Թրամփը ծաղրեց ԱՄՆ-ի առաջատարությունն առանց հակառակորդների էական ջանքերի․ նա չնկատեց իր իսկ վրիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի այցելությունը Արեւելյան Ասիա եւ շրջագայությունը մի շարք երկրներ կարծես միտված էր Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի հստակեցմանը: Թեպետ պաշտոնապես բանակցություններն ու գագաթնաժողովները գերազանցապես վերաբերում էին տնտեսական հիմնախնդիրներին, Հս. Կորեայի հարցը կարմիր թելով անցնում էր գրեթե բոլոր հանդիպումներում: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս խոսեց այդ մասին՝ նկատի ունենալով Չինաստանի ու Ռուսաստանի օգնությամբ ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ինչը այլեւս համամոլորակային անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով հնարավոր պատերազմի աղետալի հետեւանքները:

Թրամփի շրջագայությունն Ասիայում Հյուսիսային Կորեան նախընտրեց պաշտոնապես մեկնաբանել իբրեւ իրենց դեմ ռազմական մեծ կոալիցիայի նախաձեռնման ձախողված փորձ: Կորեական պաշտոնական քարոզչությունը ոչ միայն տապալված որակեց Թրամփի քաղաքականությունը, այլեւ անձնական վիրավորանքներ տեղաց ամերիկյան առաջնորդի նկատմամբ: Ըստ էության, կորեական պիտակները ծանր անդրադարձան Թրամփի էգոյի վրա՝ ստիպելով նրան անուղղակիորեն վիրավորել Կիմ Չեն Ընին:

Թրամփը հայտարարել էր, որ ինքը երբեք չի վիրավորի Ընին կարճահասակ ու գեր պիտակավորելու միջոցով: Միաժամանակ Թրամփը նախընտրել է քննադատել Հս. Կորեայի գաղափարական հիմնասյուները՝ իշխող ռեժիմն անվանելով բացարձակ բռնապետական, իսկ պետությունը՝ դժոխք: Դրանից հետո կորեական մամուլը մի նոր արշավանք սկսեց Թրամփի դեմ՝ նրան անվանելով ծեր մառազմատիկ, խաբեբա ու մարդկության կողմից մերժված մեկը: Ըստ նույն աղբյուրի՝ Թրամփը գործել է աններելի մեղք՝ վիրավորելով Հս. Կորեայի գերագույն առաջնորդությանը, ինչի համար արժանի է ամենախիստ պատժի: Այնուհետ կորեական պաշտոնական քարոզչությունը ԱՄՆ նախագահին որակել է իբրեւ «փողի ստրուկ», որը կորեական ժողովրդի կողմից մահապատժի է դատապարտված: Հս. Կորեան միաժամանակ վստահեցրել է, որ ամերիկյան կողմի հետագա նույնատիպ քաղաքականությունը, որն այդ երկրում ընկալվում է իբրեւ ագրեսիա, հանդիպելու է լուրջ դիմադրության՝ հանգելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կիրառությանը:

Այսօր մի շարք մասնագետներ փորձում են պարզել, թե ինչ հետեւանքներ կունենա Հս. Կորեայի կողմից ատոմային մարտագլխիկով հրթիռի արձակումը: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետների հաշվարկների՝ առնվազն Տոկիոյում եւ Սեուլում դրան զոհ կգնա շուրջ 2.1 մլն մարդ: Թեպետ կորեական պաշտոնական վարկածով իրենց տիրապետության տակ կա մոտ 100 մարտագլխիկ, սակայն արեւմտյան փորձագետները այդ թիվը իջեցնում են մինչեւ 25-ի: Եվ եթե Հս. Կորեան իր ողջ միջուկային արսենալը բաց թողնի Ճապոնիայի ու Հարավային Կորեայի վրա, յուրաքանչյուր մայրաքաղաքում շուրջ 4 միլիոն մարդ զոհ կգնա դրան: Թեպետ միջուկային հարվածային համակարգերը 100 տոկոս վստահություն չեն կարող երաշխավորել, առավել եւս, որ թե՛ Հվ. Կորեան, թե՛ Ճապոնիան հուսալի պաշտպանական համակարգեր են ձեռք բերել ԱՄՆ-ից, սակայն մեկ հրթիռի պայթյունն էլ բավական է՝ աղետի առաջ կանգնելու համար: Այդուամենայնիվ, հետաքրքիր է, որ միջուկային հարվածի մասին վերջին շրջանում էականորեն չի խոսվում՝ տեղը զիջելով քիմիական զենքի կիրառության հարցին: Անգամ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն է հայտարարել այն մասին, որ Հս. Կորեան ունի հրթիռները քիմիական մարտագլխիկներով զինելու պոտենցիալ: Այս առումով կաղում են նաեւ պաշտպանական մեխանիզմները, որոնք նվազ արդյունավետ են քիմիական զենքի հարվածները որսալու հարցում: Մասնագետները պնդում են, որ գործող համակարգերով հնարավոր է կանխել վտանգի սոսկ 50 տոկոսը: Այսպիսով՝ Հս. Կորեայի հարուցած սպառնալիքը ոչ միայն միջուկային բնույթի է, այլեւ քիմիական եւ չնայած վերջինս մասշտաբով անհամեմատելի է առաջինի հետ, սակայն պատճառված վնասի տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես ավելի նախընտրելի տարբերակ:

Հս. Կորեայի խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնում է համաշխարհային առաջնորդներին, որոնք, խուսափելով անկառավարելիության վտանգից, նախընտրել են զուսպ դիրքորոշում որդեգրել այդ երկրի ու առաջնորդի հանդեպ: Մինչդեռ ԱՄՆ 45-րդ նախագահին Հս. Կորեայի դեմ ագրեսիվ վարքագծն ավելի արդյունավետ էր թվում: Նա կարծում էր, թե իր սպառնալիքներից եթե ոչ Հս. Կորեան, ապա առնվազն Ռուսաստանն ու Չինաստանը կանհանգստանային ու կփորձեին լուծել խնդիրը իր փոխարեն: Թրամփին, սակայն, այստեղ հիասթափություն էր սպասում: Ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը որսացին նրա բլեֆը, այլեւ անգամ Հյուիսային Կորեան: Ահա թե որտեղ դրսեւորվեց նախագահի անփորձությունն ու գործնականում բացասական հետեւանք ունեցավ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:

Թրամփը, չնկատելով իր իսկ վրիպումը, միաժամանակ ահռելիորեն իջեցրեց թե՛ նախագահական խոսքի մակարդակը, թե՛ այդ խոսքի ու գործի հարաբերակցության նշաձողը, թե՛ որպես համաշխարհային թերեւս ամենակարեւոր խաղացողի ամերիկյան կարգավիճակը: Անպատկերացնելի է, որ նախկին նախագահներից որեւէ մեկը անձնական թշնամության մեջ մտներ օտար պետությունների ղեկավարների հետ՝ անձնական վիրավորանքներ հասցնելով: Այդկերպ նա ոչ միայն կնվազեցներ իր նախագահական խոսքի կարեւորությունը, այլեւ դրա աշխարհաքաղաքական ազդեցությունը: Ի վերջո, եթե նախագահն ինչ-որ գնահատական է հնչեցնում առավել եւս պաշտոնական միջոցառումների ժամանակ, դա պետության դիրքորոշումն է, իսկ Միացյալ Նահանգները չէր կարող այնքան խեղճանալ, որ անձնական բնույթի վիրավորանքները մնային իբրեւ պետության քաղաքականության վերջին հույսը: Թրամփին, փաստորեն, հաջողվեց ծանակել նաեւ տասնամյակների արդյունքում ձեւավորված ամերիկյան համաշխարհային առաջատարությունը առանց հակառակորդների էական ջանքերի:

Ն. Հովսեփյան




Լրահոս