Ժամանակին տարկետման վերացման դեմ բողոքած ԵՊՀ պաշտոնյան այժմ դեմ է ուսանողների բողոքին. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր ընթացող ուսանողների դասադուլների ընթացքում պարբերաբար հայտնվում են անձիք, ովքեր քննադատում են ուսանողների գործունեությունը: Նրանցից մեկն էլ  ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն է: Ուշագրավն այն է, որ  2004 թվականին ինքը նույնպես պայքարել է տարկետումը վերացնելու մասին օրենքի դեմ եւ արդյունքում օգտվել է տարկետման պահպանման իրավունքից:

Օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մի քանի մանրամասներ էր հրապարակել Ղարիբյանի մասին: Մասնավորապես նա գրել էր. «Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել և այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը և սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների», – նշել է նա:

Հետաքրքիր է, որ տարիներ առաջ սոցիալական կայքերում Ղարիբյանի դեմ բաց նամակ էր շրջանառվում: «Հարկ ենք համարում նշել նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի, ԵՊՀ Գնումների հանձնաժողովի նախագահի չարաշահումների և արտոնյալ կարգավիճակի մասին, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, ունի ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես, սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր և այլն: Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է աշխատում նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ’ հայտնի ձևերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ», – գրված էր բաց նամակում, ինչը Ղարիբյանը փորձել է հերքել:

Հիշեցնենք, որ 2004թ-ին կառավարության կողմից համանման փորձը կանխվել էր ուսանողների ու երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման և լայն հանրային բացասական արձագանքի շնորհիվ։ Ընդունելով շարժման մասնակիցների փաստարկների իրավացիությունը՝ օրվա իշխանություններն օրինագիծը հանել էին շրջանառությունից։

Այժմ գործող իշխանությունները կրկին փորձում են բարձրաձայնվող խնդիրները լուծել կրթության և գիտության հաշվին, ընդ որում այս անգամ փաթեթավորելով այդ փորձը «ազգ-բանակ» անվանմամբ վտանգավոր և մտահոգիչ միլիտարիստական հայեցակարգով։ Եվ այժմ, ինչպես և 2004-ին, այս փորձը ցասում է առաջացրել ուսանողների շրջանում, ինչի արդյունքում նրանք նախաձեռնել են մի նոր Հանուն գիտության զարգացման շարժում։




Լրահոս