«Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյանը Հայաստան վերադառնալու միտք չունի

«Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյանը Հայաստան վերադառնալու միտք չունի

2013-ից հետո, երբ «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, խմբի մյուս անդամներն ընկան փնտրտուքների մեջ։ Սկզբում Սարգիսին փոխարինեց Եվա Սուջյանը, ապա Սուրեն Պողոսովը: Երկու փորձերն էլ, սակայն, ձախողվեցին։ Հիմա արդեն շուրջ մեկ տարի է՝ «Էմփիրեյի» վոկալիստը երիտասարդ կատարող Գարիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ»-ը «Էմփիրեյ»-ի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանի հետ զրուցել է խմբի գործունեությունից։ Նա պատասխանել է հարցին, թե Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո «Էմփիրեյին» արդյո՞ք հաջողվել է վերագտնել նախկին հաջողությունը։

-Գիսանե՛, «Էմփիրեյը» առաջիկայում ի՞նչ նորություններ կմատուցի երկրպագուներին։ Այնպիսի տպավորություն է, որ խումբը ստեղծագործական դադարի շրջանում է։

-Դա, այսպես ասած, թվացյալ դադար է, քանի որ մենք շարունակում ենք աշխատել։ Նորություններ, իհարկե կլինեն։ Աշնանը արդեն հանդես ենք եկել մի քանի համերգներով, պատրաստել ենք նոր երգեր, որոնք կներկայացնենք հանդիսատեսի դատին։ Պլանավորում ենք իրականացնել նաեւ ակումբային համերգներ։ Մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը, ոչ էլ պատրաստվում ենք նման քայլի գնալ, քանի որ բավական շատ պլաններ ունենք։ Իհարկե, աշխատանքները մի քիչ դանդաղ են ընթանում։ Բանն այն է, որ բացի «Էմփիրեյում» ընդգրկված լինելուց՝ խմբի անդամներից ամեն մեկն ունի այլ աշխատանք եւս։ Հետեւաբար այնքան էլ հեշտ չէ մեր ողջ ուժերը խմբի շուրջ կենտրոնացնելը։

-Թեեւ արդեն մեկ տարի է՝ խումբն ունի մենակատար, որը, ի դեպ, սիրվեց երկրպագուների կողմից, միեւնույն է՝ շատերը կարծիք են հայտնում, որ «Էմփիրեյը» ոչ մի կերպ չի կարողանում վերագտնել իրեն, եւ Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո նախկին հաջողությունը չի վայելում, «Խումբն էլ այն չէ»,-հնչում են նման կարծիքներ։ Համաձա՞յն եք:

-Իհարկե, համաձայն եմ, քանի որ Սարգիսի հետ խումբը այլ էր, Սարգիսից հետո՝ այլ։ Բնականաբար, խումբը սանրվածք չէ, որ փոխես, բայց մարդը մնա նույնը։ Պետք չէ մոռանալ, որ Սարգիսը մենակատար էր, խմբի դեմքն էր, ուզի, թե ոչ՝ ցանկացած վոկալիստ դառնում է խմբի դեմքը. դա անհերքելի փաստ է։ Բացի այդ, Սարգիսը, բացի տաղանդավոր երգիչ լինելուց, շատ վառ անհատականություն է։ Շատերն անգամ կարծում էին, թե «Էմփիրեյը» հենց Սարգիսի անունն էր։ Դա նորմալ է։ Միջազգային պրակտիկայում, երաժշտական աշխարհում շատ են դեպքերը, երբ փոխվում են խմբերի մենակատարները։ Իհարկե, մենք չէինք ուզենա, որ այդպես լիներ, կարծում եմ՝ Սարգիսն էլ չէր ցանկանա։ Պետք է ասեմ նաեւ, որ Սարգիսը, մեր նախկին գործընկերը լինելուց զատ, մեզ հետ կապված է այլ թելերով եւս, օրինակ՝ իմ երեխաների քավորն է։ Նրա՝ խմբից հեռանալը պայմանավորված էր միայն երկրից հեռանալու փաստով։ Կարծում եմ՝ պատճառը օբյեկտիվ էր։ Իսկ մեր խումբը, չնայած ամեն ինչին, դեռ ասելիք ունի։ Գարիկը՝ որպես վոկալիստ, չի զիջում Սարգիսին, մերվել է մեր խմբի հետ, եւ մենք, նրա հետ աշխատելով, մեզ լավ ենք զգում։ Հիմա մենք փորձում ենք ապացուցել, որ Սարգիսի գնալուց հետո էլ խումբը չի մասնատվել, շարունակում է իր գործունեությունը, պահում է իր իդեալոգիան։ Իհարկե, Սարգիսի մասին մեզ էլ են շատ հարցնում, կարծիք են հայտնում, որ նրա կատարումներն ուրիշ էին։ Իհարկե, ուրիշ էին, բայց հիմա էլ ուրիշ են, դա այն ժամանակ էր, սա հիմա է։ Ժամանակն առաջ է շարժվում, մենք՝ նույնպես։

-Ամեն դեպքում, Սարգիսի հետ կապը պահո՞ւմ եք։ Նա Հայաստան վերադառնալու մտադրություն ունի՞:

-Այո՛, կապը, իհարկե, պահում ենք։ Նման մտքեր, ճիշտն ասած, Սարգիսը չունի։ Հարմարվել է ԱՄՆ-ում եւ աշխատում է այնտեղ։

Աննա Բաբաջանյան