ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «բացեց տարկետման թեման», ու կարելի է ասել՝ «մնաց թեմայի տակ»: Ձնագնդիի էֆեկտով թեման այնքան մեծացավ, որ արդեն առաջ է քաշվում Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար աշխատելու նպատակահարմարության հարցն ընդհանրապես:

Ի՞նչ քաղաքական սխալներ գրանցվեցին այս ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, Վիգեն Սարգսյանը բացեց տարկետման թեման, եւ գործին խառնվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ իհարկե, հրապարակման մեջ որեւէ անուն չհիշատակելով: Բայց ՊՆ-ն հարկ համարեց արձագանքել նրան: Ճի՞շտ էր ՊՆ-ի այդ արձագանքը:
-Եթե ինձ եք հարցնում, ապա իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ սխալ էր: Բայց դա իմ կարծիքն է, երեւի պաշտպանության նախարարությունն իր կարծիքն ունի:
-Սակայն սոցիալական ցանցերում լայն շրջանակներ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այդ գրառումը վերագրել էին հենց Վիգեն Սարգսյանին: Ինչպիսի՞ արձագանք պետք է լիներ:
-Ոչ մի արձագանք չպետք է լիներ: Օրինակ՝ եթե ես լինեի Արծրուն Հովհաննիսյանի տեղը, կասեի՝ դիմեք այդ անձանց կամ հենց Նիկոլ Փաշինյանին, ինձ ինչու եք դիմում: Գոնե այն մարդը, ով որ գրել է, որեւիցե անուն չի գրել: Հիմա ով ում է պատկերացնում, մարդկային ֆանտազիան այնքան մեծ է, որ ով ում ասես՝ կարող է պատկերացնել: Հիմա ես, օրինակ, կարող եմ պատկերացնել Շմայսին, կամ մեկ ուրիշին, Արծրուն Հովհաննիսյանը կարող է մեկ ուրիշի պատկերացնել, Ռուզաննա Խաչատրյանը լրիվ այլ մարդու, Դուք՝ մեկ այլ մարդու:
-Դուք ասել էիք, որ «մեծ խաղ է սկսվել, որտեղ Ռուզան Խաչատրյանն ընդամենը բութ գործիք է: Ասեմ նաեւ, որ խաղի մեջ այլ գործիքներ էլ են ներգրավված (շատ ավելի նուրբ): Բայց ինձ ոչ թե գործիքակազմն է հետաքրքիր, այլ ուստեն կամ վարպետը»: Ի՞նչ խաղի մասին է խոսքը:
-Թույլ տվեք չմանրամասնել, թող ամեն մեկն ինքը հետեւի եւ փորձի հասկանալ: Սա էլ է կարծիք, մարդ կա՝ կարող է ասել՝ փոքր խաղ է, մեկ ուրիշն էլ ասի՝ խաղ չկա: Ես կանխատեսել էի, որ շարունակություն կլինի, եւ եղավ այն, ու կարծում եմ՝ կրկին կլինի: Հենց այդ շարունակականությունն է խաղը: Սովորաբար էմոցիոնալ ֆոնի վրա, ենթադրենք, Ռուզաննա Խաչատրյանն ինչ-որ բանից վիրավորվել է, ապա պոռթկումը միշտ լինում է այսրոպեական, բայց ոչ շարունակական, եթե մարդն ադեկվատ է: Եթե ստաբիլ շարունակվում է, եթե այդ շարունակության մեջ կան ինչ-որ մեսսիջներ, իսկ այնտեղ շատ կան, ապա հասկանում ես, որ այստեղ խաղ է գնում: Այնպես չէր, որ դա ընդամենը Ռուզաննա Խաչատրյանի էմոցիոնալ պոռթկումն էր:
-Այսինքն՝ այս խաղում բազմաթիվ անձի՞նք են ներգրաված: Ո՞րն է Սեյրան Օհանյանի դերակատարումը:
-Ես Սեյրան Օհանյանին նկատի չունեի՝ վարպետը կամ ուստեն: Շրջանակը շատ լայն է, եւ շատ դեպքերում գործիքները չգիտեն էլ, որ իրենց նույն տեղից են օգտագործում: Ես կարծում եմ, որ այս ամենը դեռ շարունակություն կունենա: Նոր իրողություն է նկատվում քաղաքական դաշտում, սկսվել են քվեստային պատերազմներ, երբ մեկը մյուսի հետ հանելուկներով է խոսում: Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» թեմայով խաղերը կշարունակվեն դեռ: Ընդ որում, ոչ միայն Ռուզաննա Խաչատրյանի մասով, մեկը մյուսին մեսսիջներ կսկսեն ուղարկել քվեստների տեսքով:
-Օրեր առաջ խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Բանակում ծառայած չլինելով եւ այսպիսի նախագիծ ներկայացնելով՝ Վիգեն Սարգսյանը կարողացա՞վ դուրս գալ իրավիճակից:
-Ես կարծում եմ՝ այո, բացառությամբ լրագրողների եւ ընդդիմադիրների հետ շփման մի հատվածից, երբ ինքը հունից դուրս եկավ: Նա շատ համբերատար եւ բավականին բարեկիրթ անձնավորություն է ու կարողանում է մարդկանց հետ շփվել: Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, կարող է՝ շատ ստորգետնյա ջրեր են հոսել, որ ինքը դուրս եկավ հունից, բայց ես կարծում եմ, որ հենց դա իր միակ սխալը կամ սայթաքումն էր: Այնուամենայնիվ, դա էր այդ ամբողջ պատմության մեջ իր միակ բացթողումը:
-Ընդդիմադիրները բավականին կոշտ գնահատականներ էին հնչեցրել Վիգեն Սարգսյանի մասին: Վերջինս արձագանքեց եւս մեղադրանքներով:
-Այդպես կաներ յուրաքանչյուրը: Վիգեն Սարգսյանը բավականին փորձառու է եւ պետք է դոսյեներ ներկայացնել: Սակայն նա այդ դոսյեները պետք է ոչ թե էմոցիոնալ պոռթկումով ներկայացներ, այլ շատ հանգիստ:

 

 

 

ԻՆՉ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան կմատակարարի սպառազինության նոր խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակներում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այս մասին երեկ «ՌԻԱ»-ին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Մենք արդեն Երեւանում ստորագրել ենք նոր պայմանագիր: Սակայն այն պետք է անցնի բոլոր ռուսական եւ հայկական ատյանները, այնուհետեւ՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:
Այս համաձայնագրով Հայաստանը վարկն օգտագործելու է 2018-2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա փաստորեն ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող երկրորդ վարկային համաձայնագիրն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են երկու տարվա ընթացքում:
Հայաստանի ֆինանսների նախարար Վ. Արամյանը դեռ հուլիս ամսին էր տեղեկացրել, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ նոր վարկի ձեռքբերման հարցի շուրջ: Նախորդ՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թ. հունիսի 26-ին, իսկ արդեն 2016 թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվեցին այն զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարարվեին Հայաստանի զինված ուժերին: Այս համաձայնագրի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն այդ ժամանակ հրապարակել էր սպառազինության այն քանակն ու տեսակները, որոնց այդ պայմանագրով պետք է մատակարարվեին: Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից պետք է ստանար «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «ԼչսՈ-հ» զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, «ԸՉՑՏոՈջՈ-Ծ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, ՁԿհ-1Ը ծանր կրականետ համակարգեր` ՁիԾ-Ձ տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9Ծ113Ծ հրթիռներ, Հկթ-26 ականանետներ, «B-429ժ» պայթուցիչներ, «հԹԺ» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «ՁՌչՐ» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ: Իհարկե, այս ցանկում իր ուրույն տեղն ունի «Իսկաներ» համակարգը, որի ցուցադրումը եղավ ՀՀ անկախության 25-ամյակի շքերթի ժամանակ:
Հետաքրքիրն այն էր, որ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագիրը խուճապ է առաջացրել Ադրբեջանում: ՆԱՏՕ-ի վեհաժողովում էլ ադրբեջանական պատվիրակությունը բաց չի թողել այդ հանգամանքին անդրադառնալու առիթը: Անդրադառնալով սպառազինության տրամադրմանը՝ ադրբեջանական կողմը ընդգծել էր, որ այդպես նրանք զինում են օկուպանտներին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԷԼԻ ՊԱՐՏՔ
Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, եւ, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն դոլար գումարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության օրակարգում: Նշենք, որ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից, որի արժեքը կազմում է 90 մլն դոլար: Եվ երկրորդ մասնաբաժինը՝ 50 մլն դոլարը, հասանելի կդառնա 2018 թվականին։ Թե որքանո՞վ է այս վարկն արդյունավետ, որքանո՞վ է նպաստելու տնտեսության զարգացմանը, պարզ չէ:

 

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեկ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, հայտնել է, որ դեպքը մի կարեւոր խնդիր է վեր հանում՝ «անվտանգության ապահովումը մանկապարտեզներում եւ դպրոցներում»: Թաթոյանը նաեւ նշեց, որ նախատեսվում է շատ ավելի մեծացնել այդ ուղղությամբ աշխատանքը: Ու մինչ համապատասխան կառույցները կփորձեն քայլեր ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մի շարք համայնքների մանկապարտեզի տնօրեններ հրահանգել են դպրոցի պահակներին՝ ընդունելությունից հետո փակել մանկապարտեզի դռները՝ հնարավոր վտանգից խուսափելու համար: Ավելին՝ մանկապարտեզների ղեկավարությունը զրուցում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ, որոնք բաժանված են կամ այլ խնդիրներ ունեն եւ լուծումներ գտնում՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար:

 

 

ՀԱՆԳԻՍՏ ԷԻՆ
Նախօրեին Երեւանի ավագանու նիստն անցավ հանդարտ մթնոլորտում. համենայն դեպս, ՀՀԿ-ականները նախկինի նման վիրավորական արտահայտություններ չէին անում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին: Միայն մի պահ բախում եղավ «ԵԾ»-ի եւ «Ելք»-ի անդամների միջեւ: Իսկ ՀՀԿ-ականները լուռ էին: Չնայած «ԵԾ»-ի անդամները շարունակում էին նույն տոնով քննադատել իշխանություններին, Տարոն Մարգարյանին, ՀՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր նախորդ նիստերում ամենաուժգին կերպով էին արձագանքում քաղաքապետին ուղղված ամեն խոսքին, ծպտուն չհանեցին: Պատճառը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, եղել է ավագանու՝ ՀՀԿ-ական անդամներին իջեցված խիստ հրահանգը՝ անկախ «ԵԾ» անդամների հայտարարություններից, բառ անգամ չարտաբերել, նրանց որեւէ կերպ ուշադրության չարժանացնել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը ականատես եղավ, թե ինչպես էին ՀՀԿ-ականները ընդմիջումների ժամանակ միմյանց խոստովանում՝ «ոչ մի բառ չեմ խոսել»:

 




Լրահոս