ԲՈՅԿՈՏԵ՞Լ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին. 52 համայնքում ընտրում էին ղեկավար, 54-ում` ավագանու անդամ: Որակական առումով այս ընտրություններն առանձնապես չտարբերվեցին նախորդներից. որտեղ մեծ էր մրցակցությունը, մեծ էր նաեւ լարվածությունը, հատկապես խոշորացված համայնքներում: Կրկին մինչեւ քվեարկության օրը «փողի գետեր» էին հոսել:

Կրկին եղան խախտումների, մասնավորապես կրկնաքվեարկության փորձեր. իրավապահներն արդեն ընթացք են տվել այդ մասին ահազանգերին: Արդյունքները եւս առանձնապես անակնկալ չէին. 52 համայնքից 38-ում հաղթել են իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, 2-ական համայնքներում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ 10 համայնքում ղեկավար են դարձել անկուսակցականներ: Ընդ որում, անկուսակցականների մի մասին ներքին կարգով սատարում էր ՀՀԿ-ն կամ ՀՀԿ թեւերից որեւէ մեկը: Ու չի բացառվում, որ կարճ ժամանակ անց անկուսակցական համայնքապետերը համալրեն ՀՀԿ շարքերը, եւ իշխանություններին կծառայեն նույն ջանասիրությամբ, նույն եռանդով, ինչ իրենց նախորդները:
Բայց վերջին ՏԻՄ ընտրություններում ամենահետաքրքիրը մասնակցության ցուցանիշն էր: Ընդհանուր առմամբ 69 համայնքներում ընտրություններին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցողների 50 տոկոսը: Ճիշտ է՝ մի շարք համայնքներում մասնակցության ցուցանիշը գերազանցել է 70 տոկոսը, բայց ավելի շատ են եղել համայնքները, որտեղ մասնակիցների թիվը չի գերազանցել 30-40 տոկոսը: Իսկ սա, թերեւս, խոսում է մի կողմից ընտրությունների նկատմամբ հասարակության անտարբերության, մյուս կողմից` տեղական ինքնակառավարման ինստիտուտի նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին: Սա հատկապես գյուղական համայնքներում եւ հատկապես ավագանու ընտրությունների պարագայում: Նկատենք, որ նոր Սահմանադրությամբ ավագանու անդամները շատ ավելի մեծ լիազորություն ունեն, քան համայնքի ղեկավարը. վերջինս ընդամենը ավագանու որոշումները կատարող անձ է: Բայց չնայած դրան՝ Հայաստանում չեն գիտակցում ավագանու ինստիտուտի դերը, մանավանդ գյուղական համայնքներում:
Օրինակ՝ Արագածոտնի Սասունիկ գյուղում 2 հազար 522 ընտրողից մասնակցել է 389-ը` 15.4 տոկոսը: Ու սա այն դեպքում, երբ Սասունիկում անցկացվել են ավագանու ընտրություններ, առաջադրված է եղել 9 թեկնածու: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում էլ մասնակցել է ընտրողների 17.6 տոկոսը. 3 հազար 392 ընտրողից քվեարկության է գնացել 599 հոգի. այստեղ եւս անցակցվել են ավագանու ընտրություններ, եւ առաջադրված է եղել 9 թեկնածու: Այսինքն՝ չնայած առաջադրված է եղել միանգամից 9 թեկնածու, բայց եւ վերջիններս շահագրգռված չեն եղել շատ ձայն ստանալու հարցում, քանի որ այսպես, թե այնպես իրենք մեկ ձայն ստանալով էլ համարվելու էին ընտրված:
Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում մասնակցությունը 26.9 տոկոս է կազմել. 130 ընտրողից տեղամաս է գնացել 35-ը. եղել է 6 թեկնածու, որից մեկը նույնիսկ զրո ձայն է ստացել, այսինքն` ինքն անգամ իրեն չի ընտրել: Իսկ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում 424 ընտրողից մասնակցել է 96-ը, մինչդեռ առաջադրված է եղել 5 թեկնածու: Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
Բայց այս ընտրություններում ամենաինտրիգային պատկերն արձանագրվել է Արտաշատ քաղաքում, որտեղ անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ այն բանից հետո, երբ քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դարձավ ԱԺ պատգավոր: Ինչպես հայտնի է՝ Արտաշատը համարվում էր ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող քաղաքներից մեկը: Սակայն այս ընտրություններին Աբրահամյանները չխառնվեցին, ասում են` ամենաբարձր մակարդակով թույլ չեն տվել խառնվել: Արդյունքում` Աբրահամյանները թեկնածու չառաջադրեցին, բայց կազմակերպեցին խուլ բոյկոտ ընդդեմ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի: Բանն այն է, որ Արտաշատում քվեարկելու իրավունք ունեցող 21 հազար 600 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 4 հազար 782-ը` 22.1 տոկոսը, որից 4 հազար 571-ն իր ձայնը տվել է միակ թեկնածուին: Ասել է, թե արտաշատցիների 78 տոկոսն, այնուամենայնիվ, չի ընտրել իր քաղաքապետին: Նման պատկեր է նաեւ Արարատում, որտեղ մեկ թեկնածու էր` գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը, եւ 13 հազար 326 ընտրողից քվեարկության էր գնացել 4 հազար 239 հոգին` 31.8 տոկոսը, եւ կրկին մյուսները բոյկոտել են այս ընտրությունները: Այնպես որ, ՀՀԿ-ականների այս հաղթանակը դեռ լիարժեք հաղթանակ չէ, դրան գումարած ընտրությունների հանդեպ հասարակության անվստահությունը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է համայնքներին, որտեղ ընտրություններին մասնակցածների թիվը գերազանցել է 60-70 տոկոսը, ապա հիմնականում նման պատկեր գրանցվել է խոշորացած գյուղերում: Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու ընտրություններ էին, 5 հազար 5 ընտրողից մասնակցել է 3 հազար 855-ը` 77 տոկոսը: Մասնակցությունը բարձր է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում` նախկին Շորժա. 2 հազար 358 ընտրողից մասնակցել է 1768-ը` 74.9 տոկոսը, իսկ Լոռու մարզի Շնող համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին 3 հազար 161 ընտրողից մասնակցել է 2 հազար 350-ը 74.3 տոկոս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՌՈՍՏՈՄՅԱՆԸ ՀԵԳՆԵՑ
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները երեկ եւս ընթացան հայտնի սցենարով, երբ կարճ ժամանակ անց դահլիճը դատարկվեց, ու մնացին մի քանի պատգամավոր՝ ձեւական հարցուփորձ անելու համար: Երբ բյուջեի նախագիծը ներկայացնում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ դահլիճում ավելի շատ լրագրող կար, քան պատգամավորներ, ընդ որում՝ լրագրողներն ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները մի քանի անգամ գերազանցում էին պատգամավորների քանակին: Սպորտի նախարար Ռոստոմյանի աչքից դա չվրիպեց, եւ նա հասցրեց հեգնել. «Ճիշտն ասած՝ պատգամավորները շատ են, մի քիչ ավելի դժվար կլինի ներկայացնել»:

 

 

 

ՀԱՐՈՒՍՏ  ՉԻՆՈՎՆԻԿԸ
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն, անավարտ շինություններ եւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 25 հազար եվրո: Եւ սա այն դեպքում, երբ Մարգարյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը` 196 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 3.9 մլն դրամ:

 

 

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտվել համատիրությունների ղեկավարների կողմից չարաշահումների դրսեւորումները: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սեւան համատիրության կառավարիչ Սանասար Մհերյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սանասար Մհերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականից լինելով «Սեւան» համատիրության կառավարիչ, նույն համատիրության տեխնիկ Սիրանուշ Ավետիսյանի եւ հաշվապահ Հայատան Նազարյանի հետ 2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում, կազմել է «հավաքագրված գումարների վերաբերյալ» կեղծ ամփոփագրեր եւ այդ ճանապարհով հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիոն 220 հազար 822 դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սանասար Մհերյանից պարզել, թե արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանք, վերջինս ասաց. «Մարդու մեղքը ապացուցում է դատարանը, մարդը անմեղ է այնքան ժամանակ, մինչեւ վճիռ չլինի, հիմա մեղադրում են, չեն մեղադրում, ամեն ինչ կորոշի դատարանը»: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքված գումարները յուրացվում են. կես միլիոն դրամը հափշտակելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Վանաձոր քաղաքի Ուսանողական համատիրության տեսուչ Ալինա Ամիրխանյանը:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին եւ Անի Աբրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու նոյեմբերի 6-8 Երեւանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաեւ քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր:

 

 

 

ՊԱՐՏԱԴՐՎԱ՞Ծ ԵՆՔ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարց է ուղղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին. «Ոնց հասկանում եմ՝ բոլորը դժգոհ են այդ ավագ դպրոցներից, մենք պարտադրվա՞ծ ենք ավագ դպրոց ունենալ, որտեղ ոչ ոք չի գնում դպրոց»: Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանն ասել է, որ ավագ դպրոցը «High School»-ն է, որ աշխարհի տարբեր երկրներում կա. «Եթե տվյալ երկիրն իրեն համարում է կրթական երկիր, պետք է ունենա «High School»-ի գաղափարը: Ավագ դպրոցը հնարավորություն է տալիս երեխաների այն հատվածին, որոնք պատրաստվում են ստանալ բարձրագույն կրթություն: Մենք այդ ավագ դպրոցների ձեւը վերցրինք, հետո տվեցինք շենքային ամենավատ պայմաններ ունեցող դպրոցները, հետո դարձրեցինք 80 հազար աշակերտ ունեցող դպրոց, որը ենթակա չէ հոսքայինի, հետո կրեդիտ հասկացողությունը մոռացանք ու արդյունքում ստացանք այս վիճակը: Իհարկե, ավագ դպրոցն անհրաժեշտ է, բայց պետք է որակական լուրջ փոփոխություններ լինեն»,-ամփոփել է ԿԳ նախարարը:

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒ Է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի եւ աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը»: Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

 

 

 

ԿԴՅՈՒՐԱՑՎԻ
Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ գործարարների շփումը հեշտացնելու, հատկապես զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար շուտով դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը: «Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, Հայաստանում ազատականացրել ենք օդային տարածքը: Հնդկական ավիաընկերությունները կարող են չվերթներ իրականացնել Նյու Դելի-Երեւան ուղղությամբ, ինչպես նաեւ Երեւանից աշխարհի այլ մասեր: Մյուս կողմից՝ Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք՝ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար»,- ասել է Ս. Սարգսյանը:

 




Լրահոս