Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը շարունակում է դանդաղ տեմպերով ընթանալ. իշխանությունները չեն դադարում ապշեցնել իրենց անհաղորդ պահվածքով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքիր փաստ բացահայտվեց. Հյուսիս-հարավ ավտոմայրուղու` Վայոց ձորի հատվածի ճանապարհային քարտեզը մինչեւ հիմա չի հաստատվել, ու միայն 2018թ. կտրվի նախագծի մեկնարկը: Նման խոստովանությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` հավելելով. «Բանն այն է, որ այս հատվածում ինժեներաշինարարական լուրջ աշխատանքներ կան անելու. Սիսիան-Քաջարան հատվածում 10-ից ավելի թունելներ պիտի կառուցվեն, որոնցից 2-ի երկարությունը բավականին շատ է, եւ 17-ից ավել կամուրջներ»:

Այնուհետեւ նախարարը նշել է, թե միայն այս հատվածի կառուցման մեկնարկից հետո կարող են մտածել հարավային հատվածի մյուս` Քաջարանից Մեղրի եւ Արարատից-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին:

Իսկապես իշխանությունները չեն դադարում ապշեցնել իրենց անհաղորդ պահվածքով: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներն ամեն գնով փորձում են ապացուցել, որ կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից, պատկերացում չունեն իրենց վստահված ոլորտից:

Հատկապես վերջին շրջանում Հայաստանը հետեւողականորեն դուրս է մղվում տարածաշրջանային բոլոր ծրագրերից, արդյունքում` գնալով խորանում է միջազգային մեկուսացումը: Այս առումով Բաքու-Թբիլիսի-Կարս նորակառույց երկաթուղու շահագործումը կարելի է համարել Հայաստանի մեկուսացման ուղղությամբ եւս մեկ, ընդ որում` լուրջ քայլ:

Ու դրանից հետո ենթադրվում է` իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեին այլընտրանքային ծրագրերը կյանքի կոչելու, դրանք ավարտին հասցնելու համար՝ հընթացս քայլեր ձեռնարկելով Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Եւ այս համատեքստում պետք է արագացնեին եւ ավարտին հասցնեին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը:

Մինչդեռ նրանք նույն դանդաղկոտությամբ դեռ շարունակում են տեղում դոփել` ձեւացնելով, թե ոչինչ չի պատահել: Դեռ ավելին՝ փորձում են դեմքի անմեղ արտահայտությամբ պատճառաբանություններ ներկայացնել շինարարության ընթացքի ձգձգման վերաբերյալ:

Հ.Գ. Էլ չենք ասում այն մասին, որ հակառակ նախկին ու ներկա վարչապետների դիտողություններին՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության որակը հեռու է որակյալ համարվելուց, եւ կարճ ժամանակ շինաշխատանքներ իրականացրած ընկերությունը որոշ տեղերում երաշխիքային պայմաններով վերանորոգում է իրականացնում. սա երեկ հայտարարել է նախարար Մարտիրոսյանը:




Լրահոս