Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրում մասնավորապես ասված էր. «ՀՀ քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ: Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչեւ 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Ինքնասպանության դեպքերի առթիվ կատարված նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են այն պատճառներն ու պայմանները, որի արդյունքում անձինք դիմում են նման քայյի, եւ, որպես կանոն, այդ դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռեւս բավարար չէ եւ չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման համար անհրաժեշտ կանխարգելիչ ազդեցություն ունենալ…»:
Ըստ կոմիտեի՝ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, իսկ ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 635 դեպք, որը 2015թ. համեմատ նվազել է 12%-ով, 2017թ. հունվար-հունիսին ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 282 դեպք:
Ուստի կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերը, ինչպես նաեւ դժբախտ պատահարները կանխելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Ի պատասխան միջնորդագրի՝ Երեւանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաեւ միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, ինչ է անում աշխատանքային խումբը:
-Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում:
-Աշխարհի փորձերին ծանոթանալով՝ ի՞նչ է հնարավոր Հայաստանի կամուրջներում կիրառել, որ կարողանանք հնարավորինս նվազեցնել ինքնասպանության դեպքերը:
-Օրինակ՝ շատ երկրներում այս լուծումը հենց տալիս են նախագծային փուլում, մեր երկրում որեւէ կամուրջ չունի նախագծային փուլով անցած այդպիսի լուծում՝ արգելապատնեշ ցանցեր, պաշտպանիչ այլ միջոցներ: Տարբեր երկրներում տարբեր է, որեւէ մեկը երաշխավորված չէ դրանից, մենք ուսումնասիրում ենք լավագույն տարբերակը, որը կնպաստի իր արդյունավետությամբ, ֆունկցիոնալ առումով ավելի արդյունավետ կլինի, կիրառելի կդառնա Երեւան քաղաքում:
-Այսինքն՝ հնարավո՞ր է այս դեպքերը կանխելու համար միջոց չգտնեք:
-Ցավոք սրտի, ասում եմ, որ մեր նախագծային լուծումներով որեւէ կամուրջ այդպիսի հավելյալ անվտանգության միջոցով ապահովագրված չի եղել:
-Հիմա ընդհանրապես էլ տարբերակ չունե՞ք, որը հնարավոր է՝ կիրառվի:
-Հիմա չեմ կարող շտապել ասել, որովհետեւ չունենք կոնկրետ տարբերակ, ուսումնասիրությունների փուլում ենք, գտնենք առավելագույնը, ինչ միջոցներ կարելի է կիրառել:
-Եվ վե՞րջ:
-Դա կարող էր լինել ճարտարապետի պահանջ, որը սկզբունքորեն դեմ լինի: Մեր կամուրջների հիմնական մասը, որը քաղաքում տեղակայված է, նաեւ ունեն ճարտարապետական նշանակություն, մնացածը ուղետարներն են՝ ավելի ցածր բարձրության, բայց հիմնական կամուրջները՝ Հաղթանակը, Հրազդանի վրայի մեծ կամուրջը, ինչպես ժողովուրդն ասում է՝ Կիեւյան կամուրջը, Դավիթաշենը, ճարտարապետները չեն նախատեսել նման բան:
-Լավ, իրենք չեն նախատեսել, Դուք ի՞նչ պետք է անեք:
-Ես չեմ կարող հիմա ասել, խնդիրը կա, անվտանգության խնդիրը կա, գուցե հավելյալ այլ միջոցներ կիրառվեն, ինչպես շքամուտքերի անվտանգությունը, եւ այլն, եւ այլն:
-Անդրադառնանք նաեւ «Մանուշակ, մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, որից հետո բարձրացվեց մանկապարտեզների անվտանգության հարցը: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել:
-Քաղաքապետը լրջագույն հանձնարարական է տվել՝ ուշադրություն դարձնեն ծառայություններին, որ պահակներն են իրականացնում, անվտանգությանը՝ ոստիկանության հետ համատեղ բարձրացնել մանկապարտեզների, դպրոցների նկատմամբ հսկողությունը:
-Առաջարկ է արվել, որպեսզի մանկապարտեզներ, դպրոցներ մուտք գործելու համար քարտային կոդավորված համակարգ ստեղծեն:
-Այդ ամենը ծախս է, այդ ամենը տեխնիկական միջոցների ներդրման խնդիր է, ուղղակի պետք է ֆունկցիոնալ առումով գտնել՝ ամենաարդյունավետ տարբերակը որն է: Ոստիկանության հետ համատեղ տրվել է հանձնարարականը՝ լինել ուշադիր մանկապարտեզների ելք ու մուտքին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

«ԳՈՐԻՍ» ՔԿՀ-Ի ՇՈՒՐՋ
Գորիսի քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով չի բացառվում, որ քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվեն:
Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 31-ին գրել էր, որ իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց տեղեկություն է հասել, թե իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-որ բան փնտրելով: Արդյունքում, ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից իրավիճակի մասով մեկնաբանել էին, թե կալանավորների բունտ չի եղել՝ փոխարենը նշելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին Գորիսի ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տվյալներ են ունեցել, որ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված: Տեւական ժամանակ հետեւել են քաղաքացու գործունեությանը, գաղտնալսել են նրա հեռախոսային խոսակցությունները, որից հետո որոշում է կայացվել նրան ձերբակալել:
Ձերբակալումից հետո իրավապահները խուզարկություն են իրականացրել քաղաքացու բնակարանում եւ հետաքրքվել են, թե նա որտեղից է ձեռք բերել թմրանյութը եւ որտեղ է իրացրել: Պարզվել է, որ թմրանյութի մեծ մասը մատակարարվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ:
Ահա այսպես՝ իրավապահները ձերբակալված քաղաքացու ցուցմունքի հիման վրա ստուգումներ են իրականացրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այստեղից էլ սկսվել է ողջ պատմությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները քրեակատարողական հիմնարկում հայտնաբերել են քաղաքացու կողմից մատնանշված թմրանյութը:
Ու այստեղ հարց է առաջացել, թե ինչ ճանապարհով է թմրանյութը բանտ մտել, ո՞ւր են նայել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության աչքերը:
Ըստ լուրերի՝ թմրանյութը մտել է ՔԿՀ «զոն նայող» Կարոյի միջոցով եւ բաշխվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորների եւ դատապարտյալների մեջ:
Հիմա քննություն է գնում, ու չի բացառվում, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շատ պաշտոնյաներ հայտնվեն մեղադրյալի աթոռին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ Է ՈՒՐԱԽԱՑԵԼ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով պաշտոնյաների որդիներն էլ բանակ կզորակոչվեն, եթե առողջ լինեն: «Այս օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության սկզբունքի խնդիրը, այլ նաեւ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով եւ ժամկետային ծառայության կարգավորման պայմաններում սա որոշակի ծառայություն է»,-նշել է Դ. Տոնոյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների համար ամենաշատ ուրախացող մարդկանցից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Հարցին՝ ինչը նպաստեց, որ այդ օրենքն, ի վերջո, ընդունվի, քանի որ տարիներ շարունակ այդ թեման չարչրկվել է, բայց այսպես էլ տարկետման իրավունքը չէր հանվում, Տոնյանը պատասխանել է. «Դրան նպաստում է այն, որ այսօր կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրը, մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համամիտ է այդ նախագծին»:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Զինված խմբի» գործով դատական նիստին դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանի միջնորդությունը: Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո միջնորդությունը մերժել է: Դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: Նշենք, որ գործով ամբաստանյալներ Արթուր Վարդանյանն ու Հայր Անտոնն ամբողջ ընթացքում գիրք էին ընթերցում:

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
«Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվել է Արցախում պայմանագրային զինծառայություն իրականացնող Հովհաննես Մինասյանը, որին մինչ այդ չէր հաջողվում հրավիրել դատարան: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

 




Լրահոս