Երկու շաբաթ անց ԱԱԾ-ն արձագանքում է. ինչ է բացահայտվել հերոինի գործով

Երկու շաբաթ անց ԱԱԾ-ն արձագանքում է. ինչ է բացահայտվել հերոինի գործով

ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրությունից 13 օր անց ԱԱԾ-ն արձագանքեց 105 կգ հերոին ՀՀ ներմուծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին առնչվող, այդ թվում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներին:

Ըստ ԱԱԾ-ի՝ 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով հերոին տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է 204 բրիկետների մեջ, թաքցվել բեռնատարում, եւ գործով դեռեւս չպարզված, ազգությամբ քուրդ 3 անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան:

2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը եւ մտել Մեղրիի մաքսակետ, սակայն տեղափոխելու փորձը կանխվել է: Թրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրգործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ:

Նկատենք, որ ԱԱԾ-ն մինչ օրս չէր հրապարակել, թե ով է այն անձը, որին մեղադրանք է առաջադրվել, սակայն նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը գաղտնազերծել էր անձի ինքնությունը, վերջինս Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիին է:

Հավելենք, որ 2017թ. 9 ամիսների ընթացքում ԱԱԾ-ում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրգործեր, որոնցով առգրավվել են շուրջ 2 կգ հերոին, 14 կգ ափիոն եւ 3 կգ մետամֆետամին: Հարուցված քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրգործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: