Վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ ներկայումս իրականացվում են Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով մյուս փողոցների վերականգման աշխատանքները: Նախատեսվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ բոլոր շինաշխատանքներն ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքներին: Ըստ պատասխանատուների՝ մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն և արդեն իսկ կան կոնկրետ ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ խստորեն պահպանելով Գյումրիի կոլորիտը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրերը կդառնան Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:




Լրահոս