Բացառիկ լուսանկարներ. Կամո Սեյրանյանի համերգի՝ աշխարհի ամենամեծ անակնկալը. ինչ է տեղի ունեցել

Բացառիկ լուսանկարներ. Կամո Սեյրանյանի համերգի՝ աշխարհի ամենամեծ անակնկալը. ինչ է տեղի ունեցել

Կամո Սեյրանյանն օդանակավակայանից շտապում է ներկայանալ համերգին, սակայն` ուշացած: Նա իջնում է ինքնաթիռից, դիրիժորը զանգահարում է իրեն և մեկնարկում է շոուն: Այս ֆիլմով է մեկնարկում երկար սպասված մենահամերգը, որը դեռ երկար կհիշվի հայ հանդիսատեսի կողմից:


Արվեստասեր մարդիկ և, ի վերջո, դուդուկի սիրահարները օրեր շարունակ չեն դադարում քննարկել դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի մենահամերգը. վառ տպավորություններով մարդիկ պատրաստ են կիսվել անդադար: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դուդուկահար Կամո Սեյրանյանը ներկայացավ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։


Կամո Սեյրանյանն իր առաջին երևանյան մենահամերգին պատրաստվել է ավելի քան երկու տարի: Սակայն ինչպես ինքն է ասում` սա իր մենահամերգ չէր. այն դուդուկի մեծարման երեկոն էր: Դուդուկ, որը միայն տխրության ելևէջներ չի արձակում:

Որն էր հիրավի կայացած և բոլոր սպասելիքներ արդարացրած մենահամերգի հաջողության գրավականը: Ի պատասխան ArmLur.am-ի հարցի` Կամո Սեյրանյանը նկատեց` դուդուկին նվագակցել է սիմֆոնիկ նվագախումբ, փոփ երաժշտություն, աշխարհահռչակ «Forbidden Saints» խմբի երաժիշտները, ովքեր նվագակցել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Րիկի Մարտինը, Շակիրան, Յանին, Էնրիկե Իգլեսիասը և այլք:


Էլ ինչպիսի արդյունք պետք է լիներ. միանշանակ սպասվածից ավելին: Նախագծի հաղթանակը ճիշտ ընտրված համագործակցության արդյունքն էր: Դուդուկը հնչեց տարբեր գործիքների, պարային ներկայացումների, միջնադարյան տաղերի մասնակցությամբ: Համերգի ժամանակ Կամո Սեյրանյանն անակնկալ մատուցեց իր երկրպագուներին` նվագելով ոչ միայն դուդուկ, այլև զուռնա և կլառնետ:


Ներկայացված 21 համարից 17-ը Կամո Սեյրանյանն ինքն է ներկայացրել բեմի վրա: Գործեր են հեղինակել նաև ԱՄՆ-ից ժամանած ջութակահար Արմեն Մովսիսյանը, Յանի խմբի թավջութակահար Ալեքսանդր Ժիրովը: Մասնակցել է նաև կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Անանյանը, ով համերգի գլխավոր գործիքավորողն էր:

Համերգը գործիքավորել են նաև Արտակ Հակոբյանը և Մարտին Ուլիխանյանը: Համերգի ռեժիսորը հատուկ ժամանել էր Մոսկվայից, հայազգի, Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող Արման Գևորգյանն էր: Համերգի լուսային էֆֆեկտներն, ինչը ավելի հետաքրքիր և հաճելի է դարձրել երեկոն, ապահովել է Արթուր Մուշեղյանը: Ձայնային ռեժիսորը եղել է Կարեն Չիլինգարյանը:
Դե իսկ առանց ազգային պարերի կատարյալ համերգը չէր ստացվի: Այն հանդիսատեսին է ներկայացրել «Բերդ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Գևորգյան):


Կարևոր նորամուծությունը հանդիսատեսը չէր կարող չնկատել: Խոսքը Վրաստանից ժամանած Մեդեխի ազգային պարային համույթի մասնակցության մասին է: Կամո Սեյրանյանն անկեղծանում է` թեև իրեն խորհուրդ էին տվել հնարավոր աղմուկից խուսափելու համար` չեղարկել այդ որոշումը, սակայն ՀՀ վաստակավոր արտիստը չի ընկրկել. կարծրատիպերը պետք է վերանան. արվեստը սահմանափակումներ չի ճանաչում, և պատմության մեջ առաջին անգամ Արամ Խաչատրյանի լեզգինկայի ներքո պարեցին վրացիները: Վերջիններս Կամո Սեյրանյանի համերգին իրենց մոտեցմամբ ներկայացրին նաև շալախոն:


Ի դեպ, համերգից հետո ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը Կամո Սեյրանյանին խորհուրդ է տվել` այս շոուն Լաս-Վեգասում պետք է ներկայացնել. «Սա վեգասյան շոու էր»,- անկեղծացել է Ա. Ղազարյանը:
Ամենամեծ ու անսպասելի անակնկալին Կամո Սեյրանյանը մի քանի ամիս է պատրաստվել` բեմ բարձրացվեց 8 մետրանոց դուդուկ:


«Ես փորձել եմ մյուս ազգերին ապացուցել, որ դուդուկով կարելի է հետաքրքիր շոու անել»,- ասում է Կամո Սեյրանյանը: Կամո Սեյրանյանի հուզմունքը կրկնապատկվեց, երբ նույն բեմում առաջին անգամ իրենց բեմելն ունեցան նրա դուստրն ու որդին՝ Լևոն և Սեդա Սեյրանյանները:


ArmLur.am-ի հետ զրույցում Կամո Սեյրանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին` պրոֆեսիոնալ մոտեցման և ջերմ ընդունելության համար: