ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս բյուջեն օրվա խնդիր է լուծում, չունի հեռանկարային ծրագիր. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

-Պարո՛ն Սարգսյան, 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին ընդառաջ կնշե՞ք Ձեր հիմնական մտահոգությունները: Ինչպիսի՞ բյուջե ենք ունենալու:

– Իմ կարծիքով՝ այս բյուջեն օրվա խնդիր է լուծում, չունի հեռանկարային ծրագիր, չունի որեւէ ամբիցիա, բացարձակ առանց դրայվի ու շատ բնական է: Երեք-չորս ամիս հետո նորից նոր վարչապետ է գալու, նորից նոր բյուջեով, ու այնպիսի բան են բերել, որը քննարկման նյութ են ցանկանում դարձնել: Ընդ որում, բյուջեի սկզբնական մասն այդքան երկար գրելն ուղղակի անհեթեթ եւ անիմաստ է, ով է այդքանը կարդալու: Այս իմաստով բազմաթիվ խնդիրներ կան բոլոր ոլորտների, բոլոր ուղղությունների առումով, դրանց անպայման կանդրադառնամ ելույթում:

-Այս բյուջեի նախագծով սովորական քաղաքացին իր մաշկի վրա որեւէ դրական փոփոխություն կարո՞ղ է զգալ: Տեսնում ենք, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բնական գնաճ լինում է:

-Փորձում են պարոն Արամյանի տնտեսագիտական գիտելիքներն օգտագործելով՝ ներկայացնել, քանի որ արեւ օրեր են լինում, այդ օրերի բարիքը պետք է հավաքես, դնես գործի մեջ, որ հետագայում դա շահույթ բերի, որ ոչ արեւ օրերին կարողանաս կիրառել: Այդ ենթատեքստում, եթե իրենք հիմա տեսնում են, որ արեւ է, չարաչար սխալված են, դա այդպես չէ: Եթե նույնիսկ այդ գումարը վերցնում ես, ո՞ր ուղղության վրա ես դնում, որպեսզի հինգ տարի հետո ռեալ եկամուտ բերի, չկա նման բան այս բյուջեում: Այսինքն՝ պրակտիկ փորձ չունեցող մարդու, որեւէ առաջիկա ամբիցիա դրած, որեւէ ոլորտ զարգացնելու առաջնահերթությունը նշող, պետության գերկարեւոր ոլորտները գնահատող որեւէ քայլ ես չեմ տեսնում: Մասնավորապես կարող եմ մի փաստը բացել, իմ կարծիքով մեր երկրի համար թիվ մեկ կարեւոր հարստությունը մարդն է՝ իր մտավոր ունակությամբ: Փոքր երկրները պետք է փորձեն լուծել համամարդկային խնդիրներ, իմ եղբայր Վազգենն այդպես էր մտածում: Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է ոչ միայն Հայաստանի խնդիրները լուծել, այլ նաեւ համամարդկային խնդիրներ լուծել: Ու ինչ ենք անում մենք այդ առումով, այդ մարդուն … նայե՛ք այդ բյուջեում գիտությանը տված հատկացումները, նայեք «Լույս» հիմնադրամով Սերժ Սարգսյանի ֆոնդից ինչքան գումարներ է տարվում տաս-տասներկու ուսանողի, որից ութը չի վերադառնում, նրանք էլ պետք է ՀՀԿ դառնան, որ գիտնական դառնան: Համար մեկ ռեսուրսի առումով այս բյուջեում որեւէ բան չկա: Հայաստանն ուրիշ շատ ռեսուրսներ էլ ունի, որով պիտի ձեւավորվեն պետական եկամուտները, եւ այս ռեսուրսների առումով էլի քայլեր չկան, բայց այդ ռեսուրսներն արդեն կբացեմ ԱԺ դահլիճում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս