Այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման, ո′չ բարոյական և ո′չ էլ իրավական. դիպլոմի վիճարկման հայցադիմումը աղմուկի նպատակով է արվում. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով 20 փաստաբանի հայցադիմումին` իր դիպլոմը չեղյալ համարելու հետ կապված, հայտնում է.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել Գլաձոր համալսարանի դեմ և վիճարկում են իմ դիպլոմի վավերականությունը:

Ցավում եմ, որ ատելությունը կարող է մի խումբ մարդկանց այնքան կուրացնել, որ նրանք պատրաստ են լինում կատարել ցանկացած բնույթի բացասական և անհեռատես քայլեր: Եվ ամենակարևորը, այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման, ոչ՝ բարոյական և ոչ էլ՝ իրավական: Այս մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ դրանով վարկաբեկում են մի բուհական հաստատության, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել: Բուհական հաստատություն, որը 1991 թվականից ստեղծել է հնարավորություն բազմաթիվ երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալ և իրենց տեղը գտնել այս կյանքում ու մշտապես պայքարել է իր բարի անվան համար:

Տիգրան Աթանեսյանը և համահայցվոր այլոք քաջ գիտակցում են, որ իրենց՝ իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված:

Հայցն անհիմն է, քանի որ 1994թ, 1995թ., 1996թ., 1997թ., 1998թ. և 1999թ. իմ ուսման ընթացքում 2 տարի զուգահեռ ծառայել եմ հայոց բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով՝ քննությունները և ստուգարքները հանձնելով՝ զորամասից ստացված կարճաժամկետ արձակուրդների հիման վրա (իրենք հանգիստ կարող են ՊՆ-ից և Գլաձոր համալսարանից դա ճշտել): 1999թ. ուսումնական տարվա ավարտին էլ հանձնել եմ որակավորման քննությունները և ստացել եմ դիպլոմս:

Հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ 1998թ. դիպլոմս ստանալու փաստը որևէ կերպ չէր կարող խախտել նրանց իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարությունում հայցվորն առնվազն պետք է ապացուցի «խախտված» իրավունքի առկայությունը (ակտիվ լեգիտիմացիա):

Տիգրան Աթանեսյանը և այլոք գիտակցում են, որ այս հայցադիմումը միայն աղմուկ է ապահովելու փաստաբանների պալատի շուրջ և հատկապես այն ժամանակ, երբ պետական որոշ մարմիններ փորձում են օրենքի միջոցով թուլացնել փաստաբանների անկախությունը, երբ փաստաբանների պալատը որոշ օրենսդրական նախաձեռնությունների դեմ կոնկրետ դիրքորոշում է ներկայացրել……:

Հայցվորներին «առաջնորդում է» Տիգրան Աթանեսյանը, որը դիմել է դատարան փաստաբանների պալատի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործողությունները վկայում են դրանց հեղինակների ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքի մասին:

ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՆՉ ԷԼ ԱՆԵՔ, ԴՈՒՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԵՔ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է:

Թեմայի շուրջ այսքանը, իսկ այս նախաձեռնության ուղղորդողին և հովանավորներին (այդ թվում՝ մեդիահովանավորներին) կհասցնեմ անդրադառնալ…..:

Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ փաստաբաններ, պաշտոնատար անձինք և պատգամավորներ 1991-1999թթ. ժամանակահատվածում նույն եղանակով համատեղել են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ»:




Լրահոս