Oֆշորային սկանդալի հետ կապվող դեսպանը ճոխ ունեցվածք է կուտակել

Oֆշորային սկանդալի հետ կապվող դեսպանը ճոխ ունեցվածք է կուտակել

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ում անունը կապվում է օֆշորային սկանդալի հետ, այս տարիներին հասցրել է ճոխ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ դեսպանը երեք բնակարան ունի, մեկ ավտոտնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հատ BMW 730 մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս՝ դեսպանը մեկ ընկերությունում ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, իսկ երեք ընկերություններում` 80 հազար եվրոյի եւ մոտ 259 հազար դրամի բաժնեմաս: Նրա ունեցած փոխառությունը կազմել է 1.2 մլն դոլար: Դեսպան Տողանյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող ձեռքի ժամացույցների, թանկարժեք քարերի եւ նկարների հավաքածուներ:

Նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 48 մլն ռուսական ռուբլի, 4.9 մլն դոլար եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 150 հազար ռուսական ռուբլի: Բացի այս՝ նա վարձակալության դիմաց ստացել է 4800 դոլար, որը նույնպես որպես եկամուտ է հայտարարագրել: