Վարդան Օսկանյան վերադարձել է Հայաստան. «Համախմբումը» չի համախմբվում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ երկիրը համախմբելու մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում, նախագահական ընտրություններից հետո չի կարողանում անգամ սեփական ուժերը համախմբել: Կուսակցության վարչության անդամները կամ հրաժարվում են հարցերի պատասխանել, կամ էլ ընդհանրապես անհասանելի են: Իրականում, սակայն, խնդիրն այն է, որ «Համախմբման» առաջնորդ Վարդան Օսկանյանը երկար ժամանակ է ո՛չ Հայաստանում է, ո՛չ էլ կուսակցական գործունեությամբ է զբաղվում:

«Փաստի» տեղեկություններով նա օրերս վերադարձել է, բայց հավանաբար ասելիք չունի իր կուսակիցներին, այդ պատճառով էլ դեռեւս չի շտապում հանդիպել նրանց հետ: Սա իր հերթին դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել կուսակցությունում, բայց ինչպես երեւում է, ԱԳՆ նախկին նախարարին դա այնքան էլ չի հետաքրքրում:

Ստացվում է, որ կոմպլեմենտար քաղաքականության «հիմնադիրն» ու ջատագովը, ով ընդամենը ամիսներ առաջ երկիրը կործանումից փրկելու դարակազմիկ մտքեր էր արտահայտում, չի կարողանում անգամ իր կուսակցության հեղինակությունը փրկել եւ նույն այդ կոմպլեմենտարիզմը հայոց քաղաքական կյանքում ներդնել, գոնե ձեւի համար հասարակությանը ցույց տալ, որ Արդարադատությունում գրանցված այդ կուսակցությունը, չնայած գործել չի կարողանում, բայց գոնե խոսել՝ դեռեւս կարող է:

Առավել մանրամասը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս