Պետք է համագործակցեն անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Արգելված թմրանյութեր

1. Իրենց համապատասխան լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում Կողմերը պետք է համագործակցեն՝ արգելված թմրանյութերի, ինչպես նաեւ նոր հոգեակտիվ նյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված հավասարակշռված եւ ինտեգրված մոտեցումն ապահովելու շուրջ: Թմրանյութերի հետ կապված քաղաքականությունը եւ գործողությունները պետք է ուղղված լինեն արգելված թմրանյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին, արգելված թմրանյութերի մատակարարումը, առեւտուրը եւ պահանջարկը նվազեցնելուն, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածության հետ կապված առողջական եւ սոցիալական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառույցների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել հասցվող վնասը, ինչպես նաեւ արդյունավետորեն կանխել թմրադեղերի, հոգեներգործուն կամ հոգեակտիվ նյութերի ապօրինի արտադրության համար օգտագործվող քիմիական պրեկուրսորների նպատակային օգտագործումից շեղումները:

2. Կողմերը պետք է համաձայնության գան 1-ին պարբերության մեջ նշված նպատակներին հասնելու համար համագործակցության անհրաժեշտ մեթոդների շուրջ: Գործողությունները պետք է հիմնված լինեն համապատասխան միջազգային կոնվենցիաներով սահմանված ընդհանուր համաձայնեցված սկզբունքների վրա եւ պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 2016 թվականի ապրիլին անցկացված՝ աշխարհում թմրանյութերի խնդրի վերաբերյալ հատուկ նիստի արդյունքների մասին փաստաթղթում ամրագրված առաջարկությունների իրականացմանը:

Փողերի լվացում եւ ահաբեկչության ֆինանսավորում

1. Կողմերը պետք է համագործակցեն՝ հատկապես ընդհանուր բնույթի եւ թմրանյութերի հետ կապված հանցագործություններում քրեական գործողությունների արդյունքում ստացված դրամական միջոցների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրենց ֆինանսական եւ համապատասխան ոչ ֆինանսական համակարգերի օգտագործումը կանխելու նպատակով: Այդ համագործակցությունը տարածվում է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների կամ դրամական միջոցների բռնագանձման վրա:
2. Այս ոլորտում համագործակցությունը հնարավորություն է տալիս Կողմերի համապատասխան օրենսդրության եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի շրջանակներում իրականացնել համապատասխան տեղեկությունների փոխանակում, ինչպես նաեւ ընդունել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համապատասխան ստանդարտներ, որոնք համարժեք կլինեն այս ոլորտում ակտիվ համապատասխան միջազգային մարմինների, ինչպես, օրինակ, Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) կողմից ընդունված ստանդարտներին:

Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը

1. Error! Reference source not found.-րդ հոդվածով սահմանված՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմքում ընկած սկզբունքներին համապատասխան՝ Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ իրավապահ եւ դատական համակարգերի մոտեցման կարեւորությունը եւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման շուրջ, մասնավորապես՝
ա) ահաբեկչական խմբերի եւ անհատների ու դրանց աջակցող ցանցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ միջազգային եւ ներպետական, մասնավորապես տվյալների պաշտպանության եւ գաղտնիության պահպանման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան,
բ) ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման, միջոցների եւ մեթոդների կիրառման ու դրանց տեխնիկական հայեցակետերի, ինչպես նաեւ վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված փորձի փոխանակման միջոցով՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան,
գ) արմատականացման եւ հավաքագրման, արմատականացման դեմ պայքարելու եւ վերականգնումը խթանելու եղանակների վերաբերյալ տեսակետների փոխանակման միջոցով,

դ) ահաբեկչության մեջ կասկածվողների միջսահմանային տեղաշարժի եւ սահմանը հատելու, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ տեսակետների եւ փորձի փոխանակման միջոցով,
ե) ահաբեկչության դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ, մասնավորապես քրեական վարույթի հետ կապված լավագույն փորձի փոխանակման միջոցով,
զ) ահաբեկչական հանցագործությունների քրեականացումն ապահովելու միջոցով, եւ
է) քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքների դեմ ուղղված միջոցներ ձեռնարկելու եւ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ ատոմային նյութերի՝ ահաբեկչական նպատակներով ձեռքբերումը, տեղափոխումը եւ օգտագործումը կանխարգելելու, ինչպես նաեւ բարձր ռիսկայնության քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային սարքավորումների դեմ անօրինական գործողությունների կանխարգելման համար միջոցներ ձեռնարկելու միջոցով:
2. Համագործակցությունը պետք է հիմնված լինի համապատասխան առկա գնահատումների վրա եւ իրականացվի Կողմերի միջեւ փոխադարձ խորհրդակցության միջոցով:

Շարունակելի…




Լրահոս