ԱՄԱՆՈՐԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՏԱՆԸ ԱՆՑԿԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորը համարվում է ընտանեկան տոն, եւ մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է այն նշել տներում՝ հարազատների միջավայրում: Բայց վերջին տարիներին այս ավանդույթը կարծես թե ձեւափոխվել է, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել հարեւան Վրաստանի Հանրապետությունում կամ ՀՀ հանգստյան տներում եւ հյուրանոցներում:

Հայ կանանց մի մասի մոտ Ամանորը, բացի տոն լինելուց, նաեւ հոգս է ու վազվզոց, ավելորդ ծախսեր: Էլ չենք խոսում հետամանորյա սթրեսների մասին: Եւ հանգստյան տներում կամ այլ երկրում Նոր տարին դիմավորելու մտքից ավելի շատ ոգեւորվում են կանայք: Քանի որ այդպես նրանք ազատվում են բլինչիկի, տոլմա փաթաթելու, խոզի բդի եւ աղցաններ պատրաստելու պարտադրված աշխատանքներից:
Բայց հաշվի առնելով մեր հայրենակիցների մեծ մասի սոցիալական պայմանները՝ ոչ բոլորն են ի վիճակի Ամանորը նշելու հյուրանոցում` տարբեր շոու-ծրագրերին մասնակցելով:
Իսկ դրամական ինչպիսի՞ արտահայտություն է ունենում ամանորյա տոնակատարությունը դրսում կամ տանը նշելու դեպքում:
«Ժողովուրդ»-ը փոքր հաշվարկ կատարեց եւ պարզեց, որ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-450 հազար դրամ: Իսկ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից: Իսկ եթե ընտանիքը երկու հոգուց ավել է, ապա գինը կրկնակի բարձրանում է եւ 1 մլն դրամը գերազանցում: Բայց այս տարի մեր քաղաքացիների հիմնական մասը ամանորյա ծախսերը կկրճատի: Պատճառը շոշափելի գնաճն է եւ աշխատավարձի չբարձրանալը: Արդյունքում անցած տարվա համեմատ՝ այս տարի ամանորյա գնումներին ավելի քիչ գումար կհատկացնեն:
Չնայած որ դեկտեմբերի 31-ին մնացել է ուղիղ երկու ամիս, բայց արդեն ամանորյա փաթեթով հետաքրքրվողները շատ են: Ավելին՝ Հայաստանում կան հյուրանոցներ, որտեղ Ամանորը դիմավորելու համար այս օրերին քիչ թվով է ազատ տեղ մնացել կամ ընդհանրապես չկա: Մարդիկ արդեն սկսել են ամրագրել հյուրանոցների համարները:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեց, որ Ծաղկաձորում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրը երկու անձի համար դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը ամանորյա փաթեթը առաջարկում է 500 հազար դրամով: Նշենք, որ այս հյուրանոցային համալիրը պատկանում է «Ոսկու աշխարհ» սեփականատեր հայտնի Վաղարշ Վաղարշյանին: Այս գնի մեջ մտնում է երեքանգամյա սնունդը, նաեւ ամանորյա տոնական միջոցառումը:
Ծաղկաձորում գործող մյուս` «Գոլդեն Փելես» հյուրանոցը Նոր տարին դիմավորելու համար եւս երկու անձի համար գնային նույն պայմաններն է առաջարկում:
Մյուս հյուրանոցը` «Նաիրի»-ն, որը ըստ տուրօպերատորների` համարվում է էկոնոմ, ամանորյա փաթեթը մեկ անձի համար առաջարկում է 132 հազար դրամ: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը ամանորյա փաթեթի դիմաց պահանջում է վճարել 400 հազար դրամ, որի մեջ մտնում են սնունդը եւ տոնական միջոցառումը: Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անձը Նոր տարին կարող են դիմավորել եւ անցկացնել 900 հազար դրամով: Հյուրանոցի առաջարկած գնի մեջ մտնում են երեքանգամյա սնունդը, շոու-ծրագիրը, բայց տեղեր արդեն չկան: Նշենք, որ Ծաղկաձորում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի առաջարկած գները կրկին բարձր են եւ գերազանցում են մեկ մլն դրամը: Իսկ «Արթուրս Աղվերան Ռիզորթ»-ը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը ամանորյա փաթեթը երկու անձի համար առաջարկում է 500 հազար դրամ: Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» հյուրանոցում 2 անձի համար դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը ամանորյա փաթեթը առաջարկում են 800 հազար դրամով, իսկ 4 հոգու համար՝ 1 մլն 600 հազար դրամով: Եթե 2 հոգանոց ընտանիք է, ապա ամանորյա վազվզոցից փախչելը կարելի է ասել՝ ձեռնտու է: Իսկ ահա 4-6 հոգանոց ընտանիքի համար արդեն 1-1.5 մլն դրամ է կազմում, ինչը ահռելի մեծ գումար է՝ 5-6 օրվա հանգստի համար: Ու սա է պատճառը, որ վերջին տարիներին հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում եւ Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են: Իսկ Հայաստանում գները շատ բարձր են, հատկապես` Ծաղկաձորում:
Հայաստանի գրեթե բոլոր տուրընկերությունների աշխատողները հետաքրքրվողներին միաբերան առաջարկում են Ամանորը անցկացնել Վրաստանում: Քանի որ այնտեղ առաջարկվող ծառայությունները անհամեմատ մատչելի են, քան Եգիպտոսում, Դուբայում եւ, իհարկե, Հայաստանում: Օրինակ՝ «Ջոյ տուր» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Վրաստանի հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը Ամանորն անցկացնելու համար մեկ անձի արժեքը կազմում է 200 դոլար, որի մեջ մտնում է դեպի Վրաստան գնալն ու գալը, ընթրիքը, տոնական շոուն եւ մի քանի էքսկուրսիաներ: Իսկ ահա դեպի Եգիպտոս ամանորյա փաթեթի արժեքը մեկ անձի համար կազմում է 550 դոլար, որի մեջ մտնում է ընթիրքը, դիմավորելը, ճանապարհելը, ավիատոմսի արժեքը:
Ի դեպ, տուրընկերություններ կան, որոնք ամանորյա 5 օր առաջարկում են անցկացնել Վրաստանի Ռաբաթ բերդաքաղաքում` ընդամենը 333 դոլարով: Այս գնի մեջ են մտնում նաեւ երկկողմանի ճանապարհածախսը, հինգ ամանորյա գալա ընթրիքը, շոու ծրագիրը, շրջագայությունները: Մեկ այլ տուրօպերատոր Թբիլիսիում առաջարկում է ամանորյա հինգ օր անցկացնել մեկ անձի համար 270 դոլարով, 7 օր Փարիզում` 905 եվրո, 8 օրը Եգիպտոսում 790 դոլար, 7 օր Հռոմում` 600 եվրո, 7 օր Պրահայում` 875 եվրո, 8 օրը Երուսաղեմում` 999 դոլար, 9 օրը Շարժայում` 980 դոլար:
Այս իրավիճակում ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն` գումար հայթայթել, որ հանկարծ Նոր տարուն ամոթով չմնա՞ն իրենց հյուրերի առաջ, թե՞ ընտանիքի հետ այն մատչելի գներով դիմավորել երկրից դուրս: Բայց փաստը մնում է փաստ` Նոր տարուց հետո քաղաքացու համար սկսվում են տխուր օրեր, քանի որ գալիս է պարտքերը փակելու ժամանակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 31-ին արեւմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, նաեւ՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: Նշենք, որ Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:




Լրահոս