ՆԱ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ԻՐԵՆ ԽՓԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

-Տիկի՛ն Դեմիրճյան, ամեն տարի հոկտեմբերի 27-ի օրերին ի՞նչ եք հիշում, ի՞նչ ապրումներ եք ունենում:
-Ոչինչ չի փոխվել այս 18 տարվա մեջ: Ամեն օր, ամեն ժամ նա հետս է. մտքումս, սրտումս: Միշտ մտածում եմ՝ նա ինչ կաներ կամ կասեր իմ այս կամ այն քայլի մասին:
-Ինչպիսի՞ մարդ էր պարոն Դեմիրճյանը տանը՝ որպես ամուսին, պապիկ, հայր:
-Դուք որպես պետական-քաղաքական գործիչ ինչպես եք նրան ճանաչում՝ լավ: Նա լավն էր նաեւ տանը: Նա բոլորի մասին հոգացող մարդ էր: Ինչքան էլ հոգնած գար, երբեք ցույց չէր տա տանը, միշտ ժպիտը դեմքին:
-Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են: Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին: Ի՞նչ էր նա զգում:
-Նա երբեք ոչինչ ստույգ չի իմացել, թե ինչ կլինի: Բայց նա ուներ զարմանալի ինտուիցիա, շատ շուտ կռահեց, որ վտանգված է: Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ նա համոզված էր՝ իրեն խփելու են: Բայց համոզված լինելով՝ նա մտածում էր ոչ թե իր, այլ մեր՝ ընտանիքի եւ երկրի մասին: Նա մի քանի անգամ հոկտեմբերին ասեց՝ դու ինչ պետք է անես առանց ինձ: Նա ինձ համարում էր դյուրահավատ, կյանքին շատ չհարմարված մարդ: Ու երբ ես տագնապ էի հայտնում, նա իսկույն կատակում էր, թե հույս չունենաս՝ 30 տարուց հետո նոր ինձ հետ մի բան կլինի: Դա էլ էր հերոսություն. որեւէ մեկի հետ չէր խոսում, միայն եղբոր հետ է Մոսկվա խոսել, թե Կամո՝ ինձ խփելու են: 1999 հոկտեմբերի երկրորդ կեսին մենք երկուսս էլ դերասանություն էինք անում, նա ինձ էր խնայում, ես՝ իրեն: Տագնապ կար մեջս: Երբ որ դա կատարվեց, ես հիմա կարծում եմ, որ իմ ամենամեծ սխալներից մեկն այն է, որ չէի խոսում իր հետ: Բայց ինչպես ասեի՝ զգուշ եղի: Ամեն անգամ երբ ճանապարհում էի, մուտքի մեջ ձայն էի տալիս՝ Կարե՛ն: Նա մի օր բարկացավ, թե բան ունես, ներսում ասա, ինչու ես դրսում ասում: Բայց ինչպես բացատրեի, որ ես ձայն էի տալիս, որպեսզի շրջվեր, մի անգամ էլ դեմքը տեսնեի:
-Տիկի՛ն Դեմիրճյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչեւ վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը:
-Միջազգային պատմությունը վկայում է, որ նման սպանությունները պատրաստում են շատ նրբորեն, գաղտնիաբար, փուլային: Մի բանում ես համոզված եմ, որ այդ տականքները իրենք էլ չհասկացան, որ իրենց օգտագործեցին: Նրանց ով էր բանի տեղը դնողը, թե որն է իրենց նպատակը: Նրանց գլուխները պարզապես լցրել էին, թե դուք ազգ եք փրկում եւ այլն: Նրանք փառամոլությամբ հիվանդներ էին, հիմարներ: Իսկ բացահայտումը… գլուխը հեռու է: Օրինակ՝ Քենեդու սպանությունը բացահայտվե՞ց: Ո՛չ: Չնայած՝ կան հաղորդումներ, որոնք վկայում են, թե լավ էլ գիտեն, թե ով է: Ուղղակի ոչինչ չեն անում: Ես մի բան գիտեմ, որ մոտ ժամանակներս՝ 10-20 տարի, դժվար թե բացահայտվի: Պատահականությունը բացառված չէ, որ մի տեղից մի բան դուրս գա:
-Իսկ ի՞նչ կոնկրետ խանգարող բան կա չբացահայտման համար:
-Մեզ մոտ՝ էստեղ, չի բացահայտվել գործը:
-Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, մշտապես հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտվի միայն մի դեպքում, երբ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն լինի: Դուք ի՞նչ եք կարծում:
-Ես չեմ կարող դա պնդել: Օբյեկտիվորեն դժվար է բացահայտելը: Դրանցից ինչ հնարավոր էր իմանալ, իմացել են:
-Այսինքն՝ այդպես էլ չե՞նք իմանա, թե ում էր ձեռնտու ՀՀ իշխանությունը գլխատելը:
-Կարող է՝ բացահայտվի, բայց ես քիչ հույս ունեմ: Կարող է՝ շատ տարիներ անց ինչ-որ փաստաթղթեր ի հայտ գան, բացահայտեն, բայց մեզ ինչ դրանից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ՀԱՐՈՒՑԻՉԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՉԷ
ՀՀ առողջապահության նախարարությունը նախօրեին արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը՝ հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում տուլարեմիայի հիվանդության բռնկմանը, ժխտելով Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի այն պնդումը, թե Արծվաբերդում տուլարեմիան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի միջոցով է տարածվել:
ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է նաեւ. «Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի համայնք ներթափանցումն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի միջոցով տարածված վարակի մասին զրուցել էր Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի հետ: Ու քանի որ հիմա առողջապպահության նախարարությունը հերքում է տարածել՝ հավանականության տեսությանը հղում անելով, «Ժողովուրդ»-ը կրկին կապ հաստատեց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի հետ՝ հետաքրքրվելով տուլարեմիայի բռնկման պատճառի մասին: Սակայն այս անգամ Դալլաքյանը հորդորեց դիմել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերհսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ կենտրոնում են տուլարեմիայի հիվանդության վերաբերյալ լաբորատոր հետազոտություններ կատարվել:
Զրուցեցինք նաեւ Արմեն Նազինյանի հետ, ով ասաց, որ լաբորատոր հետազոտություններով տուլարեմիայի հարուցիչը հայտնաբերված չէ: Քանի որ այդ հիվանդությունը տարածվում է կրծողների միջոցով, Ա. Նազինյանը կարծում է, որ դաշտից բերված անասնակեր խոտի մեջ տուլարեմիայով հիվանդ կրծող է Արծվաբերդ մտել, որի միջոցով վարակը տարածվել է:
Մեր զրուցկիցը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուլարեմիայով հիվանդացածների տները Արծվաբերդի մի թաղամասում են գտնվում ու բոլորը՝ ճանապարհի եզրին: Նրա խոսքերով՝ մի ամիս առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մի բնակիչ վարակվել է այդ հիվանդությամբ, ու հիմա իրենք կարծում են, որ նրա հիվանդանալու պատճառը կարող էր լինել այլ տարածաշրջանից ներկրված ցորենի մեջ վարակի առկայությունը:
Մի խոսքով, դարձյալ որեւէ հստակություն չկա: Ու թեեւ առողջապահության նախարարությունը շտապել է հերքել, որ անօդաչու սարքերով կարող է տարածված լինել հիվանդությունը, այնուամենայնիվ, հիմնավորում չունի հետազոտության փաստերով, թե հիվանդությունը ինչպես է տարածվել: Ամեն ինչ գտնվում է «կարող է», «գուցե, «չի բացառվում», «հավանական է» եւ այլ ձեւակերպումների տիրույթում: Բայց գլխավորն այն է, որ հերքումը տարածվել է: Գործի կեսն արված է:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՆ ԳՆՈՐԴ ՉԻ ԳՏԵԼ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին նախագահի ավտոմեքենայով այս անգամ եւս հետաքրքրվողներ չեն գտնվել: Նկատենք, որ 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան եթե այսօր վաճառքի հանվեր, ապա այն կարող էին գնել 13.6 մլն դրամով: Բայց յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Այսինքն՝ հաջորդ աճուրդին, որը կայանալու է նոյեմբերի 10-ին, ավտոմեքենայի գինը դառնալու է 10 մլն 880 հազար դրամ: Իսկ եթե այն նորից չվաճառվի, ապա աճուրդի կհանվի նոյեմբերի 27-ին` 8 մլն 704 հազար դրամով:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐ ԼՈՔՅԱՆԸ ԿԻՆՈԽՑԻԿ Է ԳՆԵԼՈՒ
ՀՀ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը առաջիկայում կհատկացնի 36.5 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարից 11 մլն 810 հազար դրամով նախարարությունը գնելու է համակարգչային սարքավորումներ: Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` աշխատակիցները նոր համակարգիչների խիստ կարիք ունեն:
Քանի որ գոյություն ունեցող համակարգիչները եւ համակարգչային տեխնիկայի հիմնական մասը շահագործվում է շուրջ 7-10 տարի, արդեն ֆիզիկապես մաշվել են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի 19 նոր համակարգիչներից, նախարարությունը կարիք ունի նաեւ 10 օդորակիչների, 11 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի: Նաեւ նշված գումարից տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը գնելու է լուսանկարչական կինոխցիկ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ կինոխցիկով ՏԿԶՆ-ն լուսաբանելու է մարզեր կատարվող այցելությունները, հանդիպումները, ասուլիսները: Հուսանք, որ Դավիթ Լոքյանը պետական միջոցներով գնած կինոխցիկով սեփական փիարով չի զբաղվի, այլ կզբաղվի աշխատելով:
Իսկ ահա 24 մլն 690 հազար դրամը ՏԿԶՆ-ն կհատկացնի Գեղարքունիքի մարզպետարանին, որով մարզպետարանը պատրաստվում է կահավորել մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը: Մասնավորապես թատրոնի համար ձեռք կբերվեն վարչական սարքավորումներ եւ հատուկ նպատակային նյութեր:

 




Լրահոս