ՖՈՏՈ. Ծառերի բռնաբարությունը շարունակվում է, իշխանության սթափությունը` կաղում. Վաղարշյան 3 հասցեի հարակից տարածքում գիշերը ծառեր են արմատախիլ արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա ապրիլին Դավիթաշենում «Դելֆին» լողավազանին կից ծառերը հատվել էին, ինչի համար պատասխանատվության էր կանչվել քաղաքացի Ալեքսան Սամսոնյանը:

Ավելի ուշ մասնագետներն այլ եզրակացություն էին արել` ծառերը չեն հատվել, դրանք էտվել են և կարճ ժամանակ անց կրկին վերականգնվելու են և կանաչեն:

Սակայն այս եզրակացությունը չխանգարեց, որ անչափահաս երեխաների հայրը  ձերբակալվի և անարգանքի սյունին գամվի: Ավելին, օրերս տեղեկություններ ստացվեցին, որ այդ ծառերը հիմնովին հանվել են, և դրանց փոխարեն եղևնիներ են տնկվել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարության հրամանով:

Իսկ որ ամենազարմանալին է` այս դեպքով իր խոսքն էր ասել անգամ Սերժ Սարգսյանը, թե ինքը վստահ է, որ այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Պարզվել է` չի եղել բարբարոսություն, իսկ իրապես բարբարոս դեպքերով որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, արդյունքում ծառահատման դեպքերը ողջ հանրապետության տարածքում ինտենսիվ շարունակվում են:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է դրանցից մեկը: Երևանի Վաղարշյան 3 հասցեում երեկոյան կային ծառեր, առավոտյան ինչ-որ «հրաշքով» դրանք անհետացան:

Ավտոլվացման կետի` միայն երեկոները իրականացվող շինաշխատանքները արագ ավարտվեցին: Օբյեկտի տերը, չգիտես ինչու, որոշեց, որ դրան կից ծառերը կխանգարեն իրեն և իր այցելուներին:

Ում թույլտվությամբ է սա կատարել և ով է հեղինակը, դեռևս պարզել չհաջողվեց, սակայն սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Արդյունքում ծառերի բռնաբարությունը շարունակվում է:




Լրահոս