Վանաձորում արտահերթ ընտրություններ կլինե՞ն

Վանաձորում արտահերթ ընտրություններ կլինե՞ն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր կստանա ՍԴ ամբողջական վճիռը, որով Վանաձորի ավագանու նիստերը ճանաչվել էին անվավեր: Վանաձորի ավագանու ընտրություններում ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե միայն այն ստանալուց, ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո կարող են խոսել հետագա անելիքների մասին: «Համենայնդեպս այնպես չէ, որ ՍԴ-ի որոշումը զուտ ԼՀԿ-ին է վերաբերում:

Պետական ատյաններն այստեղ բավականին լուրջ անելիքներ ունեն, եւ նաեւ պետք է հասկանալ, թե այդ վճռի հրապարակումից հետո ով իրեն ինչպես է պահում, եւ դրանից կախված արդեն մենք էլ մեր գործողությունները կպլանավորենք», – նշեց նա:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն արտահերթ ընտրությունների հիմքեր չեն տեսնում, Մարուքյանը նշեց. «Ընտրությունների հիմքերը շատ ակնհայտ են: Եթե նիստերն անվավեր են եղել, ապա ՏԻՄ օրենքի մյուս կետն է գործում, եթե վեց ամիս շարունակ նիստ չի գումարվում, ապա պետք է լուծարվի, եւ նոր ընտրություններ նշանակվեն: Դրանից ավելի ակնհայտ ձեւակերպում չեմ պատկերացնում: Իսկ ՀՀԿ-ականները չեն փայլում օրենքները պահպանելու մեջ եւ կրկին փորձ են անում արդարացնել իրենց գործողությունները»: