Երևանի հետընթացի բյուջեն. որքան դեֆիցիտ է սպասվում հաջորդ տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեն կարելի է բնորոշել որպես մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների կողմից եկող տարի սպասվող հետընթացի գրավոր արձանագրում:

Բանն այն է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները կազմելու են 80 մլրդ 189 մլն 969 հազար 800 դրամ: Ստացվում է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեն ընթացիկ՝ 2017 թվականի համեմատ 4 միլիարդ 154 մլն 961 հազար դրամով պակաս է լինելու: Այս տարվա համեմատ գրեթե նույնքան կնվազեն նաեւ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք ըստ նախագծի՝ կազմելու են 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամ, իսկ դեֆիցիտը, ենթադրվում է, որ լինելու է 48 մլն դրամի սահմաններում:

Եկող տարի Երեւան համայնքի եկամուտներից հարկեր եւ տուրքերի տեսքով նախատեսվում է հավաքագրել 14 մլրդ 427 մլն դրամ: 21 մլրդ 696 մլն դրամի եկամուտ էլ ակնկալվում է, որ կստացվի պաշտոնական դրամաշնորհների տեսքով: «Այլ եկամուտներ» տողով նախատեսված է 44 մլրդ 66 մլն դրամ, որից 36 մլրդ 590 մլն դրամը ստացվելու է Հայաստանի պետական բյուջեից` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար:

Ամենաուշագրավն այն է, որ եկող տարի եւս Երեւանի եկամուտների մեջ զգալի մասնաբաժին է հատկացված վարչական իրավախախտումների դիմաց գանձվող գումարներին: Այս ճանապարհով եկող տարի Երեւանի բյուջեն պատրաստվում են համալրել ավելի քան 460 մլն դրամով: Ասել է, թե եթե հանկարծ քիչ մարդու տուգանեն, ապա քաղաքի բյուջեի դեֆիցիտը կավելանա: Ուստի կարելի է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժինների աշխատակիցները ջանք չեն խնայի «պլանը կատարելու» ու հնարավորինս շատ երեւանցիների տուգանելու համար:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մոտ 2000 աշխատողների աշխատավարձային ֆոնդը եկող տարի կազմելու է 6 մլրդ 401 մլն դրամ: Նշված գումարից 758 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար:

Երեւանում աղբահանության համար նախատեսվում է ծախսել ավելի քան 7 մլրդ 896 մլն դրամ: Ընթացիկ տարվա համար եւս գրեթե նույնքան գումար է հատկացված, բայց միեւնույն է՝ Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված:

Բավականին լուրջ գումար` 5 մլրդ 401 մլն դրամ է նախատեսված շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար: Հայտնի է, որ շենքերի եւ կառույցների նորոգման եւ պահպանման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի ղեկավարության մերձավոր շրջապատի հետ փոխկապակցված ընկերությունների մենաշնորհն է: Այլ կերպ ասած` շինարարության բիզնես ունեցող մերձավորների ֆինանսավորման համար Երեւանի բյուջեից 2018 թվականից կհատկացվի 5,5 միլիարդ դրամ:

Երեւան քաղաքի՝ եկող տարվա ծախսերի մեջ նախատեսված է նաեւ նվիրատվություններ ոչ կառավարական հասարակական կազմակերպություններին: Այս նպատակով հատկացվելու է 1 մլրդ 123 մլն դրամ: Չնայած ձեւակերպումը տրված է «ոչ կառավարական» ՀԿ-ների, բայց ավելի արդարացի կլիներ ասել, որ այդ գումարները հատկացվելու են դե ֆակտո ՀՀ իշխանությունների ներքո գործող ՀԿ-ներին:

2018 թվականին Երեւանի տրանսպորտի վրա նախատեսում են ծախսել 15 մլրդ 196 մլն դրամ: Նշված գումարից 3 մլրդ 661 մլն դրամը նախատեսվում է ծախսել քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար: Ի դեպ, եկող տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 25 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա համար նախատեսված գումարից: Հաշվի առնելով այն փաստը, որ տարին մոտենում է ավարտին, իսկ Երեւանի ճանապարհներն այս ընթացքում առանձնապես չեն բարելավվել, ուստի կարող ենք ենթադրել, որ հաջորդ տարվա հետ կապված եւս կարիք չկա մեծ ակնկալիքներ ունենալ:

Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորումը ընթացիկ տարվա համեմատ 2018 թվականին եւս չի փոխվելու. այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 724 մլն դրամ:

Եկող տարի մայրաքաղաքի տոնական ձեւավորումների վրա նախատեսվում է ծախսել 50 մլն դրամ: Մասնավորապես միայն դրոշների տեղադրման համար Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականին պատրաստվում է ծախսել 45 մլն դրամ: Իսկ Երեւանի պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովելու համար 2018-ին նախատեսվում է ծախսել 692 մլն 496 հազար դրամ:

Ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայության համար 2018 թվականին քաղաքապետարանը ծախսելու է 444 մլն դրամ: Ասել է, թե կարմիր գծեր գծելու համար քաղաքապետարանը շարունակելու է բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ ծախսել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս