ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԷՖՖԵԿՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խախտել իր նախորդների կիրառած չգրված ավանդույթներից հերթականը՝ թույլ տալով հրապարակել Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ ամերիկյան գաղտնի փաստաթղթերը: Քենեդու սպանությունը ամերիկյան պատմության դժնագույն իրադարձություններից է, որի շուրջ ցայսօր հստակություն չկա: Այն իր նշանակությամբ հայ իրականությանում կարելի է համեմատել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, որի 18-րդ տարելիցը լրանում է այս ուրբաթ: Երկու դեպքում էլ անմիջական կատարողները հայտնի են ու ձերբակալված, մինչդեռ հասարակության մեջ գերիշխում է անվերապահ կասկածամտությունը:

Հոկտեմբերի 26-ին լրանում է ԱՄՆ Կոնգրեսի նշանակած վերջնաժամկետը, որով սահմանվում է մի շարք գաղտնի փաստաթղթերի պահպանման կարգը: Ըստ այդմ, ԱՄՆ նախագահը կա՛մ պետք է ստորագրի նոր հրամանագիր, որով ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի եւ մյուս հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերը պետք է ինչ-որ ժամանակ շարունակեն մնալ փակի տակ, կա՛մ էլ թույլատրի դրանց հրապարակումը: ԱՄՆ նախկին նախագահները մշտապես երկարացրել են այդ ժամկետը՝ չցանկանալով կրել հրապարակման պատասխանատվությունը կամ էլ զգալով, որ այդ նյութերի հրապարակումը կարող է վտանգավոր լինել: ԱՄՆ 45-րդ նախագահն ակնհայտորեն չի կիսում իր նախորդների կարծիքը եւ մտադիր է խախտել նախագահական ավանդույթներից հերթականը: Սպիտակ տան ներկայացուցիչները փոխանցել են, որ Թրամփը համոզված կողմնակիցն է թափանցիկ կառավարման սկզբունքների, եւ եթե ԱՄՆ հատուկ ծառայությունները չներկայացնեն հիմնավոր բացատրություններ, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել փաստաթղթերի հրապարակումը, նախագահը չի երկարացնի դրանց գաղտնիության ժամկետը:
Ակնհայտ է, որ Թրամփը ԱՄՆ պատմության ամենահակասական դրվագներից մեկը օգտագործում է իր քաղաքական հաշվարկների համար: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր գրեթե ամեն շաբաթ Թրամփն ու իր թիմը ստիպված էին բախվել տեղեկատվական ներքին արտահոսքերի ու դրանց առաջացրած հանրային հարցադրումների հսկայածավալ տարափին: Այդ իրավիճակում բնականորեն նվազում է կառավարության գործունեության արդյունավետությունը՝ արհեստական խոչընդոտ հանդիսանալով գործադիրի համար: Բացի այդ՝ Թրամփն ինքն էլ կարծես հոգնել է իր անվան մշտական շահարկումներից եւ օրինաչափորեն աստիճանաբար սպառում է հակառակորդներին հակահարված տալու ռեսուրսները: Բնույթով միտված լինելով կոտրելու նախկին կարծրատիպերն ու խախտելու վաշինգտոնյան քարացած ավանդույթները՝ Թրամփը Քենեդու սպանության մասին գաղտնի փաստաթղթերը թերեւս հրապարակում է ճիշտ ժամանակին: Ցուցադրելով իր անհաշտ բնավորությունը՝ նա ամերիկյան հասարակության ու ԶԼՄ-ների համար յուրօրինակ զբաղմունք է ստեղծում: Հասարակական ուշադրությունը առժամանակ կսեւեռվի գաղտնի փաստաթղթերի մանրամասների ու դրանց ուսումնասիրության վրա՝ ինչ-որ չափով հանգիստ թողնելով նախագահին ու նրա վարչակազմին:
Քենեդու սպանության գործի քննությամբ զբաղված հետաքննող լրագրողներն ու պատմաբանները, սակայն, առանձնապես ոգեւորված չեն այդ փաստաթղթերի հրապարակմամբ: Նրանց մեծ մասը համոզված է, որ դա գործի բացահայտմանը առարկայական նորություն չի հաղորդելու: Հասարակության ներսում առկա կասկածը, որ Լի Հարվի Օսվալդը չի եղել մարդասպանը, կամ նա միայնակ չի իրականացրել սպանությունը, թրամփյան հրապարակումներով չի հաստատվելու: Սակայն առավել հիմնավոր է կարծել, որ փաստաթղթերի հանրայնացմամբ կարող է պարզվել, թե ինչպես են հատուկ ծառայություններն ու առանձին անհատները փորձել պարտակել գործի ամբողջական բացահայտումը: Ենթադրվում է, որ Քենեդու մարդասպանը հավաքագրվել ու հատուկ պատրաստություն է անցել ՀԴԲ-ի կողմից՝ իրականացնելու համար Ֆիդել Կաստրոյի սպանությունը: Ակնկալվում է, որ փաստաթղթերում կարող են տեղեկություններ լինել նաեւ նախագահի սպանության մեջ Մեքսիկայի դերակատարության առումով:
Ինչպես Քենեդու սպանությունն է համարվում ամերիկյան պատմության ամենազարհուրելի դրվագներից մեկը, այնպես էլ մեզանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է: 1963թ. Քենեդու սպանության պես 1999թ. խորհրդարանում Հայաստանի ղեկավարության գնդակահարությունն անչափելիորեն ցնցեց հասարակությանն ու պետության հիմքերը: Սակայն եթե ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը բավականին հասուն գտնվեց՝ դուրս գալու համար բարդագույն ճգնաժամից եւ չխաթարելու ԱՄՆ պետականության զարգացման ընթացքը, ապա Հայաստանում դեպքերը չափազանց աննպաստ զարգացում ունեցան: Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի ու պաշտոնատար այլ անձանց հրապարակային, աննախադեպ սպանությունը ոչ միայն տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը, այլեւ անդառնալիորեն շեղեց պետության ընթացքը՝ հանգելով իշխանության բռնազավթմանն ու այլասերմանը: Դրանից հետո լոկ տեխնիկայի հարց դարձան քաղաքական դաշտի ամայացումը, տնտեսության բացարձակ մոնոպոլիզացիան, ընտրական ինստիտուտների խեղումը եւ այլն: Քենեդու սպանության ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ առերեւույթ բազմաթիվ նմանությունների հանգույն՝ երկու հասարակություններում էլ ցայսօր տիրում է կասկածամտությունը գործերի բացահայտման հարցում: Թեպետ հայտնի են անմիջական կատարողները, որոնք պատասխանատվության են ենթարկվել դատական կարգով, սակայն հասարակությունները համոզված են դրանց թիկունքում ինչ-ինչ ուժերի գոյության հարցում: Այսօր ԱՄՆ-ում հրապարակվելիք փաստաթղթերը գուցե ինչ-ինչ հարցերի պատասխաններ տան, մինչդեռ Հոկտեմբերի 27-ի պարագայում դռներն ամուր կողպված են, թեեւ, ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, ոմանք առարկայական տեղեկատվության, այդուամենայնիվ, տիրապետում են:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 14-ին գրել էր, որ մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ու հայ հարուստ վարորդները վաղուց ռուսական համարանիշներ են ձեռք բերել՝ անարգել մեքենա վարելու համար: Ու «օրենքից դուրս» համարանիշներով ավտոմեքենաների պատճառով պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում:

Մենք հիշեցրել էինք, որ այս առիթով Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ հանձնարարականներ էր տվել, սակայն դրանք մինչ օրս չեն կատարվել: Եւ ահա «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ի վերջո, բարեհաճել է ընթացք տալ այս հարցին: Երեկ, մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը տարածեց մի տեսանյութ, որտեղ նշվում էր հետեւյալը. «2016 թվականի նոյեմբերի 2-ին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով անցկացված խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի կողմից ոլորտի վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ: Այս կապակցությամբ հոկտեմբերի 19-ին ՃՈ պետ Եգոր Կարապետյանն այցելել է Բագրատաշենի եւ Գոգավանի սահմանային անցակետեր: Քննարկվել են սահմանային անցակետերում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործառույթները…»: Ի դեպ, 10 օրից կլրանա մեկ տարին, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել: Բայց ՃՈ-ն դեռ նոր է որոշել այցելել սահմանային անցակետեր:
Ըստ ՀՀ ոստիկանության երեկվա տարածած տեսանյութի` շուտով (թե երբ, հստակ ժամկետ չի նշվում) հանրապետության բոլոր սահմանային անցակետերում ծառայություն կիրականացնեն ՃՈ աշխատակիցները, որոնք երկրից դուրս եկող արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին կծանուցեն կատարած խախտումների մասին: Հուսանք՝ ՃՈ-ի «շուտով»-ը երկար տարիներ չի ձգվի:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ճանապարհապարեկային ծառայողների կողմից օտարերկրյա հաշվառման համարանիշներով ավտոմոբիլների վարորդների նկատմամբ կայացված տուգանք նշանակելու մասին որոշումների քանակը 2016 թվականին կազմել է 8316, իսկ այս տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածում` 8158: Այսինքն՝ տուգանքների թիվը նվազել է՝ թերեւս ի հաշիվ հայկական համարանիշները ռուսականով փոխարինելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԵՂԵ՞Լ
Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա: Տեղեկացանք, որ 22 հիվանդից 4-ը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել, եւ նրանց մոտ տուլարեմիա հիվանդության առկայությունը ժխտվել է: Այդ հիվանդները Բերդի բժշկական կենտրոնում վիրահատական միջամտության են ենթարկվել, նրանց մարմինների ուռած տեղերում կտրվածքներ են արվել: Գ. Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչն էր տուլարեմիա հիվանդության բռնկման պատճառը: Նա ասաց, որ 99 տոկոսով համոզված է՝ ադրբեջանական թռչող սարքի միջոցով է հիվանդության վարակը տարածվել Արծվաբերդում: Չնայած, որ հողում, ջրում եւ այլ տեղերում կատարված հետազոտություններով ժխտվել է դրանցում տուլարեմիայի վիրուսի առկայությունը: Այս դեպքում ո՞րն էր նրա կասկածի աղբյուրը: «Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենն ասաց, որ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանում ոչխարների, հավերի կատաղության հիվանդության բռնկում էր: Այդ հիվանդությունը ընտանի կենդանիներից անցել էր մարդկանց: Նա համոզված է, որ դա նույնպես ադրբեջանական դիվերսիայի հետեւանք էր, ադրբեջանցիները շների բազմացման շրջանում կատաղությամբ վարակված շներ են բաց թողել սահմանագոտում, այդ շները Բերդի սահմանագոտու գյուղերի շների հետ հարաբերություններ ունենալով` կատաղություն հիվանդության վարակ են տարածել: Հետագայում շներից վարակը տարածվել էր ընտանի կենդանիներին եւ մարդկանց:

 

 

ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Տավուշի մարզում խաղողի մթերումն ավարտվել է: Այս տարի մարզում ընդհանուր առմամբ մթերվել է 5106 տոննա խաղող, որը ավել է նախորդից: 2016թ. Տավուշում մթերվել էր 4141 տոննա խաղող: Վ. Սուքոյանն ասաց՝ հաշվի առնելով այն, որ այս տարվա եղանակային պայմանները գյուղատնտեսության համար անբարենպաստ էին, 5 հազար տոննա խաղողի մթերումը լավ ցուցանիշ է: Տեղեկացնենք, որ մարզում խաղող են մթերել Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Բերդավանի գինու գործարանը, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մթերման կետը եւ Իջեւանի գինու գործարանը: Սուքոյանը հայտնեց, որ Իջեւանի գինու գործարանը խաղող մթերողներին վճարում է ժամանակացույցով, տարի է եղել, որ վճարումները ձգձգվել են մինչեւ հաջորդ տարվա փետրվար: Նա ասաց, որ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մթերման կետը ընդունած խաղողի դիմաց մասամբ է վճարել, մնացած ընկերությունները խաղողն ընդունելուց հետո խաղողագործներին անմիջապես վճարել են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս