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եղբայրը, ջրից չոր դուրս գան: Ի դեպ, լուրեր կան, որ Կարեն Ավագյանի եղբորը, հնարավոր է, նշանակեն կրթության տեսչության պետ:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:
 

 

ԲՈՒԺԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մոտ ժպիտ են առաջացնում այն հիմնավորումները, որոնք իշխանությունները բերում են զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու համար: «Իրենք ասում են, որ սա բանակի թվի հետ կապ չունի, այլ կապ ունի սոցիալական արդարության հետ, որովհետեւ բուհերում կա կոռուպցիա, եւ իրենք այս կոռուպցիան վերացնելու համար, որպեսզի ծանոթով կամ փողով չկարողանան անցնել հետագա փուլերը, վերացնում են այդ ինստիտուտն ընդհանրապես: Այսինքն՝ հիվանդին բուժելու համար հիվանդին սպանում են, որ այդ խնդիրը չլինի: Սա պարզապես ժպիտ կարող է առաջացնել»,- նշել է Ա. Միրզոյանը:

 

 

 

ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՆՈՒՄ Է
Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտնել է, որ աշխատավարձերը չեն բարձրանում, որին զուգահեռ գնաճ կա, վիճակը վատանում է: «Բյուջեին քաղաքական գնահատականը բացասական է, չի կարող պոզիտիվ լինել: Եթե տվյալ երկրում 2015թ. սկսած թոշակ, աշխատավարձ չի բարձրանում, բնականաբար քաղաքական գնահատականը պետք է լինի բացասական: Մարդը հստակ առաջընթաց է ուզում՝ իր եկամուտը աճում է, թե ոչ: Եթե սրան գումարենք նաեւ էն գնաճը, ինչը որ կա, բնականաբար վիճակը վատանում է»,-հայտարարել է Մելքումյանը:

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիեւ): Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը եւ մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում:

 




Լրահոս