Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի վերջնական տեքստի շուրջ ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների մասով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի վերջնական տեքստի շուրջ ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների մասով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ, Հայաստանը եւ Ադրբեջանն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր եզրեր գտնել, եւ բանաձեւը հայտնվել է փակուղում: Բացի ԼՂ խնդրի վերաբերյալ մեկ պարբերությունից՝ հռչակագրի տեքստի շուրջ համաձայնություն կայացել է կողմերի, այդ թվում` ԵՄ անդամ 28 երկրների դեսպանների միջեւ:

Նկատենք՝ առաջին դեպքը չէ, երբ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայքար է ընթանում: 2015թ. գագաթնաժողովից առաջ եւս ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների շուրջ խնդիր էր ծագել: Բայց այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը լքել էր դահլիճը, այնուհետեւ հռչակագրի` ԼՂ խնդրին վերաբերող պարբերության հետ կապված ներկայացնելով առարկություններ: Բայց այս անգամ ադրբեջանական կողմը որոշել է մասնակցել բանակցություններին ու ամեն գնով իրենն առաջ տանել:

Ու նկատենք` ԼՂ խնդրի առկայությունը, դրա հետեւանքով` ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակասությունները խոչընդոտ են դարձել միջազգային տարբեր հարթակների գործունեության համար: Թերեւս այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը հիմա էլ ավելի մեծ ակտիվություն է փորձում ցուցաբերել խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ /ի դեպ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ երեկ ընդունել է, որ գործընթացում ակտիվություն է սկսվել/:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պայմանավորվել են, որ դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում կանցկացնեն Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Երեկ տարածած հայտարարության մեջ նրանք նշել են, թե պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ:

Բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սերգեյ Լավրովի` Երեւան եւ Բաքու այցից առաջ հայտարարել է, թե ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման եւ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում: «Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում առաջնահերթ հարցերից մեկն է»,- ասել է նա: Համաձայնեք, հետաքրքիր վիճակ է:




Լրահոս