ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵԼ Է 302 ՀԱԶԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում՝ հակառակ այն բանի, որ իշխանությունները խոստացել էին այն էապես բարելավել:

Հիշում եք՝ Սերժ Սարգսյանի հայտնի խոստումը Հայաստանի բնակչությունը մինչեւ 2040 թվականը 4 միլիոնի հասցնելու մասին: «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության.
1) արտագաղթի դադարեցում,
2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում,
3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում»,- հայտարարել էր նա ԱԺ ուղերձում:
Դրանից հետո նաեւ կառավարությունն էր իր՝ 2017-22թթ. ծրագրում անդրադարձել այդ խնդրին` խոստանալով. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:
Միայն թե ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած ցուցանիշներից պարզ դարձավ, որ ժողովրդագրական վիճակը այս տարվա ընթացքում է՛լ ավելի է վատթարացել: Բայց իրավիճակի լրջությունը երեւում է ցուցանիշները երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին հինգ տարիներին նվազել է 302.4 հազարով. հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 979.6 հազար, մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 1-ին մշտական բնակչությունը 3 մլն 282 հազար էր: Նշենք նաեւ, որ այս տարվա հունվարի 1-ի համեմատ՝ արդեն հոկտեմբերին մշտական բնակչությունը պակասել է 6.5 հազարով, իսկ 2016թ. հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 14.3 հազարով:
Չնայած կառավարությունը խոստացել է բարձրացնել ծնելիությունը, սակայն այս տարվա ինը ամսիներին նվազել է նաեւ այդ ցուցանիշը, ընդ որում, 2017թ. արձանագրվել է ծնելիության վերջին հինգ տարիների ամենացածր թիվը: 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվել է 27 հազար 655 երեխա, մինչդեռ 2016թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 29 հազար 868 էր, իսկ 2015-ին` 30 հազար 613, 2014թ.` 31 հազար 610, 2013-ին` 30 հազար 497 եւ վերջապես 2012թ` 31 հազար 55:
Փոխարենը աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա ընթացքում մահացել է 20 հազար 658 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 20 հազար 524 էր, 2015թ.` 20 հազար 947: 2014թ. Հայաստանում մահացել է 21 հազար 208, 2013թ` 20 հազար 299, եւ 2012թ. 20 հազար 898 մարդ:
Ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում, ամենացածրը վերջին հինգ տարիների մեջ: Այս տարի բնական հավելաճը կազմել է 6 հազար 997, մինչդեռ նախորդ տարի այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198 եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157:
Ամուսնությունների թիվը եւս պակասել է` հակառակ կառավարության խոստումների. այս տարի գրանցվել է 11 հազար 265 ամուսնություն, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշն ավելի բարձր էր` 12 հազար 88: Փոխարենը աճել են ամուսնալուծությունները. 2016թ. գրանցվել է 2 հազար 682 ամուսնալուծություն, այս տարի` 2 հազար 963:
Իսկ արտագաղթը դադարեցնելու, ընդհակառակը` ներգաղթի մասին պնդումները, մեղմ ասած, ծիծաղելի են հնչում, քանի որ այն շարունակվում է մեծ տեմպերով: Այս տարվա առաջին ինը ամիսներին երկրից հեռացել է 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ընդ որում, նրանց զգալի մեծամասնությունը հեռացել է Զվարթնոցի, Բագրատաշենի եւ Գյումրիի անցակետերով:
Փաստորեն, արձագանքենք՝ հակառակ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին իշխանությունների խոստումներին՝ բնակչության թվաքանակը նվազում է, այն էլ` ահռելի տեմպերով:
Հ.Գ. Այսքանից հետո, թերեւս, պարզ է, թե ինչու է ՊՆ-ն ամեն գնով փորձում վերացնել տարկետման իրավունքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԴԵՂԵՐՈՎ ՆԻՍՏԸ
Երեւանի ավագանու նիստերն ավելի ու ավելի են կրկեսի նմանվում: Երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստին ներկայացել էին տարբեր տեսակի դեղերով, որ դրել էին իրենց սեղաններին: Բայց սա ոչ թե այն պատճառով, որ վատացել էր ավագանու անդամներից որեւէ մեկի ինքնազգացողությունը, այլ որովհետեւ ԵԾ-ն որոշել էր դրանք օգտագործել քաղաքական նպատակով: Առիթն էլ ստեղծվեց. ԵԾ անդամներից Մարինա Խաչատրյանը երբ խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց, թե ինչքան կարելի է նույն բանը կրկնել։ Ի պատասխան՝ Մարինա Խաչատրյանը նշեց. «Մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել»։ «Նայի՝ չխմացնեմ էդ դեղերը»,- հակադարձեց «Ելք»-ի անդամը: Դրանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը կրկին ելույթ էր ունենում, Անի Խաչատրյանն ասաց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»:

 

 

 

ԿԴԻՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նախօրեին թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը մոտ չորս ժամ քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջում էր ուժը կորցրած ճանաչել թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Բանն այն է, որ Առուշանյանը որոշել է Գորիսում նախընտրական այս շրջանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար, ինչը եւս ընտրողներին նյութապես շահագրգռելու դրսեւորում է: Եւ ահա ԸԸՀ-ն պարտադրել է Առուշանյանին մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը, բայց եւ մյուս կողմից այդքան երկար քննարկելուց հետո մերժել է Հարությունյանի պահանջը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել հանձնաժողովի որոշումը եւ ուժը կորցրած ճանաչել Առուշանյանի գրանցումը: Նշենք, որ Հարությունյանը դիմելու համար մի քանի հիմնավորում է ներկայացրել. ըստ Սամվել Հարությունյանի՝ իր մրցակիցը «Գորիսի զարգացման գոյություն չունեցող հիմնադրամի անունից, սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիների բարեգործություն անելու անվան տակ ընտրակաշառք-ծառայություն է մատուցում ընտրողներին», որի հետեւանքները հնարավոր չեն վերացնել, եւ դրանք ազդելու են ընտրությունների արդյունքների վրա: Նաեւ Առուշ Առուշանյանը քարոզչական նյութեր է տեղադրել Գորիսի համայնքապետարանի պատերին, իսկ իր նախընտրական գլխավոր շտաբը տեղակայել է համայնքապետարանի ենթակա մշակույթի կենտրոնում, ինչն արգելված է օրենքով:

 

 

 

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատավոր Վարդան Գրիգորյանն արգելել է տեսանկարահանումներն ու ուղիղ եթերների հեռարձակումը վկաների հարցաքննության փուլում: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ նիստում տեսանկարահանումն արգելելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել մեղադրող Պետրոս Պետրոսյանը: «Երեկ, երբ պետք է սկսվեր վկաների հարցաքննության փուլը, ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկել է միջնորդությանը՝ նշելով, որ եթե կլինի վկա, որը չի ցանկանա նկարահանվել, համապատասխան միջնորդություն կներկայացնի, որն էլ կքննարկվի դատարանի կողմից: Սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է, եւ հանրային ուշադրության կարիք կա»,- ասել է պաշտպանը: Դատավոր Վարդան Գրիգորյանը, 15 րոպե ընդմիջումից հետո վերադառնալով դահլիճ, հայտարարել է, որ վկաների հարցաքննության փուլում տեսանկարահանումն ու ուղիղ եթերների հեռարձակումն արգելվում է: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ս. Սարգսյանի գնահատմամբ՝ դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ եւ բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում եւ մշակույթի միջոցով եւս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ: Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության, ինչպես նաեւ իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը:

 




Լրահոս