ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը կրկին ուժեղացվել է: Հատկապես խստացման դրսեւորումները առավել ակնհայտ են երեւացել Սերժ Սարգսյանի կողմից մի շարք գերատեսչություններ այցելելու ընթացքում:

Այն, որ 2015 թվականից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀՀ պետական կառույցներում, գաղտնի չէ ոչ ոքի: Այդ իրավիճակը ուներ իր հիմնավոր պատճառները. Նորք-Մարաշում ԱԱԾ-ն վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել էր գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը, իսկ ահա հայտնաբերված զինված խումբը քննարկել էր Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը
2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը:
Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Նրանք եւս իրենց հերթին մի շարք պահանջներ ներկայացրին, որոնցից առաջնայինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր:
2017 թվականի հունվարին գրել էինք, որ ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել, ինչից հետո Սերժ Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ:
Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, Սերժ Սարգսյանի դեմ հնարավոր հարձակման վտանգը չի չեզոքացվել, քանի որ վերջին շրջանում նրա կողմից տարբեր գերատեսչություններ այցելության ժամանակ խիստ հսկողություն է իրականացվել: Մասնավորապես սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ անգամ նախարարներին էին ստիպել հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ եւ համապատասխան «վնասազերծված» ավտոբուսներով գնալ ՊՆ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը Սերժ Սարգսյանի անվտանգությունը հրահանգել էր, որ նախարարության ապակիները փակեն, որպեսի դրսից չերեւա, թե նախարարությունում ինչ է կատարվում:
Նույն հրահանգը իջեցվել է նաեւ Սերժ Սարգսյանի՝ մի շարք գերատեսչություններ այցելելու ընացքում եւս:
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, հոկտեմբերի 23-ին այցելել էր ՀՀ ոստիկանություն, իսկ ահա հաջորդ օրը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն: Բոլոր տեղերում նկատելի է եղել նրա նկատմամբ խիստ հսկողությունը:
Ի՞նչ է կատարվում: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ուժեղացվել է: Դեռեւս այս տարվա մարտին գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով՝ կործանիչների ուղեկցությամբ:
-Հիմա դժգոհ ե՞ք, թե՞ ինչ խնդիր կա, եթե ուժեղացվում կամ թուլացվում է:
-Փաստ է, որ երկրի ղեկավարի անվտանգությունը գնալով ուժեղացվում է, ինչո՞վ է պայմանավորված:
-Ընդամենը նորմալ միջոցառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում դուք տեսնում եք ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, եւ մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում եւ հույս ունենք, որ դա որեւիցէ կերպ Ձեր աշխատանքի վրա չի անդրադառնում:
-Տարածաշրջանի պրոցեսնե՞րն են պատճառը, որ անգամ հրահանգ է իջեցվել, որ գերատեսչությունները նրա այցի ժամանակ ապակիների շերտավարագույրները փակել են, որպեսզի դրսից տեսանելի չլինի, թե ներսում ինչ է կատարվում:
-Ես առաջին անգամ Ձեզանից եմ նման բան լսում: Մտահոգվելու որեւէ խնդիր չկա, մենք մեր ամենօրյա գործառույթները իրականացնում ենք այնքան, ինչքան նպատակահարմար ենք գտնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՆՊԱՇՏՊԱՆ ՊԵՏԸ
Քրեակատարողական հիմնարկների շուրջ աղմկահարույց դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ իրավապահների թիրախում է հայտնվել «Արմավիր» ՔԿՀ-ն եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտված եւ կալանավորված անձինք նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ են գործադրել: Ավելին՝ նշված ՔԿՀ-ներում աշխատող պաշտոնատար անձինք իմացել են այդ դեպքերի մասին եւ օրենքով սահմանված կարգով ընթացք չեն տվել: Այդ իրավիճակը տիրել է նաեւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մասնավորապես կալանավորված անձանցից մեկը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն մեկուսացնել՝ ապահովելու համար իր անվտանգությունը, եւ բացատրություն է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի թերապիայի բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Արդյունքում, ծեծի ենթարկվելուց հետո ինքը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին եւ նրա օգնականին հայտնել է իր հետ կատարվածի մասին, սակայն վերջիններիս կողմից որեւէ գործողություն չի ձեռնարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, կալանավորին, դատապարտյալին պարբերաբար ծեծում են, ՔԿՀ պաշտոնատար անձինք իմանալով այդ մասին՝ մատը մատին չեն տալիս:
-Եթե սխալ արած կլինեմ, թող պատժեն, իսկ մնացած հարցերով դիմեք մեր լրատվական բաժին:
-Փաստ է, որ կալանավորը պնդում է՝ իրեն պարբերաբար ծեծել են, Դուք Ձեր ղեկավարած կառույցում տիրող իրավիճակին չեք տիրապետում:
-Մոռացեք այն մասին, որ այսօր ՔԿՀ-ում որեւէ դեպք պատահի, ու այդ մասին համապատասխան ընթացք չտրվի, պարզապես այսօր պետական ծառայողները, չինովնիկները ամենաանպաշտպան խավն են, ով ինչ ուզում, գրում է, հետո պարզվում է, որ նման բան չի եղել, նորմալ է: Մնացածը քննությունը կպարզի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ԻԳԼԱ»-Ն ՌԱԶՄԱՄԹԵՐՔ
«Իգլա»-ի գործով դատական նիստում դատավարության կողմերը հարցեր են ուղղել գործով ՊՆ փորձագետ Հասրաթյանին, որը փորձագիտական եզրակացություն էր տվել «Իգլա»-ի առնչությամբ: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն: Հասրաթյանը նշել է, որ գործով որպես ապացույց առկա «Իգլան» կարելի է օգտագործել ըստ նշանակության, եթե այն համալրվի պակասող մասերով. այն չունի արձակման մեխանիզմ եւ վերգետնյա սնուցման բլոկ: Ս. Բաբայանը հարցրել է՝ նման վիճակում այն համարվո՞ւմ է ռազմամթերք: Փորձագետը պատասխանել է, որ այո, այն հանդիսանում է սպառազինության մասնիկ: Ս. Բաբայանն առարկել է՝ կրկնելով դատարանում մինչ այդ ասածը. «Նման վիճակում «Իգլան» վտանգավոր չէ»:

 

 

 

ԱՐՀՆԱՀՈՍՈՂ ՎԵՐՔ
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը: Նա, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին: Էրդողանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես եւ Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի: Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»:

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության դեպք է գրանցվել Արարատի մարզում: Սեռական ոտնձգության զոհը 8-րդ դասարանի աշակերտուհի է: Կասկածվողը եւս անչափահաս է՝ 17 տարեկան: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Նշենք, որ վերջին շրջանում նկատվում է սեռական բնույթի հանցագործությունների աճ, այդ թվում՝ երեխաների դեմ ուղղված:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի տեղեկացմամբ՝ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի պաշտպանական վարկի վերաբերյալ համաձայնագիրը Երեւանը մինչեւ տարեվերջ կստորագրի: «Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այս համաձայնագրին: Առայժմ ստորագրման համար կոնկրետ ժամկետ չկա, բայց, հուսով եմ, մինչեւ նոր տարի կստորագրվի»,-ասել է նա: Հայաստանի կառավարության կողմից հոկտեմբերի 12-ին հավանության արժանացած համաձայնագրի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տարեկան 3 տոկոսադրույքով է, տրվում է 15 տարի մարման ժամկետով:

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երեւանում հարձակման է ենթարկվել շտապօգնության անձնակազմը: ArmLur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ հաղորդում է ստացվել շտապօգնության «Արաբկիր»-ի ենթակայանից, որ Լեփսիուսի փողոցում կանչով մեկնած խմբի վրա հարձակվել են: Ավելի ուշ մեկ այլ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ շտապօգնության նշված բժիշկը վիճաբանել է իր հետ եւ հարվածել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 




Լրահոս