ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳԻՑ 1 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք: Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում:
Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձավ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին: Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝ օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու եւ դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ: 1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար: ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է ե՛ւ Մեղրիի, ե՛ւ Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում: Հետաքրքիր է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ:

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: Միաժամանակ այդ ընթացքում վարույթից հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 59 անձ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռ հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, թե քննիչները շատ հաճախ դատախազի ցուցումներն անտեսում են կամ պատշաճ չեն կատարում: Գլխավոր դատախազից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե քանի՞ այսպիսի դեպք է գրանցվել: «Միայն 2017թ. առաջին կիսամյակում դատախազների կողմից քրեական գործերով նախաքննության եւ հետաքննության մարմիններին տրվել է թվով 811 գրավոր ցուցում, որոնցից 30-ի կապակցությամբ ներկայացվել է գրավոր առարկություն: Բայց բավարարվել է դրանցից երկուսը միայն»,- հայտնել է գլխավոր դատախազը:

 

 

 

Հոկտեմբերի 26-ին լրանում է ԱՄՆ Կոնգրեսի նշանակած վերջնաժամկետը, որով սահմանվում է մի շարք գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը կա՛մ պետք է թույլատրի դրանց հրապարակումը, կա՛մ երկարացնի գաղտնիության ժամկետը: ԱՄՆ նախկին նախագահները մշտապես երկարացրել են այդ ժամկետը, բայց չի բացառվում, որ հիմա Դոնալդ Թրամփը խախտի նախագահական ավանդույթներից հերթականը: Այդ փաստաթղթերի ցանկում են նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանությանն առնչվող տարբեր նյութեր: Մինչ այդ, նկատենք, Քենեդու սպանության պես 1999թ. ՀՀ խորհրդարանում Հայաստանի ղեկավարության գնդակահարությունը ցնցեց հասարակությանն ու պետության հիմքերը: Սակայն եթե ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը բավականին հասուն գտնվեց՝ դուրս գալու համար բարդագույն ճգնաժամից եւ չխաթարելու ԱՄՆ պետականության զարգացման ընթացքը, ապա Հայաստանում դեպքերը չափազանց աննպաստ զարգացում ունեցան. անդառնալիորեն շեղվեց պետության ընթացքը՝ հանգելով իշխանության բռնազավթմանն ու այլասերմանը:

 

 

 

Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում եւ «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով: Հատկանշական է փաստը, որ հիմնական հարվածն այս ընկերությունը կրել է 2014թ. տարեվերջին, երբ կտրուկ բարձրացավ դոլարի փոխարժեքը. հիշում եք՝ այն ժամանակ մի շարք ընկերություններ մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաեւ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում եւ պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է:

 

 

 

 

ԴԺԳՈՀ Է
Ոստիկանության կոլեգիայի երեկվա նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունները բավական կոշտ էին: Ճիշտ է, իր ելույթի սկզբում Ս. Սարգսյանն էլ է ասել, թե ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը եւ խուճապի մատնվելու որեւէ պատճառ չկա: Բայց դրանից հետո բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության աշխատաոճի վերաբերյալ՝ դժգոհելով նրանց անգործությունից: Նախ նա խոսել է հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության մասին, հետո անդրադարձել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման անհրաժեշտությանը. «Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ: Ապօրինի պահվող հրազենը եւ զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն եւ առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը եւ իմ հանձնարարությունը»,- ասել է Ս. Սարգսյանը:
Բայց Ս. Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ոստիկանությանը մեղադրել այս հարցում անգործություն ցուցաբերելու մեջ: Մի քանի մեջբերում. «Հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: …Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: …Նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: …Հանցագործներն ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է»:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք իրավիճակն այսքանից հետո կփոխվի, եւ Սերժ Սարգսյանն արդյո՞ք մինչեւ վերջ հետամուտ կլինի իր հանձնարարականները կատարելու հարցում, թե այս ամենը ընդամենը շոու էր՝ պատրաստելու կադրային փոփոխություններ ոստիկանության վերնախավում: Մեկ ուշագրավ փաստ էլ. քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ նիստի ժամանակ էլ Ս. Սարգսյանը հանձնարարականներ էր տվել իրավապահներին, բայց այստեղ էլ սայլը տեղից չի շարժվում:

 




Լրահոս