ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

-Պարո՛ն Թոխատյան, օրեր առաջ տեղի ունեցավ «Մեա կուլպա-2» ներկայացման պրեմիերան: Այստեղ քաղաքական-հասարակական կյանքի քննադատությունն առաջին պլանում էր: Եվ կարծիքներ հնչեցին, թե նույնիսկ ընդդիմադիր գործիչները կնախանձեին այդպիսի քննադատությանը:
-Գիտեք, այդպիսին է եղել նաեւ «Խաթաբալադան» ժամանակին, այդպիսին է եղել «Մեա կուլպա»-ն, այդպիսին է եղել նաեւ «Ժանգոտ բանալի»-ն եւ հիմա «Մեա կուլպա-2»-ը կամ «Հայացք սիրով՝ ապագայից»: Իհարկե, բեմից խոսում ես այն ամեն ինչի մասին, ինչը հուզում է ինձ, ինչը հուզում է իմ ընկերներին: Այ, այդ մտքերի փոխանակման հիմա վրա ստեղծվում է ներկայացման գաղափարը, որը հետո հավաքելու համար հրավիրվում է մեր լավ ընկեր Վահրամ Սահակյանը, գրի առնում այդ ամեն ինչը, եւ դա դուրս է գալիս բեմ: Դրա համար իմ հասցեին ուղղված քննադատությունները՝ «լռող», «չխոսացող», ինձ համար զարմանալի են, անտեսելի են, որովհետեւ Դուք էլ ասացիք՝ անգամ ընդդիմադիրները կցանկանային: Մանավանդ, որ ես ունեմ այն ամբիոնը, որը չունեն իրենք, իհարկե, ես նկատի ունեմ բեմը, որն ինձ հնարավորություն է տալիս այդ ամեն ինչի մասին խոսել:
-Չնայած Դուք կուսակցական չեք, սակայն եղել եք Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, եւ Ձեր նշված պիտակավորումները հենց այդ ժամանակ են տրվել: Ի վերջո, Ձեզանից չե՞ն նեղանում նման քննադատության համար:
-Նախքան ավագանու ձեւավորվելը մենք բավականին երկար խոսում էինք քաղաքի մասին, եւ մի անգամ ինձ առաջարկ եղավ, որ եթե այդքան շատ խոսում եք, արի, փորձի ինքդ անել: Այդպես ես հայտնվեցի ավագանիում, ընդ որում՝ ՀՀԿ-ի հրավերով: Ուղղակի ես հասկացա, որ իմ տեղը չէ: Ես հասկացա, որ իմ աշխատանքն ավագանիում ինձ համար զուր ժամանակի կորուստ է, որովհետեւ որեւէ գործնական ու շատ լուրջ բան չեմ կարողանում անել, իսկ այնտեղ, որտեղ կարող եմ անել, կորցնում եմ ժամանակը: Դրա համար ավելի լավ է իմ տեղը գան ավելի երիտասարդ ուժեր, որը որ եկել են, թող ավյունով լի լծվեն այդ աշխատանքին, ու այդ դեպքում ես ինչով կկարողանամ, Ձեզ կօգնեմ:
-Այսինքն՝ հիմա զբաղված եք միայն թատրոնի՞ հետ կապված աշխատանքներով: Ձեզ այլ ոլորտի հետ կապված աշխատանքներում չենք տեսնում:
-Առաջ էլ կարող էիք ինձ տեսնել միմիայն թատրոնի ոլորտում: Որեւիցե այլ ոլորտով ես չեմ զբաղվել: Ավագանու անդամ լինելը ինձ որեւէ կերպ չէր շեղում թատրոնով զբաղվելուց: Այնպես չէ, որ ես ամբողջ օրը տրամադրում էի ավագանու աշխատանքին: Կային նիստեր, որոնցից ես բացակայում էի, քանի որ կա՛մ նկարահանումների էի արտերկրում, կա՛մ այստեղ ներկայացումների է պատրաստվում: Հիմա, բացի թատրոնի ուղղվածությունից, իմ զբաղվածությունը կլինի կրթական ոլորտով:
-Պարո՛ն Թոխատյան, նշեցիք կրթական ոլորտի մասին: Օրեր առաջ խորհրդարանում ընդունվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքը, ըստ որի՝ խստացվում է տարկետումը: Հիմնական ընդդիմախոսները նշում էին, թե այս փոփոխությունը կվնասի կրթությանը եւ գիտությանը: Համակարծի՞ք եք:
-Ժամանակին, երբ որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեին զինվորական կաֆեդրա, եւ բավականին լուրջ անցնում էին զինվորական պատրաստվածություն, դրանից հետո գնում էին ճամբար կոչված եւ լեյտենանտի կոչումով վերադառնում: Եվ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, տարին կամ երկու տարին մեկ բոլորը հրավիրվում էին վերապատրաստման: Այսինքն՝ դա բավականին օգնում էր, քանի որ երիտասարդները ստանում էին բարձրագույն կրթություն, ստանում էին նաեւ զինվորական առաջնային գիտելիքներ ու այդպիսով լինում էին պատրաստ ծառայության: Ես գտնում եմ, որ բանակում չծառայելը սխալ է, տղամարդը պետք է ծառայի բանակում, տղան պետք է պահպանի իր երկիրը: Որովհետեւ եթե մենք անգամ մտածում ենք ապագայի մասնագետի մասին, ախր այդ ապագայի մասնագետն էլ պետք է իր հողի, սահմանի իմաստը հասկանա, իր վրա զգա, հետո նոր դառնա բժիշկ, ինժեներ, դերասան եւ այլն:
-Ի վերջո, ըստ Ձեզ՝ գիտության վնաս չի՞ հասցնի: Կարծիքներ են հնչում, թե կան մասնագիտություններ, որոնց դեպքում, եթե դադար տաս, այլեւս չես կարողանա շարունակել կրթությունը:
-Եթե անկեղծ լինեմ՝ երկակի է: Ես ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս: Որքանով ճիշտ է՝ տանել, ընդատել, վերադարձնել, որքանով շատերը կշարունակեն իրենց կրթությունը: Երկու կողմից էլ գալիս եմ եւ ինքս իմ մեջ չեմ կարողանում ընդհանուրի գալ, թե որն է ճիշտ:
-Քննարկման ժամանակ հնչեց նաեւ այն տեսակետը, թե շատ ծնողներ իրենց երեխաներին արտերկիր են տանում՝ բանակում չծառայելու համար: Սա չի խոսում արդյո՞ք համակարգի հանդեպ անվստահության մասին:
-Դա հայրենիքի հանդեպ է անվստահություն: Այդ դա ամենավատ բանն է, չի կարելի: Ես կարծում եմ՝ ինչպիսին էլ լինի քո մոտեցումը երկրի, երկրի իշխանությունների հանդեպ, միեւնույն է՝ հայրենիքի պաշտպանությունը սրբություն է: Ու չի կարելի նեղացած լինելով ինչ-որ մեկից կամ մեկերից՝ երեխայիդ փախցնել, որպեսզի չգնա բանակ ծառայելու: Չի կարելի, ես դա համարում եմ սխալ, որովհետեւ, գիտեք՝ մեր ներկայացման մեջ այսպիսի դրույթ կա, որ ասում է՝ 2090 թվականի Հայաստանի ապագա ղեկավարը, բանակում ծառայած չլինել, նշանակում է լինել ոչնչություն:
-Հենց մեր իշխանությունում էլ կան անձինք, ովքեր պաշտոնյա են, սակայն չեն ծառայել բանակում ու օգտվելով հենց կրթության հնարավորությունից:
-Փորձի՛ր մինչեւ վերջ հասկանաս՝ ինչու չի ծառայել, եթե այն տարիքին է, որ դեռ կարող է, թող ծառայի, դրա հետ համաձայն եմ: Բայց վերցնել, որ նա չի ծառայել, ես էլ չեմ ծառայի, դա սխալ մոտեցում է:

 

 

 

ՄՆԱՑԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱԿՏԻՎ ԵՄ ԵՂԵԼ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը նշանակվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար: Ստեփանյանը պատգամավորական գործունեության ընթացքում խորհրդարանում ոչնչով աչքի չի ընկել՝ բավարարվելով միայն կոճակ սեղմելով: Սակայն նրա գլխավոր առավելությունը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի մտերիմը լինելն է, որով էլ առաջին հերթին պայմանավորված է նրա նշանակումը:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:
-Պարո՛ն Ստեփանյան, չնայած կարճ ժամանակ է՝ ինչ նշանակվել եք վարչական շրջանի ղեկավար, սակայն արդեն ունե՞ք այն տեսլականը, որով ընթանալու եք:
-Դեռ ծանոթանում եմ գործունեությանը, եղած ծրագրերին եւ հաջորդ տարվանից կսկսենք իրագործել մեր նոր ծրագրերը: Հիմա աշխատում ենք նախորդ ղեկավարի ծրագրով:
-Լինելով այդ վարչական շրջանի բնակիչ, ընտրված լինելով պատգամավոր՝ կառանձնացնե՞ք գլխավոր խնդիրները:
-Բակերի բարեկարգումը: Իմ տեսած խնդիրներից այսօր, որ իմ ուշադրության կենտրոնում է գտնվելու, բակերի բարեկարգումն է եւ շքամուտքերի վերանորոգումները:
-Հինգ տարի պատգամավոր լինելուց հետո սա հենց այն աշխատանքն է, որը ցանկանո՞ւմ էիք:
-ՀՀ-ում կա՞, որ պարտադրված են աշխատում մարդիկ: Եթե չցանկանայի, իհարկե, չէի աշխատի:
-Օրինակ՝ Դուք պատգամավորական գործունեության ընթացքում խորհրդարանում երբեւէ ելույթներ չեք ունեցել, կարելի է ասել՝ պատգամավորական գործունեություն չեք կատարել:
-Ես բազմիցս նշել եմ, որ կարող եք ծանոթանալ իմ գործունեությանը առաջինը հանձնաժողովների նիստերում, որտեղ ես ծավալում էի պատգամավորի հիմնական աշխատանքը եւ այնտեղ ես բավականին ակտիվ եմ եղել: Եվ ունեցել եմ օրենսդրական նախագծեր էլ, որից մեկը ընդունվել է, մնացածն էլ մնացել են շրջանառության մեջ: Միայն դահլիճում ելույթ չեմ ունեցել, մնացած դեպքերում ես ակտիվ եմ եղել:
-Ձեր նշանակման հարցում ի՞նչ դերակատարում ունի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Չէ՞ որ Դուք համարվում եք իր մտերիմը:
-Ի՞նչ է նշանակում դերակատարում: Կարծեմ՝ Միհրան Պողոսյանն այդ հարցին պատասխանել է: Նրա կողմից իր մոտեցումների մասին պատասխանը տրվել է այս նշանակման հետ կապված:
-Այս առաջարկը ստացե՞լ եք առանց իր դերակատարման:
-Ինձ տրվել է առաջարկ, որը ես ընդունել եմ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «Գոռպլաստ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի վերջինիս՝ «Գոռպլաստ» ՍՊԸ եւ «Էլշին» ՍՊԸ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունենալու վերաբերյալ որոշումը: Բանն այն է, որ «Գոռպլաստ» ՍՊԸ եւ «Էլշին» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանի գնումների գործընթացի մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել, սակայն իրավունք չի տրվել: Արդյունքում վերջիններս դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: Չի բացառվում, որ Երեւանի քաղաքապետարանը իր ցանկալի ընկերություններին է ընդգրկել գնումների գործընթացին, իսկ ահա ոչ ցանկալիները հայտնվել են սեւ ցուցակում եւ դատարանի միջոցով են փորձում իրավիճակը շտկել:

 

 

 

«ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը նախատեսում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել: Եւ այս մասին որոշման նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը, որն էլ վաղը կներկայացվի գործադիրին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն առաջարկում է հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձեւավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել վարչապետին: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Իսկ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Նախագծի ընդունման արդյունքում «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության պահանջներին:

 

 

 

ՀԱՑԸ ԹԽՈՒՄ ԵՆ
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 204.4 հազար տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 209.5 հազար տոննա: Ըստ մասնագետների` հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով` արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է: Բացի այս՝ մեր հայրենակիցների զգալի մասը այլեւս խանութից հաց չի գնում, այլ տանն է թխում:

 




Լրահոս