«ԴՈՐԻԱՆՍԸ» ՀԱԶԻՎ ԹԵ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008-ին «Դորիանս» ռոք խումբը, որի մեներգիչը Գոռ Սուջյանն էր, մեծ ճանաչում ստացավ այդ ժանրի սիրահարների շրջանում։ Խումբը համերգային ծրագրերով ելույթներ էր ունենում աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների հետ, մասնակցում էր բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանանում մրցանակների: 2013-ին էլ Գոռ Սուջյանը «Դորիանս» խմբի կազմի հետ «Lonely Planet» երգով մասնակցեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին եւ հասավ մինչեւ եզրափակիչ: Դրանից հետո, սակայն, խմբին չհաջողվեց պահել գրանցած պիկային հաջողությունը։ Որոշ ժամանակ անց խումբը պարզապես կազմալուծվեց։ «Ժողովուրդ»-ը Գոռի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, «Դորիանսի» պառակտման պատճառների եւ այլ թեմաների շուրջ։

-Գո՛ռ, «Դորիանս» խմբի անդամներին երբեւէ կրկին միասին կտեսնե՞նք։ 

-Դեռեւս չեմ կարող ասել։ Անկեղծ ասած՝ խմբի երաժիշտները, մասնավորապես կիթառահարն ու ստեղնահարը, երկար ժամանակ է՝ երկրում չեն եւ չեն լինելու։

 -Միայն դա՞ է խնդիրը, թե՞ ուրիշ պատճառ էլ կա։

-Դե, վաղուց չենք նվագել։ Որ ասեմ՝ ինչ-որ խնդիր կա, ոչ, առհասարակ, չկա։ Ուղղակի վաղուց միասին հանդես չենք եկել։

-Բայց երկրպագուները սպասում են, որ «Դորիանս» խումբը կվերակազմավորվի, կներկայանա նախկին ակտիվությամբ։

-Չեմ կարծում։

-Իսկ ուրիշ խումբ ձեւավորելու ցանկություն չկա՞։

-Ես հիմա հանդես եմ գալիս երեւանյան ակումբներում։ Միայնակ եմ ելույթ ունենում՝ էքսպերիմենտալ նախագծի շրջանակում նվագելով միաժամանակ մի քանի երաժշտական գործիքներ։ Ինձ դա շատ է դուր գալիս, կարծում եմ՝ գործունեությունս շարունակական կլինի։

-Ձեզ ավելի մեծամասշտաբ նախագծերում կտեսնե՞նք, օրինակ՝ մենահամերգ սպասե՞նք։

-Դեռեւս չեմ կարող ասել, համենայն դեպս,  նման բան պլաններում դեռ չկա։

 -Ձեր դիտարկումներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ռոքի հանդեպ հետաքրքրությունը աճե՞լ է, թե՞ նվազել։

-Առհասարակ, ինձ համար ուրախալի է այն փաստը, որ մեծացել է հետաքրքրությունը որակյալ երաժշտության նկատմամբ։

-Դա զգացել եք ակումբներում կենդանի ելույթների ժամանակ ստացած արձագանքների՞ց։

-Նաեւ։ Մարդկանց ճաշակն իսկապես փոխվել է դեպի լավը։

-Բայց կոնկրետ ռոքի հանդեպ հետաքրքրությունից չխոսեցիք:

-Քանի որ հիմա կոնկրետ ռոք ժանրում հանդես չեմ գալիս, չեմ կարող ոչինչ ասել։-Իսկ ո՞ր ժանրում եք ներկայանում։

-Ես, առհասարակ, չեմ սիրում երաժշտությունը, այսպես ասած, ժանրավորել։ Ամեն արտիստ իր ժանրն ունի։ 

-Իսկ ինչո՞ւ այս պահին ռոք չեք երգում։

-Աշխատեցի ամերիկացի պրոդյուսերի հետ եւ ինձ փորձեցի սոուլին մոտ ժանրում, շատ դուրս եկավ։ Իհարկե, իմ ներկայացրածը լիարժեք սոուլ չէ, դա կարող են ներկայացնել միայն սեւամորթները։ 

-Իսկ Ձեզնից նոր տեսահոլովակ սպասե՞նք։-Հոլովակ, որտեղ կներկայացվի իմ արվեստը՝ այո՛, բայց կոնկրետ սցենարով տեսահոլովակ դժվար թե լինի։

-Այլ ժանրի հայ երգիչները հաճախ են համերգների հրավերներ ստանում արտերկրից, սփյուռքից, իսկ Դու՞ք։

-Ինձ եթե հրավիրում են, ապա ոչ հայեր։

 -Փառատոների, միջազգային մրցույթների մասնակցելու ցանկություն ունե՞ք։

-«Եվրատեսիլի» նման մրցույթի հաստատ չէի ուզենա մասնակցել։ Եթե լինի փառատոն, որտեղ կկարեւորվի երաժշտությունը, այո՛, կցանկանամ ներկայանալ։

-Հիասթափվե՞լ եք մրցույթներից: Չե՞ք ցանկանում սթրեսի ենթարկվել։

-Ո՛չ, սթրեսի խնդիր չկա։ Մենք գիտենք, որ «Եվրատեսիլը» մրցույթ չէ։ Հազարից մեկ է պատահում, որ այդ մրցույթում հաղթում է երաժշտությունը։ Օրինակ՝ այս տարի եղավ այդպես։ Բայց մեծ մասամբ այդ մրցույթում հաղթում է քաղաքականությունը եւ մի շարք այլ գործոններ։ Ես «Եվրատեսիլը» մրցույթ չէի անվանի, այլ երկիր ներկայացնելու հարթակ։ Ընդհանրապես, մրցույթներ չեմ սիրում, քանի որ այն համոզման եմ, որ ամեն երաժիշտ ու երգիչ ունի իր ոճն ու ասելիքը։

-Ձեր կնոջ՝ երգչուհի Վարսայի հետ հանդես գալու ծրագրեր կա՞ն։

-Դեռ ոչ, նման մտադրություն չունենք։

-Այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում նվիրվել եք ընտանիքին, անձնական կյանքին՝ գործնականը մղելով երկրորդ պլան, այդպե՞ս է։

-Ո՛չ, գործնականն ու անձնականը համատեղում եմ։ Մեկը մյուսին չի կարող խանգարել։ Իմ դեպքում անձնականը նույնիսկ օգնում է գործնականին։ Այնպես որ, ամեն բան իր տեղում է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱՐՍԵՆԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ «ՏՆՏՂԵԼ Է» ԻՆՁ

Մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Հայկ Հունանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Երկրպագուները անհանգստացած են՝ որտե՞ղ  է նա եւ ինչո՞վ է զբաղված։ Հայկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շարունակում է ծավալել երաժշտական գործունեություն, ավելին՝ պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել սիրային եւ ազգագրական երգեր. «Ինքս սասունցի եմ եւ հայրենասիրական, ազգագրական երգերը բավական հոգեհարազատ են ինձ, կարծում եմ՝ լավ է ստացվել»,-ասաց երգիչը։ Ի դեպ, երգիչ Արսեն Սաֆարյանը զբաղվում է Հայկի պրոդյուսերությամբ. «Նրան ես վստահում եմ ամեն հարցում։ Արսենը երկար ժամանակ տնտղել է եւ նոր  միայն որոշել է զբաղվել իմ պրոդյուսերությամբ։ Ի դեպ, մենք ոչ միայն լավ կոլեգաներ ենք, այլեւ մտերիմ ընկերներ, ընտանիքներով էլ մոտ ենք իրար հետ»,- նշեց Հայկը։Հարցին, թե արդյոք երկրպագուները կարող են առաջիկայում ակնկալել ոճային փոփոխություն, երգիչը պատասխանեց.«Այդ հարցը պետք է ուղղեք Արսենին։ Նա ինչպես որոշի, այնպես էլ կանեմ։ Ինչպես նշեցի, ամբողջովին վստահում եմ նրա ճաշակին։ Նա գիտի՝ ինձ ինչ է պետք»։Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայկը մտադիր է նորից մասնակցել երաժշտական մրցույթների.«Դեռեւս հնարավորինս խուսափում եմ նման նախագծերից, աշխատում եմ մրցույթներից հեռու մնալ, բայց ոչ մի հստակ բան չեմ կարող ասել հենց թեկուզ այն բանի համար, որ նման դեպքերում միայնակ չեմ որոշումներ կայացնում»,-պատասխանեց երգիչը։Հայկը, ով վերջերս մենահամերգով հանդես եկավ «Արենա լայֆ» ծրագրի շրջանակում,  հավելեց, որ երգում է երեւանյան  ակումբներում։ Նա առաջիկայում երկրպագուներին կներկայացնի նաեւ տեսահոլովակ։ Երգիչը պարբերաբար հրավերներ է ստանում արտերկրից՝ թե՛ համերգների, թե՛ կոորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար։ Հարցին, թե արդյոք Արսեն Սաֆարյանի հետ դուետով հանդես գալու մտադրություն ունի, Հայկը պատասխանեց. «Կան նման մտքեր, բայց դեռ չեմ ցանկանա փակագծեր բացել»։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են: Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է: Հայաստանի՝ տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է: 5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր եւ կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է՝ 9 միավորով: Կանանց ընտրանին 13-րդ տեղում է եւ ունի միայն 6 միավոր: Հիշեցնենք, որ այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:

 

 

ԳՈԼ Է ԽՓԵԼ

Ֆուտբոլի Գերմանիայի՝ մինչեւ 19 տարեկանների առաջնության երկրորդ տուրում «Գրոյտեր Ֆյուրտը» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվել է «Մայնցին»: Հյուրերի երկրորդ գոլը խփել է 17-ամյա հարձակվող Գերման Կուրբաշյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:Հիշեցնենք, որ Կուրբաշյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղերին: Մինչեւ «Գրոյտեր Ֆյուրտ» տեղափոխվելը նա հանդես է եկել «Քյոլնի» մինչեւ 17 տարեկանների թիմում:




Լրահոս