Ներդրումները հաշվարկելու միջազգային չափանիշների փոխարեն սեփական մեթոդոլոգիա. աճ նկարելու հնարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսում կրկին անդրադարձավ ներդրումների թեմային՝ հավաստիացնելով, որ հայտարարած բոլոր ծրագրերը կյանքի են կոչվելու: «Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք նախանշել ենք, մինչեւ տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,- ասել էր վարչապետը՝ մեջբերելով դեռ սեպտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ հունվար-օգոստոս ամիսների վերաբերյալ հրապարակած տվյալները, թե իրականացվել է կառավարության խոստացած շուրջ 850 մլն դոլլար ներդրումների 45 տոկոսը՝ 376 մլն-ը:
Միայն թե ի սկզբանե այս թվերը մասնագետների մեջ լուրջ կասկածներ հարուցեցին, ու սա միանգամայն հիմնավոր պատճառներով: Երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրական տվյալները, պարզ դարձավ` ուղղակի ներդրումներն այս տարվա ընթացքում շարունակել էին նվազել, ավելին՝ մի շարք երկրներ Հայաստանից նույնիսկ դուրս էին հանել իրենց կապիտալը:

Մինչդեռ կառավարության հրապարակած ցուցանիշները խոսում էին աճի, ավելի ճիշտ՝ շատ մեծ աճի մասին: Այս անհամապատասխանությունն արագ պարզվեց. կառավարությունն իր ցուցանիշները հաշվարկել էր միանգամայն այլ մեթոդաբանությամբ, որպեսզի աճ ցույց տար:
Կարեն Կարապետյանի՝ վերջին ասուլիսում ներկայացրած հաշվետվության մեջ եւս նշված է. «ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել ՀՀ կառավարության կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված եւ միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ եւ հրապարակվում են զուտ մեծություններով»: Նաեւ նշված է, թե կառավարության հայտարարած ներդրումները ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները՝ «տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ, ինչպես նաեւ խորհրդատվական աջակցություն»:

Այլ կերպ ասած՝ կառավարությունը ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական ծրագրերը, վերցված վարկերն ու ստացված դրամաշնորհները միանգամից համարել է ներդրում ու որպես իր գործունեության արդյունք, որպես իր ձեռքբերում հրամցրել հասարակությանը: Մի կողմ թողնենք որքանո՞վ է ճիշտ հաշվարկի այդ մեթոդաբանությունը. սա նեղ-մասնագիտական քննարկումների թեմա է:
Այստեղ կարեւոր է մեկ այլ իրողություն. տարիներ շարունակ ՀՀ-ում գործել է օտարերկրյա ներդրումների հաշվարկի այլ մեթոդաբանություն, որի համաձայն՝ ԱՎԾ-ն ներկայացրել է վիճակագրությունը: Ընդ որում, այդ մեթոդաբանությունն ընդունված է միջազգային պրակտիկայում, մշակվել է հատուկ արժույքի միջազգային հիմնադրամի կողմից:
Մինչդեռ հիմա Կարեն Կարապետյանի կառավարությունը ներդրումների ծավալները հաշվարկելու իր սեփական մեթոդաբանությունն է կիրառում եւ հայտարարում, թե դրա արդյունքում ստացած ցուցանիշներն են իրական պատկերը տալիս, հետեւաբար դրանք պետք է ընդունել որպես հիմք:

Թե ինչու է կառավարությունը հանկարծ որոշել գնալ այս քայլին, դժվար չէ կռահել. քանի որ Կարեն Կարապետյանը ներդրումներ ապահովելու կոնկրետ ցուցանիշներ էր խոստացել, բայց այդպես էլ բավարար չափով ներդրումներ չէին եկել Հայաստան, պետք էր իրավիճակը փրկել: Ճիշտ նույն կերպ ժամանակին վարվեց Տիգրան Սարգսյանը, երբ տեսնելով այս ոլորտում սոսկալի անկումը՝ պարզապես փոխեց ներդրումների հաշվարկի մեթոդաբանությունը՝ առաջարկելով հաշվարկներն անել ոչ թե դոլարով, այլ դրամով: Այդքանից հետո էլ, իհարկե, որեւէ աճ ցույց տալը դժվար էր, բայց գոնե այլեւս հնարավոր չէր համադրել ու համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ, հետեւաբար կառավարությունն առժամանակ զերծ էր մնում քննադատության թիրախ դառնալուց: Միայն թե ե՛ւ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները բավական միամիտ են գտնվել ու չեն առաջարկել Կարեն Կարապետյանի կիրառած մեթոդաբանությունը, երբ ֆինանսական բոլոր գործարքները դիտվում են որպես ներդրում: Այ, եթե ժամանակին նրանք էլ նույնքան հնարամիտ (իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ) գտնվեին, ապա հավանաբար տասնապատիկ մեծ թվեր արձանագրած կլինեին ու կկարողանային գլուխ գովել իրենց արածների ու չարածների համար: Ճիշտ այնպես, ինչպես այսօր անում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս