Մինչ ԱԺ-ն քննարկում է տարկետման իրավունքի վերացման օրենքի նախագիծը, ուսանողներն անակնկալներ են խոստանում. դասադուլը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր շարունակելու են դասադուլը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ մինչ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը քիչ ժամանակ է մնացել, եւ իրենք ձգտում են մինչ այդ համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխեն օրենքի ընդունումը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Պետրոսյանը չցանկացավ մանրամասնել հետագա ծրագրերը, սակայն վստահեցրեց, որ երբ նախագիծը խորհրդարանում դրվի քննարկման, ուսանողների ակցիան արդեն կշարունակվի ԱԺ շենքի մոտ, ինչպես եղավ օրեր առաջ: «Դասադուլն անժամկետ է, ակցիան շարունակվելու է: Թե ինչ քայլեր կանենք օրենքի ընդունումից հետո, հիմա չեմ կարող կանխատեսել», – ընդգծեց նա՝ նշելով, թե հիմա բոլոր ուժերը կենտրոնացված են, որպեսզի օրենքը չընդունվի: «Մինչեւ հինգշաբթի կլինեն լավ անակնկալներ»,- նշեց նա՝ խուսափելով մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայումս գործող ակադեմիական տարկետման իրավունքը: Իսկ պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Մասնավորապես տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո զինվորական ծառայության անցնել արդեն ոչ թե երկու, այլ երեք տարով, բայց որպես սպա:

Այս առումով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն իրենց առաջարկներն ունեն: Մասնավորապես երեկ ԵՊՀ-ի դիմաց հերթական դասադուլի ժամանակ Դավիթ Պետրոսյանը ընթերցեց իրենց հայտարարությունը, որով նախ դատապարտեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորների քայլը:

Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի չորս անդամներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, դժգոհության առիթ դարձած օրինագիծը քննարկելու նպատակով նոյեմբերի 10-ի գիշերայի նիստին էին հրավիրել՝ ծածկադմփոց անելու համար: «Մենք գտնում ենք, որ նման վարքագիծը հարիր չէ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի հանձնաժողովին», – նշեցին նրանք, ապա օրինագծի շուրջ կապված իրենց առաջարկները ներկայացրին:
Մասնավորապես նրանք առաջարկում են անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ՝ տաղանդաշատ ուսանողներին տարկետում տրամադրելու համար։ «Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձեւավորվի իրական հետազոտությունների հիման վրա, տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը եւ 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել։

Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում եւ մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձեւավորված տարկետման տեղերը: Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈՒ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:
Հավելենք, որ երեկ ԵՊՀ-ի դիմաց այս տեքստն ընթերցելուց հետո ուսանողները շրջել են տարբեր ԲՈՒՀ-երով, փորձել զրուցել ուսանողների, դասախոսական անձնակազմի հետ, այնուհետեւ ակցիան ավարտել Կոնսերվատորիայի այգում: Նախաձեռնության անդամները ծրագրում են հետագա անելիքները, խոստանում են, որ կլինեն անակնկալներ:

Նշենք նաև, որ այսօր արդեն ուսանողներից 5 ԵՊՀ դասասենյակներից մեկում հացադուլ են հայտարարել և ասում են, որ մինչև իրենց պահանջները չբավարարվեն դռները չեն բացի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս