«ԿԱՆԱՅՔ ՓՈՂՈՑՈՒՄ ԻՆՁ ԱՆԻԾՈՒՄ ԷԻՆ, ՎԻՐԱՎՈՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» մի շարք հեռուստասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանի հետ զրուցել է ստեղծագործական դադարի, իր մարմնավորած կերպարների հետ ասոցացվելու եւ դրան առնչվող հետաքրքիր, հաճախ նաեւ զվարճալի դրվագների մասին։

-Նիկոլա՛յ, գիտենք, որ մարդիկ Ձեր մասին հաճախ կարծիք են կազմում՝ ելնելով Ձեր մարմնավորած բացասական կերպարներից։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել այս ֆոնին։
-Տասը հոգուց առնվազն ութը ինձ հետ անձնապես շփվելուց հետո ասում է. «Վա՛յ, ես քո մասին լրիվ ուրիշ կարծիքի էի»։ Մարդիկ մտածում են, որ կռվարար, չենթարկվող տեսակ եմ, բայց հետո փոխում են իրենց տեսակետը։ Մեկ-մեկ մտածում եմ, որ երկար դադարների պատճառը հենց դա է, գուցե մտածում են՝ ինձ հետ բարդ է աշխատելը… Այնինչ՝ բնավորությամբ բացարձակ ծանր մարդ չեմ, թեեւ էմոցիոնալ եմ։ Այդպիսին ես ծնվել եմ, դա իմ բնույթն է, ոչինչ անել չեմ կարող։ Հետաքրքիր, հաճախ նաեւ զվարճալի դեպքեր իմ անձի շուրջ շատ են գրանցվել։ Տարիքով կանայք փողոցում ինձ տեսնում էին, անիծում, վիրավորում, ասում էին. «Արեւդ թաղեմ, էն աղջկա հանդեմ ո՞նց ես վարվում»։ Պարզ է, որ ասոցացնում էին կերպարիս հետ։ Իսկ երբ խաղում էի «Դիմակահանդես» սերիալում, մարմնավորում էի գժի։ Մի մարդ մոտեցավ, ասաց. «Քեզ խաբում են, քո հերը ինքնա», ու ցույց տվեց Հովակ Գալոյանին։ Ես պահը չկորցրեցի, ասացի. «Ո՞նց ինքնա» ու ձեւացրեցի, թե ինքնազգացողությունս վատացավ։ Մեկ էլ էդ մարդը ասաց. «Խաբում եմ, խաբում եմ», ու փախավ (ծիծաղում է)։
-Դուք ասում եք, որ Ձեր կերպարներին նման չեք, բայց պետք է ասել, որ, այնուամենայնիվ, բավական պոռթկուն բնավորություն ունեք։
-Դպրոցական տարիներին կռվարար եմ եղել, թաղի տղաների հետ էլ եմ կռվել, բայց այդ ամենը երկար չի տեւել, որովհետեւ բացարձակ խռովկան չեմ, զզվում եմ խռովկաններից։ Բոլոր դեպքերում, սիրում եմ խոսել, արտահայտվել։ Հիշում եմ, որ մաման ասում էր. «Էլ չեմ ուզում գնալ ծնողական ժողովների, ախր ամոթ է»։ Շատ անորոշ վարք եմ ունեցել դպրոցական տարիներին, բայց հետո, մեծանալով, էներգիաս սկսեցի ավելի արդյունավետ կիրառել։
-Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին դերասան դառնալու Ձեր որոշմանը։
-Նրանք այն մարդիկ են, որոնք երբեք որեւէ արգելք իմ առջեւ չեն դրել։ Ամեն բան իմ ընտրությամբ է եղել։ Դրա համար էլ մի վատ բան որ լինում է, ոչ ոքի մեղադրել չեմ կարողանում։ Դեռ դպրոցական տարիներից գիտեի, որ թատերական ինստիտուտ էի ընդունվելու։ Այն բոլորովին ուրիշ աշխարհ է՝ սիրուն, ճաշակով, գունավոր։ Այդ միջավայրն այնքան շատ բան է տալիս քեզ, հետագայում նույնիսկ հետաքրքիր է, որ դու, թրծված լինելով այդ միջավայրում, ուրիշ ձեւով ես երեւույթները տեսնում, մյուսները՝ ուրիշ։
-Իսկ ինչո՞ւ Դուք թատրոնում այսօր չկաք։
-Երեւի պատճառն այն էր, որ ուսանողական տարիներին միանգամից հայտնվեցի սերիալներում։ Շատ քաղցր էր այդ ամենը՝ ունեի գումար, զբաղվածություն, նկարահանվում էի թատրոնի դերասանների հետ։ Բայց հետո անցավ ժամանակ, իսկապես ցավացի, որ չկամ բեմում, թեեւ հիմա էլ դեռ ուշ չէ։
-Որքանով տեղյակ եմ՝ Խորեն Աբրահամյանի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեք: Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք տարվել նրանով:
-Խորեն Աբրահամյանն ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ դերասանն է։ Ուսանողական տարիներից տարված եմ եղել նրանով։ Խորեն Աբրահամյանի ուժը, էներգիան այնքան շատ է… «Սարոյան եղբայրներում» նրա կերտած Գեւորգ Սարոյանի կերպարն այնքան հանճարեղ է, ո՞ր մի հայ տղայի չի ոգեւորի։
-Նիկոլա՛յ, նկարահանվեցիք «Երկիր մեդիայով» հեռարձակվող «Պապայի աղջիկները» հեռուստասերիալում եւ հիմա էլի ստեղծագործական դադարի մեջ եք: Ինչո՞ւ նախկինի պես հանդես չեք գալիս «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում:
-Այդ հեռուստաընկերության անձնակազմի հետ որեւէ խնդիր, կոնֆլիկտ չունեմ, պարզապես հրավերներ չեմ ստանում։ Երկար դադարներն, անկեղծ ասած, բավական ծանր եմ տանում։ Հասկանում եմ, որ կարող են ինձ չհրավիրել, բայց չեմ համակերպվում այդ մտքի հետ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԻՄՊՐՈՎԻԶՆԵՐ ԵՎ ԷՆՏՈՒԶԻԱԶՄ՝ ՔՅՈՍԱՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԻՆ
Կոմպոզիտոր, ջազ-դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը, որը կայացավ հոկտեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, անցավ բավական ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում։ Նշենք, որ այս տարի երաժիշտը նշում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը եւ իրականացնում էր «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» հետ հայաստանյան տասներորդ համերգը: Ներկաներին ոգեւորեց հատկապես այն հանգամանքը, որ համերգին հնչեցին նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ մի գործ, որը գրվել էր ջազի օրվա կապակցությամբ։ Համերգին ելույթ ունեցան երգչուհիներ Մարբին, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, ֆլեյտահար Մերի Մանուկյանը:
Ներկաներին գրավեց նաեւ այն հանգամանքը, որ Քյոսայանն ու մյուս ելույթ ունեցողները հաճախ դիմում էին իմպրովիզների. թե ինչպես կմատուցեին արդեն ծանոթ երաժշտությունը, հաճախ հնարավոր չէր կանխատեսել։ Այն էնտուզիազմն ու բարձր տրամադրությունը, որ ակնկալում էր Քյոսայանը, միանշանակ տեսանելի էր։
Դերասան Արման Նավասարդյանը, որը ծանոթ է Քյոսայանի գրեթե բոլոր ստեղծագործություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տպավորված էր կոմպոզիտորի՝ հատկապես նախավերջին կատարմամբ, որը կոչվում էր «Մայրություն»: «Դա ինձ համար իսկապես նորություն էր, կատարում՝ զուտ դաշնամուրով, առանց կողմնակի նվագակցության։ Առհասարակ, համերգից մեծ բավականություն եւ հաճույք ստացա։ Ինձ դուր եկավ դահլիճում տիրող մթնոլորտը, գույները, ամեն բան»,-ասաց նա։
Դերասանը հավելեց, որ Քյոսայանի երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել այն ժամանակվանից, երբ տարիներ առաջ «Մետրո» թատրոնում բեմադրվեց «Տոհմածառ» ներկայացումը, որտեղ օգտագործվել էր հենց Քյոսայանի երաժշտությունը. «Հետո արդեն անձամբ ճանաչեցի նրան, երբ կոմպոզիտորը դարձավ Համազգայինի փեսան (Նա դերասանուհի Ալլա Սահակյանի ամուսինն է-հեղ.)»։
Նշենք, որ Գարի Քյոսայանի՝ հարյուրից ավելի գործեր հնչել են աշխարհի տարբեր բեմերում եւ՛ հայ, եւ՛ օտարազգի կատարողների կողմից: «Ինձ համար հատկապես թանկ են «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման համար գրված ստեղծագործությունը եւ ֆիլմերի համար գրված գործերս»,- ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր կոմպոզիտորը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 




Լրահոս