ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է երեւանյան խանութներից մեկում

Շինանյութի այս խանութում նման հայտարարության հեղինակը փորձել է գոնե այս կերպ դրդել մարդկանց բարեւել: Հավանաբար հաճախորդներն այնքան մտազբաղ են լինում, որ մոռանում են խանութ մտնելիս բարեւել: Հուսանք՝ այս գրությունն ինչ-որ չափով կծառայի իր նպատակին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հնարավոր է արդյո՞ք անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում տարածել պարտադիր կուտակային միջոցների վրա, եթե անձի կենսաթոշակային տարիքը դեռ չի լրացել:

Ռուբեն Ասլանյան (60 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Մինչեւ անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն՝ եթե անձն ունի գույքային պարտավորություններ բանկի կամ որեւէ այլ անձի հանդեպ եւ չունի բավարար գույք՝ իր պարտավորությունները կատարելու համար, ապա միեւնույն է՝ նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել: Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա՝ 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ասել՝ նշված օրենքը սահմանողները փոքր-ինչ բարի են գտնվել. բռնագանձում չի տարածվում կենսաթոշակային տարիքը չլրացած քաղաքացիների կուտակային միջոցներին: Գոնե այս դեպքում նրանք մի փոքր ավելի ժամանակ ու հնարավորություն կունենան՝ լուծելու իրենց գույքային պարտավորությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե վարձու աշխատողին արտասահմանում տրամադրվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատության կողմից, ապա արդյո՞ք այդ թերթիկն անցողիկ է ՀՀ-ում: Եթե այո, ապա կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը:

Մարիա Աբրահամյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով, համաձայն որի` օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:
Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ բավական երկար ճանապարհ անցնելուց ու թղթաբանական իսկական քաշքշուկի մեջ ընկնելուց հետո օրենքը թույլ է տալիս արտասահմանից ուղարկած փաստաթղթով ստանալ անաշխատունակության նպաստ:




Լրահոս