Ժամկետ է տրվել, որպեսզի փոփոխությունները բերենք ԱԺ-ի կողմից նոր ընդունվելիք օրենքի դաշտ. Մամիկոն Ասլանյանը` ՍԴ որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։ ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

«ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ կետը եւ դրա հիման վրա մեր կայացրած որոշումները սահմանադրությանը հակասող է ճանաչվել: Մինչեւ մարտի 31-ը ժամկետ է տրվել ՀՀ ազգային ժողովին եւ նաեւ մեզ, որպեսզի փոփոխությունները բերենք ԱԺ-ի կողմից նոր ընդունվելիք օրենքի դաշտ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նշենք, որ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան:



Այս տեսակետին ի պատասխան Ասլանյանն արձագանքեց. «Դա դրա հետ որեւէ կապ չունի, ավագանու մեր գումարած նիստերը գումարվել են օրենքի տառին համապատասխան: Սահմանադրական դատարանը ոչ թե մեր նիստերը ճանաչեց գործող օրենքին հակասող, այլ մենք տվյալ պահին գործել ենք գործող օրենքի ողջ տառին ու հոգուն համապատասխան: Բայց քանի որ ՍԴ-ն գտավ, որ 64 հոդվածի 3-րդ կետը հստակ չի քվորումի մասով, դրա հիման վրա ընդունած որոշումները ճանչեցին հակասահմանադրական` հակասահմանադրությունից բխելով, ոչ թե մեր որոշումները առանձին: Հետեւաբար դա ավագանու լիազորություններից հրաժարավելու եւ մյուս արտահայտությունների հետ որեւէ աղերս չունեն: Սահմանադրական դատարանը հստակ նշեց, որ դրանք պետք է համապատասխանեցվեն եւ ԱԺ-ին պարտավորեցրեց, որ անդրադառնա ընդամենը հստակություն եւ այդ օրենքի մեջ փոփոխություն մտցնի»:

Այս պահին հայտնի չէ, թե երբ ԱԺ-ն կանդրադառնա այս հարցին, բայց մինչեւ մարտի 31-ը հստակ ժամկետ է տրված: «Ես դեռ մեկնաբանություններն ու որոշումները չեմ ստացել, երբ մենք ստանանք ամբողջական որոշումը, ապա դրան դրան համապատասխան կշարժվենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում եզրափակեց Ասլանյանը:




Լրահոս