ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական սկզբունքով. փոփոխություն կարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները նախատեսում են համայնքների խոշորացման ծրագիրն ավարտել 2018-19 թվականին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Մեզ հետ զրույցում պարոն Տերտերյանը չբացառեց, որ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, եւ մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի օրինակով:

-Պարո՛ն Տերտերյան, ե՞րբ է նախատեսված ավարտին հասցնել համայնքների խոշորացման գործընթացը:

-Համայնքների խոշորացման ծրագիրը 2018-19 թվականին կավարտվի: Այն համայնքներում, որտեղ մինչ այդ խոշորացում եղավ, նոր ընտրություններ կլինեն: Եթե նոյեմբերի 5-ին ինչ-որ համայնքում ընտրություններ են եղել, դրանց արդյունքում ձեւավորվում են տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց լիազորությունները հինգ տարի են: Այսինքն՝ այդտեղ ընտրություններ կլինեն հինգ տարի անց: Մինչ այդ ընտրություններ կլինեն այնտեղ, որտեղ նոր խոշորացում կլինի: Այսինքն՝ արդեն տեղի ունեցած ընտրությունների հետ դրանք չեն կապվում:

-Հայտնի է, որ 2018 թվականին երեք փուլով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու՝ մարտին, հունիսին եւ հոկտեմբերին: Ո՞ր մարզերում է խոշորացում սպասվում եւ այդ ամսիներին:

-Կլինեն այն մարզերում, որտեղ դեռ խոշորացում չենք արել: Հիմնականում դրանք Արարատի եւ Արմավիրի մարզերն են: Կան նաեւ մարզեր, որտեղ համայնքների խոշորացում արել ենք, սակայն ինչ-որ կտորներ դուրս են մնացել: Եթե համայնքների խոշորացումը մի կողմ դնենք, ապա այդ ընտրությունների օրերը ենթադրում են, որ եթե որեւէ համայնքում բնականոն հինգ տարին ավարտվել է, հիմա նոր ընտրություն պետք է լինի, ապա այդ ընտրությունը՝ կախված նրանից, երբ է լիազորությունն ավարտվում, այդ օրը կմոտեցվի այդ երեք օրերից որեւէ մեկին: Եթե խոշորացումը լինի, եւ խոշորացման արդյունքում ընտրություններ լինեն, ապա դրանք կլինեն այդ երեք օրերից որեւէ մեկում, որին որ նրանք ավելի մոտ կլինեն: Այժմ այդ առումով որեւէ հստակություն առկա չէ:

-Բազմիցս նշվել է այն մասին, թե խոշորացումից հետո նախատեսվում է ՏԻՄ ընտրություններն անցկացնել կուսակցական սկզբունքով, արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

-Խոշորացումից հետո հաջորդ ընտրությունները՝ հինգ տարի հետո կամ երբ որ դրանք կլինեն, եթե այդպիսի որոշում կայացվի, օրենքում այդպիսի փոփոխություն կատարվի, ապա հաջորդ ընտրությունները կլինեն այդ համամասնական սկզբունքով: Բայց դրա համար պետք է այդ որոշումը կայացվի, եւ օրենսդրական այդ փոփոխությունն իրացվի: Հիմա դրա մասին խոսելը դեռ վաղ է: Նոր խոշորացված համայնքներում այս պահի դրությամբ ընտրությունները կկատարվեն գործող օրենսդրությամբ, այսինքն՝ այնպես, ինչպես եղել է նոյեմբերի 5-ին, եթե մինչ այդ օրենքում փոփոխություններ չլինեն: Համենայնդեպս, մենք ենթադրում ենք, որ այդ փոփոխությունները կլինեն ավելի ուշ: Այս ընտրությունները մենք դեռ իրականացնում ենք գործող օրենսդրությամբ:

-Ամեն դեպքում՝ հակվա՞ծ եք այդպիսի փոփոխության:

-Ես ինքս ավելի շատ հակված եմ դեպի այդ՝ համամասնական ընտրակարգին, որը նման է մեր խոշոր համայնքներին՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր: Իհարկե, որոշ մոդիֆիկացիայով դրանք կկատարվեն, այսինքն՝ ոչ թե ճիշտ այդ մոդելով, այլ համամասնականը հիմքում ունենալով, բայց փոփոխություններ չբացառելով: Սա իմ անձնական կարծիքն է:

-Ընդհանուր համայնքների խոշորացումից հետո ինչպե՞ս է գործելու մարզպետարանների ինստիտուտը:

-Մարզպետարանների ինստիտուտի փոփոխության մասին հիմա քննարկումներ գնում են, որպեսզի կողմնորոշվենք՝ ինչ նոր լիազորություններ կունենան մարզպետները, կամ ինչ լիազորություններ դուրս կգան, կգնան համայնքներին: Դա գործընթաց է, եւ այս պահին որոշակիություն դեռ չկա:

-Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ամեն դեպքում մի քանի համայնքներում բողոքի ակցիաներ եղան ընդդեմ վարչատարածքային բաժանման:

-Ես կարծում եմ, որ այդ համայնքներում մոտվիացիան ավելի շատ այլ էր: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ հատկապես իրենց գյուղից առաջադրված թեկնածուն պետք է անցնի, բայց չի անցել, անցել է հարեւան գյուղից առաջադրված թեկնածուն: Հիմնական խնդիրն ու խոսակցությունը, կարծում եմ, որ դա էր, այլ ոչ թե խոշորացումը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս