ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ՏԱՐԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դատավորների շուրջ աղմկահարույց դեպքերի եւ դատական համակարգում առկա խնդիրների շուրջ զրուցեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:

-Պարո՛ն Փոլադյան, նկատեցինք, որ վերջին շրջանում մի քանի դատավորներ Էրեբունի վարչական շրջանի դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Էրեբունու դատարան: Հիմա կալանավորների հարազատները բարձրաձայնում են հետեւյալ խնդրի մասին. այն գործերը որոնք, ենթադրենք, քննել է դատավոր Մակյանը, հիմա մակագրվել դատավոր Բեկթաշյանին: Եվ պետք է իրենց գործով մեկ ամիս առաջ վճիռ հրապարակվեր, բայց դատավորները դեռ պետք է նոր ծանոթանան իրենց գործին: Այսինքն՝ պետք է դեռ ամիսներով եւ տարիներով մնան կալանքի տակ, մինչեւ վճիռը հրապարակվի: Արդյո՞ք որեւէ դատավորի այս դատարանից այն դատարան տեղափոխելով՝ իրավիճակ է փոխվում:
-Խնդիրն իրոք մտահոգիչ է: Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը եւ այն անձանց մտահոգությունը, որոնց մասին Դուք խոսեցիք: Այսօր այլ տարբերակ, քան դատավորներին մեկ դատարանից մեկ այլ դատարան գործուղել, որպեսզի հավասարակշռությունը կարողանանք պահել, չունենք: Բայց դատական օրենսգրքի նախագիծը, որ այսօր դրված է շրջանառության մեջ, ամեն դեպքում Երեւանում նախատեսում է ունենալ մեկ ամբողջական ընդհանուր իրավասության դատարան: Եվ սա հնարավորություն է տալու՝ հավասարակշռելու բոլոր գործերը եւ դատավորներին հավասարաչափ գործեր բաժանելու: Եվ կարծում եմ՝ այս նորամուծության ընդունմամբ, եթե դատական օրենսգիրքը այս խմբագրությամբ եւ այս տեսքով դառնա սահմանադրական օրենք, Ձեր բարձրացրած խնդիրը կլուծվի, ու բոլորի մտահոգությունները կփարատվեն:
-Դատավորների ավելացման հետ կապված ի՞նչ կասեք: Ներկա պահին դատավորների թվի ավելացում նախատեսվո՞ւմ է:
-Ցավոք սրտի, դատավորների ավելացման գործընթաց սկսված չէ: Եթե խոսքը Ձեր նշած 3 հոգու մասին է, որ վարչական վերաքննիչ դատարանում նախատեսվում է ավելացնել, դա մենք ավելացնում ենք՝ ի հաշիվ մյուս դատարանի: Նախատեսվում է վարչական դատարանի դատավորների թիվը նվազեցնել 3-ով եւ այդ 3 հաստիքը տեղափոխել վարչական վերաքննիչ դատարան, որովհետեւ այդտեղ օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել դատակազմ ավելացնելու: Բանն այն է, որ այսօր ստացված վարչական գործերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննության են նշանակվում՝ առաջին նիստը 2019թ.: Այդ պատճառով նախատեսվել է, որ վարչական դատարանի 3 դատավորների հաստիք կրճատել, բնականաբար, եթե Ազգային Ժողովն ընդունի այդ օրենքը, քանի որ այս պահին գտնվում է իրենց քննարկման տիրույթում: Եթե ընդունվի, ապա վարչական վերաքննիչ դատարանում կունենան 3-րդ դատական կազմը, որը կգա օգնության մյուս երկու կազմին, եւ քաղաքացիների կողմից բերված բողոքները կքննարկվեն ավելի սեղմ եւ շուտ ժամկետներում:
-Պարո՛ն Փոլադյան, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը 2013 թվականին դատավորների կաշառքի սակագները հրապարակեց: Սակայն դատական համակարգն անտեսեց ՄԻՊ-ի այս գնահատականը: Բայց հիմա երբ կալանավորված դատավորների քրգործերում առկա թվերը համեմատում ենք նրա հրապարակած թվերի հետ, իրականությանը համապատասխանում է: Ի՞նչ է անում դատական համակարգը՝ դատավորների շրջանում կոռուպցիոն ռիսկերը գոնե նվազեցնելու համար:
-Մի քանի գործողություններ են կարատվել եւ պարբերաբար կատարվում դատական համակարգում Ձեր ասած կոռուպցիոն դրսեւորումների դեմ: Մեկ օրինակ ես կարող եմ բերել. Էլեկտրոնային մակագրության համակարգի ներդրմամբ նվազեցվեցին բավականին կոռուպցիոն ռիսկեր: Ինչո՞ւ, որովհետեւ դատարանների նախագահներն էին, օրինակ, մինչ 2011թ. մակագրում դատարաններում ստացված գործերը, իսկ Էլեկտրոնային մակագրության համակարգի ներդրմամբ ծրագիրն է բաշխում պատահականության սկզբունքով: Սա դիտարկվում է որպես առաջընթաց քայլ այս բնագավառում: ՀՀ արդարադատության ակադեմիայում պարբերաբար սեմինարներ են կազմակերպվում դատավորների համար, բնականաբար դատարանների խորհրդի նախագահների առաջարկով, որպեսզի դատավորների համար պարտադիր վերապատրաստման թեմաների մեջ ներառվեն կոռուպցիոն ռիսկերի բացառմանը վերաբերող հարցերը:
-Դասեր քաղո՞ւմ են:
-Համոզված եմ, այո՛:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՏՈՒԺՈՂԸ ՀԵՌԱՑԵ՞Լ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է Հայաստանից եւ նրա մտերիմներից շատերին անգամ չեն հայտնել, թե նա որ երկիր է գնացել:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ նրա սանիկը՝ Գագիկ Մոսինյանը, սպանվել էր: Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել 3 անձի նկատմամբ՝ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի:
Կրակոցներից մեկ շաբաթ անց Զովունի գյուղի մոտ հայտնաբերվեց Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվեցին Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը: Հայտնաբերումից անցել է 10 օր, սակայն նրանց տեղափոխումը դեռեւս չի իրականացվել: Իսկ ահա, ի պատասխան լրատվամիջոցների բարձրաձայնումներին, թե ինչու Հայաստան դեռես չեն տեղափոխվել վերոնշյալ անձինք, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին. «Սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերեւույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերով տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազություն»:
Ու մինչ Վրաստանի իրավապահները ՀՀ իրավապահների հետ համագործակցում են Բլբուլյանին եւ Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու գործընթացի հարցում, գործով տուժող Վահագն Աբգարյանի շուրջ այլ իրադարձություններ են ծավալվում:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Հայաստանից, եւ նրա մտերիմներից շատ քիչ մարդիկ գիտեն, թե նա որտեղ է գտնվում: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Աբգարյանի՝ Հայաստանից հեռանալը բավականին խորը արմատներ ունի, ասել է, թե Աբգարյանը «իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Նրա մտերիմների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ Աբգարյանը Հայաստանում չէր կարող մնալ, քանի որ նրան վտանգ էր սպառնում: Ավելին՝ նրան անգամ խորհուրդ են տվել Ռուսաստանի Դաշնություն չգնալ, քանի որ այնտեղ բոլորի «ձեռքերը հասնում են»:
Այսպիսով՝ մահափորձի ենթարկված Աբգարյանը լքել է երկիրը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԵՄ ԵՆ
Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Երջանիկ Ղազարյանը նշել է, որ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն առողջական խնդիրներ ունենալու պատճառով մեկնել է բուժման եւ խնդրել է իրեն ազատել առաջին քարտուղարի պաշտոնից. նրա խնդրանքը բավարարվել է: Որպես պաշտոնակատար նշանակվել է ինքը՝ Երջանիկ Ղազարյանը: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ նա ասել է, որ իրենք դեմ են այդ համաձայնագրի ստորագրմանը, քանի որ դա հայ ժողովրդին լավ բան չի տա: Նախքան նման համաձայնագրի ստորագրումը պետք է եվրոպական կենսամակարդակ ապահովել՝ բարձր կենսաթոշակներ, աշխատավարձ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Պարզվել են Հրազդան քաղաքի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից իր հայրական տանը: 2017թ. սեպտեմբերի 18-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող մեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց եւ գումար պահանջել: Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետեւ մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան: Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով եւ ավտոմեքենայով տեղափոխվել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել եւ թաքցրել դիերը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԵՊՈՅՈՒՄ
Երեկ 2 անձ փորձել են գողություն կատարել Գյումրիի դեպոյի տարածքից, դեպոյի աշխատակիցներից երկուսն էլ փորձել են կանխել, խափանել նրանց մտադրությունը: Այդ ընթացքում գողության եկած անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսը դանակի երկու հարված է հասցրել դեպոյի աշխատակիցներից մեկին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 3-րդ կետերով, կա ձերբակալված: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տուժողի մոտ առկա է ձախից երկու տեղով կտրած-ծակած վերքեր, վիճակը միջին ծանրության է: Վերջինիս հիվանդանոց էին տեղափոխել դեռ լույսը չբացված՝ ժամը 5-ին:

 




Լրահոս